NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը մտահոգիչ է
Ամերիկայի միացյալ նահանգների պետական դեպարտամենտը հրապարակել է մարդու
իրավունքների մասին 2007 թվականի զեկույցը: Հայաստանին վերաբերող մասը 31 էջ է եւ
բավականին մտահոգիչ տեղեկություններ է պարունակում:
Հենց սկզբից զեկույցի հեղինակները արձանագրում են, որ Հայաստանում մարդու
իրավունքների ոլորտում դեռ լրջագույն խնդիրներ կան եւ այս ոլորտում կառավարության
ջանքերը թույլ են, հետո մանրամասնում են. երկրի քաղաքացիները չեն կարողանում
ազատորեն փոխել իրենց կառավարությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու
ոստիկանությունը գործում են անպատիժ, ձերբակալված եւ կալանավորված քաղաքացիներին
ծեծում են, մարդիկ ձերբակալվում կամ կալանավորվում են կամայականորեն, կանանց
նկատմամբ բռնությունը դեռ լուրջ խնդիր է:
Ըստ զեկույցի, ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող
կառույցների տեղեկությունների համաձայն, բանակում արձանագրված ինքնասպանություններն
իրականում սպանություններ են:
Զեկույցում անդրադարձ կա ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության շենքում մահացած Լեւոն
Գուլյանի գործին, Լոռվա մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությանը: Արձանագրված
է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված տեղեկությունների համաձայն,
մեկուսարանում գնտվող անձնանց նկատմամբ բռնություններ են կիրառվում: Պետդեպի
զեկույցում նշված է, որ երկու գործարարների նկատմամբ արդարացման դատավճիռ
հրապարակած դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:
ԱՄՆ Պետդեպը արձանագրում է նաեւ, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկների
պայմանները հեռու են գոհացուցիչ լինելուց, չնայած իշխանությունները սկսել են
նորոգել որոշ շենքեր: Զեկույցում դրական է քայլ է համարվում ՔԿՀ-ներում հասարակական
դիտորդների խումբ ձեւավորելը, սակայն նաեւ արձանագրվում է, որ իշխանությունների
հասցեին քննադատական հաշվետվություն ներկայացնելուց հետո երկու դիտորդ արժանացել են
ոստիկանության կոպիտ վերաբերմունքին:
Զեկույցում մի բաժին վերնագրված է «Քաղաքական բանտարկյալներ»:
Այս բաժնում խոսվում է Վարդան Մալխասյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Արման Բաբաջանյանի,
Ալեքսանդր Արզումանյանի մասին: Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ մարդու
իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցները դատապարտել են այս
անձանց ազատազրկումը, իսկ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը
համարել ընտրություններից առաջ ընդդիմությանը վախեցնելու համար արված քայլ:
ԱՄՆ-ում գիտեն, որ Հայաստանում գործող թերթերը տպաքանակները խիստ սահմանափակ են իսկ
14 հեռուստա եւ 42 ռադիոընկերությունները կամ իշխանամետ գործիչների կամ
իշխանավորների հետ սերտ կապեր ունեցող գործարարների սեփականությունն են եւ
հաղորդում են հիմնականում իշխանություններին ձեռնտու տեղեկություններ: Հանրային
հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերում իշխանությունների մասին որեւէ
քննադատություն չկա. նշված է զեկույցում: Զեկույցի ԶԼՄ-ների վերաբերող մասում
հիշատակվում են լրագրողների նկատմամբ բռնությունների փաստերը` Նիկոլ Փաշինյան,
Շողեր Մաթեւոսյան, Գոհար Վեզիրյան, Գագիկ Շամշյան եւ Գյումրիի ԳԱԼԱ
հեռուստաընկերության նկատմամբ ճնշումները: Նշվում է, որ Ա1+ անկախ
հեռուստաընկերությունը դեռ եթեր չունի: Առանձին խոսվում է լրագրող Հովհաննես
Գալաջյանի վրա հարձակումների մասին եւ արձանագրվում, որ թեեւ ամեն հարձակումից հետո
քննություն է իրականացվել, սակայն առայսօր կամակերպիչներ, իրականացնողներ չեն
հայտնաբերվել:
ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշված է որ կոռուպցիան դեռ լուրջ խնդիր է ու թեեւ
հայկական օրենքներով կոռուպցիան եւ կաշառակերությունը քրեորեն պատժվող արարքներ են,
սակայն կառավարությունը օրենքը արդյունավետ չի կիրառում, շատ պաշտոնատար անձինք
անպատժելիորեն զբաղված են կոռուպցիայով, կոռուպցիա կա բոլոր հարթություններում եւ
բոլոր ոլորտներում:
Ըստ զեկույցի հեղինակների, հայկական մի շարք ՀԿ-ներ` Քաղաքացիական հասարակության
ինստիտուտ, Հելսինկյան ասոցիացիա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Բաց
հասարակության ինստիտուտ եւ այլք աշխատել են հանրային կյանքի տարբեր ոլորտներում եւ
առաջարկներ ներկայացրել կառավարությանը: Կառավարությունն ընդունել է դրանց մի մասը,
մասնավորաբար` սոցիալական բարեկեցության եւ կրթության վերաբերյալ առաջարկները:
Ամերիկայի միացյալ նահանգների պետական դեպարտամենտը մարդու իրավունքների մասին
2007 թվականի զեկույցը ամբողջությամբ.
անգլերեն:
