NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ըստ Freedom House–ի օլիգարխների ակտիվացումը դրական չէ
Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցում
Հայաստանը արդեն 7-րդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքում:
Freedom House–ը նույն խմբում է դասել նաեւ Lեռնային Ղարաբաղը:
«Այս խմբում, որպես կանոն, ընդգրկվում են այն պետությունները, որտեղ քաղաքացիական
ազատություններն ու մարդկանց քաղաքական իրավունքները լիովին չեն ապահովվում, տիրում
է կոռուպցիոն մթնոլորտ, իրավական պետությանը բնորոշ ատրիբուտները թույլ են, ձեւական
բազմակարծության ֆոնին գերիխշում է քաղաքական մեկ ուժ», - ասված է զեկույցում:
Freedom House-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը զեկույցի առթիվ
հայտարարել է. «2007 թվականին Հայաստանը որեւէ տպավորիչ փոփոխություն չի
իրականացրել, մենք դեռեւս շարունակում ենք տեսնել մի շարք էական խնդիրներ ու
մարտահրավերներ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ
կապված, եւ կարծում ենք, որ 2008 թվականի փետրվարին նախատեսված նախագահական
ընտրությունները լուրջ փորձություն են լինելու երկրի համար։ Մենք շարունակում ենք
խիստ սահմանափակ առաջընթաց արձանագրել խոսքի ազատության եւ քաղաքականության մեջ`
քաղաքացիական հասարակության էական մասնակցության առումով»:
Հայաստանի քաղաքական դաշտին բնորոշ առանձնահատկությունները ներկայացնելով, Քրիս
Ուոքերը առանձնացրել էր հատկապես օլիգարխների ակտիվացումը, ինչը, նրա բնորոշմամբ,
«դրական քայլ» չէր. «Այս առանձնահատկությունը դեռեւս շարունակում է բնորոշ մնալ
Հայաստանի քաղաքական դաշտի համար, եւ, անշուշտ, մենք հույս ունենք, որ փետրվարին
նախատեսված ընտրությունները կլինեն բաց, արդար եւ ազատ: Մենք ուշադրությամբ
հետեւելու ենք այդ ընտրություններին, եւ դրանք առանցքային տեղ են գրավելու
Հայաստանի վերաբերյալ հաջորդ տարվա զեկույցում։ Թեեւ 2007 թվականի խորհրդարանական
ընտրություններում միջազգային դիտորդները որոշ կարեւոր դրական քայլեր էին
արձանագրել, այդուամենայնիվ, դեռեւս զգալի քայլեր ու բարեփոխումներ են պետք
ընտրությունները իսկապես ազատ ու արդար անցկացնելու համար»:
Թուրքիան եւ Վրաստանը եւս դասվել են մասամբ ազատ երկրների խմբում: Սակայն Վրաստանը,
որը նախորդ տարի միջազգային կազմակերպության կողմից բնորոշվել էր որպես «ԱՊՀ-ի
համեմատաբար լուսավոր կետերից մեկը», այս անգամ մեկ կետով նահանջել է` թե’
քաղաքական իրավունքների, թե’ քաղաքական ազատությունների ցուցանիշներով: Ադրբեջանն
արդեն 4-րդ տարին անընդմեջ գնահատվում է որպես ոչ ազատ երկիր, ընդ որում` նահանջի
միտումով:
ԱՊՀ-ի պետություններից միայն Ուկրաինան է գնահատվել ազատ: Ուոքերի խոսքով`
«նարնջագույն հեղափոխությունից» հետո այդ երկրում մի շարք ընտրություններ են
անցկացվել, որոնք բոլորն էլ եղել են խաղաղ, մասնակիցները ընդունել են արդյունքները,
ինչը շատ հազվագյուտ երեւույթ է ԱՊՀ-ի տարածքում, որտեղ ընտրություններն ու
ընտրական գործընթացները ավելի հաճախ կառավարվելու ու մանիպուլյացիաների ենթարկվելու
միտում ունեն»:
Ընդհանուր առմամբ, ըստ Freedom House-ի, աշխարհում ազատ է 90 երկիր, 60-ը մասամբ
ազատ են, 43-ը` անազատ:
