NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Լեգիտիմ նախագահ 2008 շարժման հայտարարությունը
Հունվարի 25-ին հայտարարությամբ է հանդես եկել Լեգիտիմ նախագահ 2008 շարժման նախաձեռնող խումբը: Հայտարարությունը վերաբերում է նախագահի ընտրության օրինականությունն ապահովելու մասին իշխանության խոսքերին:
«Նախընտրական քարոզչության օրերին Սերժ Սարգսյանը փորձում է համոզել ՀՀ քաղաքացիներին եւ միջազգային հանրությանը, որ նախագահական ընտրությունները անցնելու են առանց զանգվածային ընտրակեղծիքների և ապօրինի ճնշումների: Դժվար է հավատալ նրա հավաստիացումներին: Եթե իշխող վարչախումբը իսկապես ուզենար ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպել, ապա նախ եւ առաջ պետք է վերացներ քաղաքական ահաբեկումների մթնոլորտը, որը նրա կողմից ձեւավորվել է անցած խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ: Մասնավորապես, այն ժամանակ, ցուցադրական ձերբակալությունների եւ քաղաքական դատավարությունների արդյունքում, ազատազրկվեցին նախ ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի ղեկավար Արման Բաբաջանյանը, իսկ հետո «Հայ Կամավորականների Համախմբման» ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը, որոնք հայտարարել էին ընտրակեղծիքները կանխելու իրենց վճռականության մասին: Ընտրություններին նախորդած կանխարգելիչ քաղաքական հետապնդումները ընտրողներին հուսահատեցնելու եւ «մեր դեմ խաղ չկա» համոզմունքը տարածելու նպատակ էին հետապնդում։Այն, որ մինչեւ օրս քաղբանտարկյալները մնում են անազատության մեջ, վկայում է առաջիկա նախագահի ընտրությունն իրականում ահաբեկության եւ զանգվածային կեղծիքների մթնոլորտում անցկացնելու իշխանական մտադրության մասին: Լեգիտիմ նախագահ 2008 շարժման նախաձեռնող խումբը համարում է, որ միայն Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Արման Բաբաջանյանի ազատ արձակումը կարող է վկայել, որ անկեղծ է նախագահի ընտրությունն ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելու մասին իշխանության հավաստիացումըե:
