NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գագիկ Ջհանգիրյանը եվ նրա փաստաբանները հայտարարություն են տարածել
ՀՀ նախագահի ընտրություններին առնչվող իրադարձությունների շրջանակներում, Ազատության հրապարակում Լեւոն Տեր–Պետրոսյանին սատարող ուժերի հանրահավաքում ելույթից հետո աշխատանքից ազաատվեց ապա կալանավորվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր՝ Վարդան Ջհանգիրյանը։ Ապիրլի 10-ին Գագիկ Ջհանգիրյանը հայտարարություն է արել.
«ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող հայտնի քրեական գործի շրջանակներում իմ և եղբորս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը իրավաբանության հետ որևէ առնչություն չունի և ինքնաբերաբար կրում է քաղաքական բնույթ:
Համաժողովրդական շարժման ընթացքում որպես Հայաստանի ապագայով մտահոգված հայ, գիտնական, դատախազ չէի կարող անմասն մնալ: Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից վավերացված միջազգային մի շարք նորմերով սահմանված խոսքի ազատության իրավունքից, հրապարակայինորեն արտահայտել եմ իմ կարծիքը, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Կարծիքս, շատերի նման, ծածուկ արտահայտելու փոխարեն, ընտրել եմ դա անելու հրապարակային ճանապարհը, համոզված լինելով իմ ասելիքի ճշմարտացիության մեջ: Իմ ողջ կենսագրության ընթացքում երբևէ չեմ նահանջել այս կամ այն հարցի վերաբերյալ իմ ունեցած և արտահայտած կարծիքներից: Այժմ էլ ոչ մի ճնշում կամ արգելք չի կարող ստիպել ինձ փոխելու տեսակետներս, առավել ևս հիմա, երբ կշեռքի նժարին դրված է Հայրենիքիս ապագան ու ճակատագիրը:
Կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին, ինչպես նաև քաղաքական հայացքների համար կալանավորված բոլոր անձանց լինել տոկուն, չընկրկել որևէ ուժի, որևէ ճնշման առջև:
Իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին: Որպես իրավաբան, ես ընտրել եմ պայաքարի իրավական ուղին: Թեև իմ և ձեր նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումները քաղաքական բնույթ են կրում, կարծում եմ մենք պետք է պայքարը շարունակենք իրավական հնարավոր բոլոր միջոցներով:
Արդարության և Ժողովրդավարության հաղթանակը Հայստանում անխուսափելի է:
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ»։
Նույն օրը հայտարարություն են տարածել նաեւ Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների փաստաբաններ Հովհաննես Գալյանը, Լուսինե Սահակյանը, Վաղարշակ Գևորգյանը։ Փաստաբանների հայտարարության մեջ նշված է, որ Գագիկ Ջհանգիրյանի «նշված ելույթից անմիջապես հետո Գ.Ջհանգիրյանի և նրա հարազատների նկատմամբ սկսվել են անօրինական հետապնդումներ զուգորդված ապօրինի գործողություններով: ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է ՀՀ Նախագահին Գ.Ջհանգիրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից, հաջորդ օրն իսկ` 23.02.2008թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, գործող օրենսդրության կոպիտ խախտումներով Գ.Ջհանգիրյանը ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից:
Միաժամանակ 23.02.2008թ. ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանգրով, առանց որևէ հիմնավորման Գ.Ջհանգիրյանը ապօրինի կերպով զրկվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ընդ որում նշված հրամանագրերն օրենքով սամանված կարգով առ այսօր Գ. Ջհանգիրյանին չեն հանձնվել, ինչը նշանակում է, որ հրամանագրերն ուժի մեջ չեն մտել եւ փաստորեն առ այսօր անազատության մեջ է գտնվում ոչ թե քաղաքացի Գ.Ջհանգիրյանը, այլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Գագիկ Ջհանգիրյանը»:
Ըստ փաստաբանների, ձերբակալության ընթացքում Գագիկ Ջհանգիրյանի, Վարդան Ջհանգիրյանի և նրանց ուղեկիցների կողմից անհնազանդության կամ դիմադրության փորձ չի եղել և նման իրավիճակում չէր էլ կարող լինել:
«Ոստիկանական օպերացիայի արդյունքում Վարդան Ջհանգիրյանը ստացել է մարմնական տարբեր, այդ թվում նաև հրազենային վնասվածքներ, որոնց պարագայում նա պետք է ճանաչվեր որպես տուժող: Սակայն դրա փոխարեն, արդեն իսկ սկսված ապօրինի հետապնդումների շրջանակում, ի սկզբանե նպատակ ունենալով ցանկացած գնով քրեական պատասխանատվության ենթարկել Գագիկ և Վարդան Ջհանգիրյաններին, որոշում է կայացվել Վարդան Ջհանգիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ՙԻշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը` կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՚) որպես կասկածյալ ձերբակալելու մասին: Դեպքի վայրից Գագիկ և Վարդան Ջհանգիրյանները, ինչպես նաև նրանց հետ եղած երկու անձինք ապօրինի բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության վարչական շենք:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ (6-րդ) վարչության վարչական շենք տեղափոխելուց անմիջապես հետո, շենքի առաջին հարկում հատուկ նշանակության ջոկատի երեք աշխատակիցներ հարձակվել են Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր վրա, ծեծի ենթարկել նրանց: Ծեծողների մեջ, ամենաակտիվը, եղել է Արման Հարությունյանը (երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ամուսինը):
Այսպիսով, ԿՀԴՊԳՎ աշխատակիցների անօրինական գործողությունների արդյունքում Գագիկ և Վարդան Ջհանգիրյանները ստացել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Իրեն ծեծի ենթարկելու և դրա հետևանքով մարմնական վնասվածքներ ունենալու մասին Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն, չնայած դրան, դատաբժշկական փորձաքննություն Գ.Ջհանգիրյանի նկատմամբ չի նշանակվել և այդ վնասվածքները պատշաճ չեն արձանագրվել: Ինչ վերաբերում է Վարդան Ջհանգիրյանին, ապա նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է այն պատճառով, որ նա ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ նա ստացել է միջին ծանրության բազմաթիվ (այդ թվում հրազենային) մարմնական վնասվածքներ:
Գտնում ենք, որ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանք ազատազրկվել և ենթարկվել են բռնությունների միմիայն 22.02.2008թ.-ին Ազատության հրապարակում Գագիկ Ջհանգիրյանի ունեցած ելույթի և արտահայտած կարծիքի համար:
Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային մի շարք նորմերով սահմանված խոսքի ազատության իրավունքից, Գագիկ Ջհանգիրյանը իրավունք ուներ ազատորեն, հրապարակային արտահայտել իր կարծիքը, որն էլ նա իրականացրել է: Գ.Ջհանգիրյանի կողմից իր կարծիքն արտահայտելու իրավունքից օգտվելու պատճառով, նրա և հարազատների նկատմամբ իրականացվող անօրինական հետապնդումներն ու բռնությունները հարիր չեն իրավական և ժողովրդավարական պետությանը, ինչպիսին` համաձայն ՀՀ Սահմանադրության, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:
Վերը նշված բոլոր հանգամանքները հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանները հանդիսանում են քաղբանտարկյալներ:
Հուսով ենք, որ Գագիկ Ջհանգիրյանի և նրա հարազատների նկատմամբ իրականացվող անօրինական ճնշումներն ու հետապնդումները կդադարեցվեն, Գագիկ և Վարդան Ջհանգիրյաններն անհապաղ ազատ կարձակվեն, իսկ նրանց նկատմամբ անօրինականություններ թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության»:
