NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատել են բազմաթիվ խախտումներով
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է 2006թ. և 2007թ. առաջին կիսամյակում դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկան և նշված բնագավառում օրինականության ապահովման վիճակը: Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում արձանագրվել են լուրջ խախտումներ և բացթողումներ: Անտեսվել են պատժի և դրա նպատակների վերաբերյալ՝ օրենսդրության սկզբունքները, ոչ միշտ է պատշաճ քննարկվել ազատվող դատապարտյալների անձը և այլ բնութագրող հատկանիշները: Մասնավորապես, իրական գնահատական չի տրվել պատժի կրման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծին, կատարած հանցագործության բնույթին ու հասարակական վտանգավորության աստիճանին, իր կատարած հանցագործությանը դատապարտյալի վերաբերմունքին և այլ հանգամանքներին։ Ընդհանուր առմամբ 2005-2007թթ. ընթացքում պատժից պայմանական վաղաժամկետ ազատված 2344 անձանցից հանրապետության առաջին ատյանի դատարանների կողմից նորից դատապարտվել են 285 մարդ կամ 12.2 տոկոսը, որը վկայում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում առկա՝ նկարագրված և այլ բնույթի թերությունների և բացթողումների մասին»,– սա մեջբերում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին տրամադրված տեղեկատվությունից։
Աղվան Հովսեփյանը տեղեկացրել է նաեւ, որ «մտահոգիչ է, որ քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման են ներկայացվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված, ուղղման և վերադաստիարակման ուղին չբռնած դատապարտյալներ: Այսպես, «Արթիկ» ՔԿՀ-ն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման է ներկայացրել նախկինում 7 անգամ դատված, 2004 թվականից գողության համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հայկ Ավետիսյանին՝ վերջինիս անհիմն դրական բնութագրմամբ: Հատկանշական է, որ Հ.Ավետիսյանի ազատման գործընթացը խափանվել է անկախ հանձնաժողովի բացասական որոշման արդյունքում: Նմանաբնույթ որոշումներ ՔԿՀ-ները կայացրել են Արմենակ Խաչատրյանին (նախկինում 6 անգամ դատաված, «Էրեբունի» ՔԿՀ, ), Արման Զաքոյանին (նախկինում 9 անգամ դատված, «Էրեբունի» ՔԿՀ), Ռոլանդ Մարտիրոսյանին (նախկինում 8 անգամ դատված) և մի շարք այլ արհեստավարժ հանցագործների ազատման հնարավորության վերաբերյալ»:
Դեպքերի մեծամասնությունում ՔԿՀ-ների անհիմն որոշումները չեն իրագործվել անկախ հանձնաժողովների կողմից հավանության չարժանանալու, ինչպես նաև դատաքննության ժամանակ դատախազի կարծիքը դատարանի կողմից հաշվի առնելու արդյունքում: Արձանագրվել են դեպքեր, երբ ՔԿՀ-ները դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը ձեռնարկել են գործող կարգի ակնհայտ խախտմամբ, այդ թվում՝ փորձելով շրջանցել անկախ հանձնաժողովում քննարկումը: Այսպես, Կարեն Հարությունյանը դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ և 258-րդ հոդվածներով: Անտեսելով, որ վերջինիս ազատման հարցը ենթկա է քննարկման անկախ հանձնաժողովում, գործը հանձնաժողով չի ուղարկվել և միջնորդություն է ներկայացվել դատարան, որը 2007թ. մայիսի 24-ին դատարանի կողմից վերադարձվել է՝ ապօրինի լինելու պատճառով:
Քրեակատարողական հիմնարկների գործունեության մեջ առկա բացթողումները, ազատման ոչ ենթակա դատապարտյալներին անհիմն դրական բնութագրելը հաճախ հանգեցնում է դատարանների կողմից ոչ հիմնավոր դատական ակտեր կայացնելուն:
Այսպես, Արամայիս Միրիբյանը և Վարդան Մուխսիխաչոյանը 1997թ. Հայաստանի Հարապետության նախկին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել են ազատազրկման 15 տարի ժամկետով: Վերջիններս հանցավոր խմբի կազմում, ԱԿՍ-74 ավտոմատներով, «Նագան» տեսակի ատրճանակով, խլացուցիչով, դանակով զինված, դիմակավորված, նախապես իմանալով, որ Գավառի Հացառատ թաղամասի բնակիչ Փայլակ Միքայելյանը գտնվում է Ռուսաստանում, իսկ տանը մնացել են նրա մայրը, կինը և անչափահաս երեխան, գիշերը կոտրելով վերջինիս տան մուտքի դռան փականը, ներխուժել են բնակարան, սպանելու դիտավորությամբ մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել Փ.Միքայելյանի մոր՝ Թ.Բախտիկյանի գլխին, պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք: Կարծելով, որ վերջինս մահացել է, բնակարանում գտնվող գումարի տեղը իմանալու նպատակով դանակով, մետաղյա ձողով և օղու շշով հարվածել Փ.Միքայելյանի կնոջը` Կ.Մխիթարյանին, պահանջելով 30.000 ԱՄՆ դոլար գումարը և համոզված լինելով, որ հայտնաբերված 50.000 ՌԴ ռուբլուց բացի բնակարանում այլ գումար չկա, առանձին դաժանությամբ, 5-ամյա երեխայի ներկայությամբ սպանել են վերջինիս և հեռացել դեպքի վայրից:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավորներ Ս.Մնոյան և Հ.Խաչատրյան), գտնելով, որ դատապարտյալներ Վ. Մուխսիխաչոյանը և Ա.Միրիբյանը իբր` ապացուցել են իրենց ուղղված լինելը և պատիժը ամբողջովին կրելու կարիք չունեն, 2007թ. օգոստոսի 27-ի որոշմամբ նրանց ազատել է պատժի հետագա կրումից:
Դատարանի վերոհիշյալ որոշումները դատախազության կողմից բողոքարկվել են վերաքննության կարգով, սակայն Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի 2007թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ (նախագահող դատավոր Ե.Դարբինյան), դրանք թողնվել են անփոփոխ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2007թ. նոյեմբերի 30-ի որոշումներով վճռաբեկ բողոքները բավարարվել են (զեկուցող դատավոր Ս.Օհանյան) և Վ.Մուխսիխաչոյանը և Ա.Միրիբյանը վերադարձվել են «Կոշ» քրեակատարողակա հիմնարկ՝ հետագա պատիժները կրելու համար:
Հրաչ Չալաբյանը 1999թ. ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը, ժամը 02-ի սահմաններում ավազակություն կատարելու նպատակով, նախապես համաձայնության գալով համագյուղացի անչափահաս Գառնիկ Քամալյանի հետ, նրան ներգրավելով հանցավոր գործունեության մեջ, գնացել է յոթանասունամյա Անգին Ղազարյանի տուն, ՌԴ-ում գտնվող որդուց լուր փոխանցելու պատրվակով, խաբեությամբ մուտք գործել վերջինիս բնակարան, հարվածել, վայր գցել նրան, պահանջել գումար, այնուհետև տանը եղած պղնձյա կաթսայով, մետաղյա ձողով և մուրճանման առարկայով, սպանելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Ղազարյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, առանձին դաժանությամբ և շահադիտական նպատակով սպանել նրան` հափշտակելով հեռուստացույցը, ձայնագրիչը և այլ կենցաղային առարկաներ, որից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել Ա.Ղազարյանի դիակը և դուրս եկել: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 1999թ. օգոստոսի 6-ի դատավճռով Հ.Չալաբյանը դատապարտվել է ազատազրկման 11 տարի ժամկետով:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր Ս.Մնոյան) քննելով «Կոշ» ՔԿՀ-ի միջնորդությունը դատապարտյալ Հ.Չալաբյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին, 2007թ. ապրիլի 23-ի որոշմամբ այն բավարարել է և Հ.Չալաբյանին ազատել 2 տարի 10 ամիս 5 օր ժամկետով պատիժը կրելուց:
Դատարանի վերոհիշյալ որոշումը դատախազության կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով և Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Ս.Ղազարյան) 2007թ. հունիսի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը հիմնավոր կերպով բավարարվել է:
Այնուհանդերձ, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, քննելով Հ.Չալաբյանի փաստաբանի վճռաբեկ բողոքը, 2007թ. հուլիսի 13-ի որոշմամբ վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշումը բեկանել է, որի արդյունքում Հ.Չալաբյանն, ազատվել է հետագա պատիժը կրելուց:
Վոլոդյա Պետրոսյանը Դոնարա Մամալյանին պարտքը չվերադարձնելու համար որոշել է սպանել նրան և այդ մտադրության մասին հայտնել Գևորգ Շարյանին: Հաջորդ օրը Դ.Մամալյանին ավտոկայան տեղափոխելու պատրվակով Գ.Շարյանը և Վ.Պետրոսյանը նրան նստեցրել են Վ.Պետրոսյանի ավտոմեքենան, ուղևորվել ավտոկայան, ճանապարհին կանգնեցրել ավտոմեքենան և ավտոմեքենայի մեջ նախապես դրված կացնի բութ մասով մի քանի անգամ հարվածելով Դ.Մամալյանի գլխին, սպանել նրան, որից հետո տուժողի պայուսակից հափշտակել 40.000 դրամ և 118 ԱՄՆ դոլար: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, վերջիններս տուժողի դիակը թաղել են ճանապարհի մոտակայքում:
Հայաստանի Հանրապետության նախկին Գերագույն դատարանի 1998թ. ապրիլի 2-ի դատավճռով Վ.Պետրոսյանը դատապարտվել է ազատազրկման 14 տարի ժամկետով:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը քննելով «Կոշ» ՔԿՀ-ի միջնորդությունը Վ.Պետրոսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ, 2007թ. ապրիլի 23-ի որոշմամբ այն բավարարել է (դատավոր Գ.Խաչատրյան) և Վ.Պետրոսյանին ազատել 3 տարի 10 ամիս 16 օր շուտ պատիժը կրելուց:
Դատարանի վերոհիշյալ որոշումը դատախազության կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով, սակայն Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի 2007թ. հունիսի 20-ի որոշմամբ բողոքը չի բավարարվել և Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007թ. ապրիլի 23-ի որոշումը թողնվել է անփոփոխ (նախագահող դատավոր Ա.Հովհաննիսյան):
Դատախազության կողմից բերված վճռաբեկ բողոքը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2007թ. սեպտեմբերի 13-ի որոշմամբ վերադարձվել է:
2006թ. սեպտեմբերի 26-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկը միջնորդել է Ա.Հարությունյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու: 2006թ. հոկտեմբերի 12-ին անկախ հանձնաժողովը չի բավարարել վարչակազմի որոշումը:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2006թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ մերժվել է դատապարտյալ Աշոտ Հարությունյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի միջնորդությունը՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին: Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Ա.Հարությունյանի ազատման հարցը հավանության չի արժանացել անկախ հանձնաժողովի կողմից, 2007թ. մարտի 14-ի որոշմամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումը և Ա.Հարությունյանին ազատել հետագա պատիժը կրելուց:
Վերոգրյալի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2007թ. հունիսի 1-ի որոշմամբ բավարարվել է, վերաքննիչ դատարանի նշված որոշումը բեկանվել է և որոշվել է Ա.Հարությունյանին վերադարձնել քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրելու համար:
Վճռաբեկ դատարանի որոշումը ի կատար չի ածվել, քանի որ Ա.Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ:
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում առկա խախտումները կրում են ոչ միայն ձևական և ընթացակարգային բնույթ, այլև վկայում են, որ գործնականում հաճախ զգալի թվով դատապարտյալներ պատիժը կրելուց ազատվելով, շարունակում են իրենց, հաճախ՝ մասնագիտական հիմքի վրա դրված հանցավոր գործունեությունը:
Այսպես, Արայիկ Սիմոնյանը 7 անգամ դատապարտված լինելով հափշտակությունների համար, 4 անգամ պատիժը կրելուց ազատվել է պայմանական վաղաժամկետ, 2003թ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, 2006թ. հուլիսի 20-ին պատիժը կրելուց ազատվել է պայմանական վաղաժամկետ և նույն թվականի դեկտեմբերի 2-ին կատարել է նոր հափշտակություն:
Պետրոս Մեսրոպյանը (նախկինում 5 անգամ դատված) Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2005թ. մարտի 9-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, 8 ամիս անց՝ 2005թ. նոյեմբերի 1-ին պատիժը կրելուց ազատվել է պայմանական վաղաժամկետ, 2006թ. կատարել է գողություն:
Ռոբերտ Բադալյանը (նախկինում 8 անգամ դատված՝ հափշտակություններ կատարելու համար) 2004թ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով ազատազրկման 3 տարի ժամկետով, նույն թվականի նոյեմբերի 18-ին պատիժը կրելուց ազատվել է պայմանական վաղաժամկետ, 2006թ. կատարել է նոր գողություն:
Գագիկ Խանոսյանը (նախկինում 9 անգամ դատված) 2003թ. մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով, պատիժը կրելուց ազատվել է պայմանական վաղաժամկետ և 2006թ. կատարել 5 գողություններ:
Սամվել Հարությունյանը (նախկինում 9 անգամ դատված) 2003թ. նոյեմբերի 20-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի 3-րդ կետով ազատազրկման 2 տարի ժամկետով: 2004թ. մայիսի 14-ին պատիժը կրելուց ազատվել է պայմանական վաղաժամկետ 9 ամիս 6 օր չկրած մասով: Ազատվելուց հետո կատարել է 15 բնակարանային գողություններ:
Մարտուն Սարգսյանը նախկինում 4 անգամ դատապարտված լինելով տարբեր տեսակի հափշտակությունների համար, վերջին անգամ նոր հանցագործությունը կատարել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո 2 ամիս անց, Արտաշես Ղայթանջյանը նախկինում դատապարտված լինելով 4 անգամ, վերջին հանցագործությունը կատարել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո 20 օր անց, Ալեքսանդր Քոլոզյանը՝ 2 ամիս անց, Հովհաննես Դարբինյանը՝ 1 ամիս անց և այլն:
