NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գրաքննություն մամուլի ազատության օրը
Մամուլի ազատության օրը` մայիսի 3-ին տպարանից կրպակներ չի հասել «Հրապարակ» օրաթերթի հերթական համարը: Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց տեղի ունեցածի պատճառները:
«Համարում մի փոքրիկ տեղեկություն կար, մեր թերթի առաքիչ` Պրեսս Ստենդ կազմակերպության մասին: Գրել էինք, թե Սովռանո կազմակերպությունը մտադիր է գնել Խաչատուր Սուքիասյանին պատկանող Պարես Արմենիա ընկերությունը եւ բանակցություններ են ընթանում: Իսկ Սովռանոյի եւ Պրեսս Ստենդի տնօրենը նույն Արման Սոսի Սահակյանն է: Սովորական, շատ հավասարակշռված, առանց գնահատականների տեղեկատվությունն էր: Բայց առաքիչ ընկերության ղեկավարը որոշել է, որ մեր թերթի խմբաքանակը չպիտի գնա կրպակներ: Խոսեցի իր հետ եւ նա ասաց, այո չենք տարել: Պիտի կրպակներից հավաքեի, չեմ թողել ամբողջ տպաքանակը գնա: Մեր թերթի տպաքանակը 1500 օրինակ է, բայց հարցը քանակի մեջ չի: Առաքիչ կազմակերպությունը չարաշահում է իր ֆունկցիան: Նրա հետ մեր պայմանագրի համաձայն, նրանք պետք է թերթը կրպակ հասցնեն: Նրանք իրավունք չունեն գրաքննություն իրականացնեն, ծանոթանան թերթի բովանդակությանը եւ որոշեն թե թերթը պիտի գնա կրպակ, թե ոչ: Ստացվում է, որ մենք կարող ենք երկրի նախագահին, վարչապետին, իշխող կուսակցությանը քննադատել, բոլորին քննադատել, բացի իրացման կազմակերպության մասին ոչ մի բան գրել չենք կարող: Հնարավոր է, որ դատական գործընթաց սկսենք: Այս հարցին հստակ կպատասխանեմ իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո: Այդ լուրը նորից է տպագրվելու: Թող նորից առնեն ամբողջ տպաքանակը:
Երբ Պրեսս Ստենդը գնում էր Հայմամուլը ես ողջունեցի, հույս ունենալով որ երիտասարդներ կգան եւ այս բիզնեսում հարցերը կկարգավորվեն-կբարելավեն: Ստացվում է, որ խայտառակ իրավիճակում ենք հայտվել: Մեր գլխին նոր գրաքննիչ է հայտնել»:
Արմինե Օհանյանի խոսքին հավելենք, որ Պրեսս Ստենդի իրական սեփականատերը Սերժ Սարգսյանի փեսան է` Միքայել Մինասյանը:
