NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱՄՆ–ն կսպասի 100 օր
Այսօր Մամուլի ազգային ակումբում Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան գործերի ժամականավոր համատարմատար Ժոզեֆ Փենինգթոնը հայտարարեց, որ վերջին 17 տարում ԱՄՆ աջակցությունը Հայաստանին հիմնականում ուղղված է եղել ժողովրդավարության զարգացմանը` ընտրական գործընթացներ, անկախ մամուլի եւ քաղաքացիական հասարակության կայացում եւ այլն: Ու ամիջապես հավելեց, որ 17 տարում եղել են եւ հաջողություններ եւ թերացումներ, իսկ վերջին ամիսներին նկատվում են միայն թերացումներ: «Ներկայումս հարցեր կան Հայաստանի իշխանությունների ժողովրդավարական ուղով ընթանալու վերաբերյալ: Մենք ակնհայտորեն մտահոգություն ունեինք ընտրությունների անցկացման, ընտրության օրը եւ հետընտրական իրադարձությունների վերաբերյալ: Մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձությունները շատ մտահոգիչ են», արձանագրեց Ժոզեֆ Փենինգթոնը:
Լրագրողների հարցերի մեծ մասը վերաբերում էր անցած նախագահական ընտրություններին: ԱՄՆ-ը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքներից շեղումը կարող է հանգեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված 235 միլիոն դոլարի օգնության դադարեցմանը կամ սառեցմանը: Այս մտահոգությունների մասին պաշտոնական նամակով տեղեկացվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Սա արվել է ոչ թե սպառնալու, այլ Հայաստանի իշխանություններին ժողովրդավարական ուղի վերադառնալը խրախուսելու համար: Ժոզեֆ Փենինգթոնը կարծում է, մինչեւ մարտի 1-ն էլ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ ցուցանիշներն արդեն վատ միտումներ ունեին, մասնավորաբար` մամուլի ազատության, կոռուպցիայի, կառավարության գործունեության թափանցիկության եւ ժողովրդավարության ոլորտները:
Բայց մյուս կողմից, ԱՄՆ-ում կարծում են, որ արդարացի կլինի, Հայաստանի նոր վարչակազմին հնարավորություն տալ շտկել իրավիճակը, առավել եւս, որ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարություններում ԱՄՆ տեսնում է դեպի ժողովրդավարություն վերադարձ կատարելու քայլերի պատրաստակամություն: Իսկ եթե վիճակը չշկտվի, «Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի սառեցման հնարավորությունը իրական կլինի: Բայց սա այն չէ ինչ մենք ենք ուզում: Մենք ուզում ենք ծրագիրը շարունակել այն հիմքերով, որ սկզբում հայտարարվել են»: Ինչքան ժամանակ է ԱՄՆ հետեւելու ՀՀ նոր վարչակազմի քայլերին` հասկանալու համար ընտրված ուղին ներկա ռեպրեսի՞վն է, թե դեպի ժողովրդավարություն է տանում, հարցրեցինք Ժոզեֆ Փենինգթոնին: «Ճշգրիտ պատասխան չեմ կարող տալ: Ակնհայտորեն կան բացասական միտումներ, որ պետք է հակադարձվեն: Մենք դիտարկելու ենք նոր նախագահի սկզբնական փուլի միտումները: ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրությունից հետո շատ բան կարելի է եզրակացնել նրա պաշտոնավարման 100 օրից հետո: 100 օրը պահատական թիվ է, բայց ցույց է տալիս ինչ միտումներ են նկատվում», հայտարարեց բանախոսը:
Խոսելով մարտի մեկից, արտակարգ դրության 20 օրերից հետո համատարած ձերբակալությունների մասին, Ժոզեֆ Փենինգթոնը ասաց, որ նախ հարկ է հստակ տարանջատել նրանց, ովքեր թանալով-գողությամբ են զբաղվել եւ նրանց, ովքեր ձերբակալված են քաղաքական հայացքներ հայտնելու կամ երթերին մասնակցելու համար: Առաջին խումբը պետք է պատժվի, երկորդ խումբը չպետք է հայտնվի բանտում, կարծում է Ժոզեֆ Փենինգթոնը եւ նկատում. «ձերբակալությունների վերաբերյալ մենք մեր մտահոգությունը հայտնել ենք եւ հրապարակային եւ մասնավոր զրույցների ժամանակ: Մարդկանց բերման ենթարկելուց հետո բոլորին ազատ են արձակում, բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես դա կարող է կառուցողական քայլ համարվել: Դժվար է պատկերացնել, թե սրանով ինչի կարելի է հասնել բացի նրանից, որ մարդիկ ավելի վրդովված կլինեն ու լարվածությունը ավելի կմեծանա»: ՀՀ իրավապահները պատրաստակամ էին մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի հետաքննությանը միջազգային եւ օտարերկրյա կառույցների ներկայացուցիչների ներգրավել: ԱՄՆ-ին հետաքննությանը մասնակցելու խնդրանք չի ներկայացվել:
