NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատաքննությունը ավարտվեց երկրորդ անգամ
Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր երկրորդ անգամ ավարտվեց 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության շենքում մահացած ՀՀ քաղաքացի Լեւոն Գուլյանի իրավահաջորդ Աշոտ Գուլյանի ներկայացուցիչների բողոքի վերաբերյալ գործի դատաքննությունը։ Մեկ անգամ այն ավարտվել էր 2008-ի ապրիլի 18-ին։
Սակայն դատավոր Գագիկ Ավետիսյանը վերսկսեց քննությունը, այդպես էլ չներկայացնելով իր որոշումը հիմնավորող մեկ պատճառ, ինչը օրենքի պահանջն է։ Լեւոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 12-ին ոստիկանություն է տարվել որպես վկա։ Ըստ ոստիկանության, նա փախուստի փորձ կատարելիս, ընկել է երկրորդ հարկից եւ մահացել։ Ըստ հարազատներին, նրան ոստիկանությունում ծեծել են։ Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը քննել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը եւ 2008 թվականի մարտի 19-ին կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Իսկ դատախազությունն էլ այս որոշման դեմ Լեւոն Գուլյանի իրավահաջորդների բողոքը մերժել էր ապրիլի 1-ին։ Հիմա հարազատները դատախազության որոշման դեմ բողոք են բերել դատարան։
Այսօրվա նիստին դատախազության ներկայացուցիչները չէին եկել։ Անցած նիստերի ժամանակ նրանք չէին կարողանում պատասխանել դատարանի հարցերին։ Օրինակ, թե ինչպես է պատահել, որ մոտ 90 կգ քաշով Լեւոն Գուլյանը երկորդ հարկի պատուհանից ընկնելիս խփվել է գազատար խողովակին եւ վնասվածքներ ստացել, իսկ խողովակը ոչ մի դեֆորմացիայի չի ստացել: Ոչ մի բան չի եղել անգամ խողովակը պատին ամրացնող դետալներին: Դատախազությունը պատասխան չուներ նաեւ հետեւյալ հարցին. ինչպես է պատահել, որ որ այն պատուհանի ապակու վրա, որտեղից, ըստ ոստիկանության ընկել է Լեւոն Գուլյանը, հայտաբերված ձեռքի ափի հետքի ինքնությունը առայսօր պարզված չէ: Պատուհանագոգին չկա Լեւոն Գուլյանի ոտնահետքը, կա ռեզինի թողած հետք պատուհանագոգի կողեզրին, այն էլ հակառակ ուղղությամբ է. պատուհանից ներս են եկել, դուրս չեն գնացել։ Առայսօր պարզ չէ, թե ոստիկանության Շենգավիթի բաժնում քննվող գործով վկա Լեւոն Գուլյանը ում ցուցումով, հրամանով կամ հրահանգով է տարվել ՀՀ ոստիկանության շենք։
Դատավոր Գագիկ Ավետիսյանը դատաքննությունը ավարտված համարելով, խոստացավ այս գործով վճիռը կարդալ հունիսի 6-ին։ Եթե չհասցնենք, կմնա հունիսի 21-ից հետո, վերջում վերապահում արեց նա։
