NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
Այժմ, երբ առավել քան երբեւէ խորանում է հայ ժողովրդի եւ նրա իշխանության միջեւ առկա անջրպետը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել ազգային վերափոխման իմաստալից ու մշտատեւ մի գործընթացի, որը պետք է կյանքի կոչվի ոչ թե ընդդեմ, այլ հանուն վերջին ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը լրջորեն ցնցած բոլոր իրադարձությունների լիարժեք եւ խիզախ իմաստավորման:
Փետրվարի 19-ը` ընտրությունների օրը, նշանավորվեց քաղաքացիական կամքի բացահայտ ու համատարած անտեսմամբ: Դրա անքակտելի մասը դարձան նախորդած քարոզարշավն ու հաջորդած դեպքերը, մասնավորաբար` մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարումները: Քարոզարշավը զգալիորեն անհավասար էր լրատվամիջոցներ ազատ մուտքի հնարավորության եւ անաչառ լուսաբանման առումով: Մի շարք դեպքերում աշխատում էր ընտրակաշառքը, այլ դեպքերում` հարկադրական ընտրական գործողությունները` վարչական լծակների չարաշահումը, մեծիմասամբ հատվածապաշտական նկրտումներով պետական միջոցների օգտագործումը: Այսպիսով, նախքան ընտրությունների անցկացումը դրանց հետ կապված գործընթացներն արդեն իսկ առանձնանում էին նախապաշարված բնույթով:
Քվեարկության օրը էական ու համակարգային խախտումներ գրանցվեցին ողջ հանրապետությունում, որոնք էլ լրջագույն հետեւանքներ ունեցան ընտրակարգի որակական պատշաճության եւ բուն ընտրությունների իրական քանակական արդյունքի արտացոլման վրա: Այսպիսի բան ժողովրդավարական կառավարությունների առկայության պայմաններում չի լինում:
Ժողովրդավար իշխանություններն ուժ չեն կիրառում սեփական քաղաքացիներին հալածելու համար: Հայաստանի հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարներ հավաքվել էին Ազատության հրապարակում` վիճարկելու ընտրությունների անցկացման կարգն ու պաշտոնական արդյունքները: Այն փաստը, որ ցույցի մասնակիցների թիվն աճեց եւ դա, անկասկած, իշխանություններին խիստ անհանգստություն պատճառեց, բնավ չի արդարացնում վիճարկողներին ճնշելու նրանց գործողությունները: Մարտի 1-ին ՀՀ գործող նախագահը` բավարար օրինական հիմք չունենալով, հայտարարեց արտակարգ դրություն: Սա ծնեց, ի խախտումն քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների ազգային ու միջազգային բոլոր նորմերի, ինչպես նաեւ համընդհանուր ժողովրդավարական էթիկայի, խոսքի ու լրատվության ազատության, ազատ հավաքվելու եւ պետության կողմից չարտոնված քաղաքական թռուցիկներ տարածելու իրավունքների խստիվ սահմանափակում: Հայաստանի մասին հաղորդում պատրաստած միջազգային հեռարձակողներն ընդհատվեցին սեւ էկրաններով եւ/կամ արհեստականորեն տեղադրված գովազդներով: Կայքէջեր մուտքն արգելվեց, եւ ռադիոկայանների հաղորդումները չհեռարձակվեցին, ինչն արվում էր հայրենի կառավարության եւ միջազգային հանրության գործողություններից մեր ժողովրդին անտեղյակ պահելու նպատակով: Այս ամենը, ցավոք սրտի, հիշեցնում է խորհրդային դարաշրջանը:
Ըստ էության, մարտի 1-ի առավոտից մինչեւ նույն օրվա ուշ գիշեր իշխանությունները սկսեցին համակարգված հարձակում գործել իրենց իսկ համաքաղաքացիների վրա, իսկ «պրոֆեսիոնալ» սադրիչները բորբոքեցին հավաքվածների կրքերը` իրավապահներին եւ այլոց տալով բռնություններ կատարելու պատրվակ: Ազատությունը ոտնահարվեց, եւ ըստ պաշտոնական տեղեկատվության, յոթ քաղաքացիական անձ եւ մեկ ոստիկան սպանվեցին, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, եւ բոլորը զրկվեցին մարդու` իրենց հիմնարար իրավունքներից: Այնինչ եթե Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին վաղ առավոտյան բռնի կերպով չցրեին, ապա այդ գիշերվա ազգային ողբերգությունը տեղի չէր ունենա:
Ցուցարարները` մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած բռնարարքի արդյունքում զրկվելով իրենց ձայնից, սկսեցին չհետեւել իրենց ղեկավարներին: Անվտանգության «սպասավորները», այդ թվում նաեւ տարբեր համազգեստ հագած, դիմակավոր մարդիկ ամեն օր ձերբակալում-տանում էին եւ ցայսօր էլ տանում են ընդդիմության ներկայացուցիչներին ու շարքային մասնակիցներին, անգամ տարածքում պատահաբար հայտնված քաղաքացիների, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում տարաբնույթ շինծու մեղադրանքներից մինչեւ պետական հեղաշրջման կազմակերպման փորձի համար: Ազգային ժողովի 4 պատգամավորների հանդեպ, ովքեր համարձակվեցին աջակցել ընդդիմության թեկնածուին, նույնպես մեղադրանք ներկայացվեց, եւ նրանք զրկվեցին անձեռնմխելիությունից: Իրականացված հատուկ գործողության եւ դրան հաջորդած արտակարգ իրավիճակի նպատակը հետեւյալն էր` փորձել հայ ժողովրդին վախեցնել եւ Սահմանադրական դատարանին զգուշացնել, որպեսզի վերջինս անկողմնակալ դատավճիռ կայացնելու տեսական մտադրություն անգամ չունենա: Գործի դրվեց բիրտ մարտավարություն, եւ իշխանության գոնե գերակա շրջանակը եւս մեկ անգամ վավեր համարեց փետրվարյան ընտրությունների իր համար ցանկալի արդյունքները:
Արտակարգ դրությունը տակավին ուժի մեջ է, եւ քաղաքացիները դեռ բանտում են` հաճախ ունենալով իրենց փաստաբաններին տեսակցելու սահմանափակ հնարավորություն: Իսկ լրատվամիջոցները, որոնց դերը կառավարական վարքի եւ կոռուպցիայի նկատմամբ տեղեկատվական վերահսկողություն իրականացնելն է, մղվել են կամ դեպի լուսանցք, կամ էլ` մեղսակցություն: Քաղաքական ձերբակալությունների ու կալանքների թիվն աճում է, ընդ որում` Գլխավոր դատախազության գործունեության սահմաններն ընդարձակվել են` ներառելով «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորների հարցաքննության հանգամանքը, ովքեր իրավակարգի պահապանների թեթեւ ձեռքով ու բաց հայտարարությամբ նաեւ հակաօրինաբար զրկվել են ձերբակալված քաղաքացիներին այցելելու իրավունքից եւ անբարո կերպով ենթարկվում են «պաշտոնական» զրպարտանքների:
Փետրվարի 19-ին ցուցաբերված անխղճությունը եւ դրա արդյունքների պաշտպանությանն ուղղված մարտի 1-ի դաժանությունը իրենց մեջ դեռեւս չլուծված հարցեր են պարունակում: Նախահարձակ եւ միակողմանի «հանրային իրազեկման» ուղղահայացով ուղեկցվող ոչ մի արտակարգ դրություն, որը հարթելու փոխարեն ավելի է խորացնում հանրության երկպառակտումը, չի կարող հանգեցնել պետության եւ ժողովրդի հավաքական հիշողության կորստին: Արտակարգ դրությունը պետք է անմիջապես վերացվի:
Այն, ինչի կարիքն ունի երկիրը եւ ինչը հույժ անհրաժեշտ է ժողովրդին, եւ նրա կառավարությունն այլեւս չի կարող հետաձգել` համարձակ ու նորովի ազգային բազմախոսությունն է: Համապետական այս առաքելության համար «Ժառանգություն» կուսակցությունը կշարունակի ըստամենայնի ծառայել Հայաստանի քաղաքացիական պահանջին եւ կօգտագործի իր ողջ ներուժը, իր վերջին ճիգը` հասնելու համար հասարակության ու նրա կառավարության, ինչպես նաեւ կառավարության ու իր իսկ անցյալի միջեւ հաշտեցմանը: Այդ նպատակով «Ժառանգությունը» կոչ է անում ազգային արժանապատիվ համերաշխության, բազմահատված հանրային ծրագրի կենսագործման, ակնհայտորեն քաղաքական բովանդակությամբ բանտարկյալների ազատ արձակման, մարտմեկյան ջարդի եւ դրա պատճառների ու հետեւանքների անհապաղ ու լիազոր հետաքննության, որի արդար եւ ամբողջական բացահայտումները կնպաստեն մեզանում ժողովրդավարության վերականգնմանը, ինչպեսեւ իրական մեղավորների պատժմանը եւ մամուլի ազատության հաստատմանը:
Հայոց արդի պատմության ամենավճռորոշ այս պահին միայն այսկերպ մենք կկարողանանք կենսակոչել ազգային փոխակերպումը, որը վաղուց պետք է կատարվեր, սակայն հիմա ուղղակի դարձել է անհետաձգելի հրամայական` հանուն Հայաստանի ու մեր ժողովրդի ապագայի:
