NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ոստիկանությունն ընդդեմ Լեվոն Բարսեղյանի», «Լեվոն Բարսեղյանը ընդդեմ Ոստիկանության»
2008 թվականի ապրիլի 11-ին ժամը 15-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի շենքում կլսվեն «Ոստիկանությունն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի» եւ «Լեւոն Բարսեղյանը ընդդեմ Ոստիկանության» հայցերը։ Կլսվեն միացյալ ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում, հայտնի դատավոր Էդ.Նահապետյանի նախագահությամբ։
2008 թվականի մարտի 2-ին ցերեկը ժամը 12:25-ին Ոստիկանության Գյումրու քաղաքային
բաժին բերման էր ենթարկվել քաղաքացի Լեւոն Բարսեղյանը, այն բանի համար, որ նա
համարձակվել էր հայտնվել Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի` Թատերական հրապարակին
հարող մայթին:
Ոստիկանության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ
Հ.Քալաշյանը եւ Խ.Պետրոսյանը, որոնք բերման էին ենթարկել Լ.Բարսեղյանին, իրենց
զեկուցագրերում գրել են, թե, վերջինս Թատերական հրապարակ գալով, սկսել է կոչեր անել
հավաքված քաղաքացիներին` հավաքվել հարթակի մոտ հանրահավաքն սկսելու համար: Իրենք
զգուշացրել են Լ.Բարսեղյանին, թե հանրահավաքը իրազեկված չէ ու նախազգուշացրել են`
դադարեցնել կոչերը: Ըստ զեկուցագրերի, Լ.Բարսեղյանը չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին ու շարունակել է կոչերով դիմել հավաքվածներին: Ոստիկանները, ըստ այդ զեկուցագրերի, նորից են զգուշացրել վերջինիս, եւ քանի որ նա չի ենթարկվել, հրավիրել են նրան ոստիկանություն, եւ, ապա, քանի որ նա նորից չի ենթարկվել, նրան բերման են ենթարկել:
Ըստ Լ.Բարսեղյանի, ինքը մարտի 2-ին ժամը 12-ին այցելել է Գյումրու թատերական հրապարակ` զբոսնելու եւ մարդկանց հետ զրուցելու, բարեւել է մայթին հավաքված ոստիկաններին եւ փորձել է անցնել դեպի թատերական հրապարակ, որտեղ բացարձակապես ոչ
մի մարդ չի եղել այդ պահին: Ոստիկանության ՇՄ վարչության պետի տեղակալ Վ.Ն.Հարությունյանը հարձակվել է իր վրա, բռնել է բաճկոնի օձիքից, մի քանի անգամ քաշքշել է, ասելով ու գոռալով, թե չպիտի մտնի այդ տարածք, հրամայել է հեռանալ այդտեղից առանց բացատրություններ տալու կամ ներկայացնելու իր հրամանի օրինական
հիմքերը, այդ անելիս եղել է քաղաքացիական հագուստով, միայն իր խնդրանքից հետո ներկայացել է ու շարունակել է քաշքշել եւ հրել մայթից դեպի փողոցի երթեւեկելի մաս: Վ.Հարությունյանը, միաժամանակ գոռգոռացել է, թե բերման է ենթարկելու, ինչին Լ.Բարսեղյանը պատասխանել է թե, պատրաստ սպասում է, ենթարկե’ք: Չի ենթարկել,
Լ.Բարսեղյանը չի դիմադրել, կամ չի փախել այդ տարածքից: Տեսնելով, որ մայթին մի տարեց մարդ է ընկել (հրել են կամ կամ ինքնուրույն է ընկել), մի երիտասարդի հետ գրկել է այդ մարդուն, տարել հասցրել այգու անկյան պարսպին: Զանգել է Շտապ օգնության կայան, ներկայացել, օգնություն խնդրել, բացատրել վայրը: Ապա, լսելով բացականչություններ, թե վերեւում` իրեն քաշքշելու վայրում «կամերա են ջարդում»,
քայլելով վերադարձել է այնտեղ ու չի տեսել կոտրված տեսախցիկ: Այստեղ նորից Լ.Բարսեղյանի վրա է հարձակվել նույն Վ.Ն.Հարությունյանը, շարունակել առանց ոստիկանին պատշաճ բացատրությունների, գոռգոռալ «գնա’ ստեղից, չպիտի կանգնես ստեղ ... դու շատ վատ բան կենես (շատ վատ բան ես անում)», քաշքշել իրեն, նորից հրմշտել ու հրել դեպի փողոցի բանուկ` երթեւեկելի մաս, եւ նորից սպառնացել թե` բերման է
ենթարկելու: Լ.Բարսեղյանը նորից պատասխանել է, թե` «...ենթարկե’ք, մի’ հրեք, մի’
քաշքշեք», չի դիմադրել, չի խփել կամ վիրավորել որեւէ մեկին ու բազմիցս ասել է. «բերման
եք ենթարկում` ենթարկեք»: Վերջապես երկու երիտասարդ ոստիկաններ Ժիգուլի մեքենայով
նրան տեղափոխել են քաղաքային ոստիկանատուն, մեքենան նստել է կամավոր, իջել է
կամավոր: Այս ամենը Լ.Բարսեղյանը շարադրել է բացատրություն վերցնելու մասին
Արձանագրության մեջ, որ կազմվել է ոստիկանատանը, նրան բերման ենթարկելուց մոտ երեք
ժամ անց:
Մարտի 3-ին ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի
Հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Բադոյանը հայցով դիմել է
ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդ.Նահապետյանին հայցադիմումում գտել է, որ
Բարսեղյանը հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական
պահանջին չի ենթարկվել, ինչով կատարել է ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածով
նախատեսված զանցանք, ինչի համար դատարանից խնդրում է վարչական պատասխանատվության
ենթարկել Լ.Բարսեղյանին: Խոսքը 50.000 դրամ տուգանքի մասին է:
Մարտի 24-ին Լ.Բարսեղյանը հակընդդեմ հայցով դիմեց ՀՀ Վարչական դատարան: Հակընդեմ
հայցում մասնավորաբար ասվում է. «Չնայած այն հանգամանքին, որ հակընդդեմ պատասխանողի
կողմից ապացույց չի ներկայացվել իմ կողմից «կոչեր» կատարելու մասին, սակայն «հանրահավաքի
կոչեր» գործողությունը ՀՀ օրեւէ օրենքով արգելված արարք չի հանդիսանում, հետևաբար
պատժելի արարք չի հանդիսանում: Հակընդդեմ պատասխանողի այն պնդումը, թե
ոստիկանության աշխատակիցները ինձ ներկայացրել են օրինական պահանջ, որին ես չեմ
ենթարկվել, անհիմն է, քանի որ, ոչ ոք այդ թվում ոստիկանության ամենաբարձր կոչումով
աշխատակիցը լիազորություն կամ իրավունք չունի որևէ անձի ներկայացնել պահանջ, որը չի
բխում օրենքից: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պետական եւ
տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել
միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: ՀՀ
օրենսդրությունը, այդ թվում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, որեւէ դրույթ չի
պարունակում այն մասին, որ ոստիկանության աշխատակիցը իրավունք ունի քաղաքացուց
պահանջել հեռանալ ընդհանուր օգտագործման տարածքից: Հետեւաբար իմ նկատմամբ
ոստիկանության աշխատակիցների պահանջը Գյումրի քաղաքի Թատերական հրապարակից
հեռանալու վերաբերյալ, ակնհայտ անօրինական է»:
Հակընդդեմ հայցով խնդրվում է պատասխանող` ՀՀ Ոստիկանություն Շիրակի մարզային
վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի հայցը ընդդեմ Լ.Բարսեղյանի «վարչական
պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին» մերժել եւ Հակընդդեմ պատասխանող` ՀՀ
Ոստիկանություն Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի հետաքննության
բաժանմունքի պետի 02 մարտի 2008թ վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված
արձանագրությունը ճանաչել անվավեր:
Լ.Բարսեղյանը մտադիր է այս գործին առնչվող մի շարք անձանց վկայի կարգավիճակով
հրավիրել դատարան: Տեղի ունեցածի վերլուծությունը թույլ է տալիս Ժուռնալիստների «Ասպարեզ»
ակումբին հայտարարել, որ ոստիկանությանը մարտի 2-ին այդպես էլ չի հաջողվել սադրանքի
դրդել Լեւոն Բարսեղյանին, ինչը տեւական քաշքշուլներից հետո խիստ հավանական էր, եւ
արդարացիորեն կարող էր լինել որպես ինքնապաշտպանություն:
