Հանուն տեղեկացված քաղաքացու եւ ընտրողի

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ
ամբիոն եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտե հասարակական
կազմակերպությունների համատեղ ջանքերով 2008-ի փետրվարի 19-ի նախագահական
ընտրություններին ընդառաջ, ՀՀ քաղաքացիների տեղեկացվածությունը բարձրացնելու
նպատակով ստեղծվել է «Իրավական նախաձեռնություն. ընտրություններ 2008»-ը: Այս
նախաձեռնության նպատակն է քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական
խորհրդատվություն եւ պաշտպանություն: Հունվարի 15-մարտի 15 ժամանակահատվածում
կգործի հեռախոսային անվճար թեժ գիծ` 080-080-804: Ցանկացած քաղաքացի, այդ թվում
եւ`դիտորդ, վսհատված անձ, ընտրական հանձնաժողովի անդամ, այս համարով զանգելով կարող
է իրավաբանից սպառիչ պատասխան ստանալ ընտրություններին վերաբերող եւ իրեն հուզող
հարցերի վերաբերյալ: Իսկ բուն քվեարկության օրը ողջ հանրապետության տարածքում
շրջելու են 40 «Իրավական շտապ օգնության» մեքենաներ` իրավաբան, քաղաքացիական
ակտիվիստ, դիտորդ, ցանկության դեպքում` լրագրող անձնակազմով: Այս արագ արձագանքման
խմբերը թեժ գծով ստացված ահազանգերով կլինեն տեղերում եւ կապահովեն քաղաքացու
իրավունքների պաշտպանությունը:


«Իրավական նախաձեռնություն. ընտրություններ 2008»-ը նշված ՀԿ-ների առաջին նման
նախաձեռնությունը չէ: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ
իրագործվել է «Իրավական նախաձեռնություն. ընտրություններ 2007»-ը: «Իրավական
նախաձեռնություն. ընտրություններ 2007»-ի ընթացքում թեժ գծով ստացվել էր 242 զանգ,
որից 113-ը քվեարկության օրը: Զանգերի կեսը մարզերից էր:

«Իրավական նախաձեռնություն. ընտրություններ 2008»-ի նախաձեռնողները պատրաստ են
քաղաքացու ցանկության դեպքում նրա իրավունքների պաշտպանությունը ապահովել նաեւ
դատարաններում, ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ
«Իրավական նախաձեռնություն. ընտրություններ 2007»-ի եւ «Իրավական նախաձեռնություն.
ընտրություններ 2008»-ի շրջանակներում քաղաքացիներին տրամադրվող իրավական
օգնությունը անվճար է:



«Իրավական նախաձեռնություն. ընտրություններ 2007»-ի եւ «Իրավական նախաձեռնություն.
ընտրություններ 2008»-ի մասին առավել մանրամասն կարդացեք
Թեժ գիծ–2008
էջում։



ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008, հասարակական
կազմակերպությունների ցանցը չի հարում ոչ մի քաղաքական ուժի, չունի քաղաքական
նախասիրություններ և իր օժանդակությունը պատրաստ է հավասար պայմաններով տրամադրել
ՀՀ ցանկացած քաղաքացու և քաղաքական ուժի ` պահպանելով անաչառությունը, տրամադրվող
ծառայությունների որակը և քաղաքական չեզոքությունը: