Երկու զեկույց ի վնաս Հայաստանի

Այսօր մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներ են հրապարակել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը եւ ԱՄՆ դեպարտամենտը: Երկուսում էլ Հայաստանի մասին բացասական գնահատականներ կան:

2007 թվականին Հայաստանում սահմանափակված էր հավաքների եւ խոսքի ազատությունը` արձանագրում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակած զեկույցում:

«Ստացվել են հավաստի տեղեկություններ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակելու մասին: Ընդդիմադիր կուսակցությունները հաղորդել են մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ օրինական ցույցերը խոչընդոտելու նպատակով վարչական բյուրոկրատիայի կողմից չարաշահումների մասին: Մայիսին եւ հոկտեմբերին ոստիկանությունը ուժ է կիրառել ընդդիմադիր կուսակցությունների խաղաղ ցույցերը ցրելու համար: Հոկտեմբերին թերթերի խմբագիրներ Նիկոլ Փաշինյանը եւ Շողեր Մաթեւոսյանը ձերբակալվեցին նախկին նախագահ, ընդդիմադիր Lեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների երթին մասնակցելուց հետո:

Դեկտեմբերի 13-ին «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան մոտ պայթյուն եղավ: Նույն ամսին Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ հետապնդումներ սկսվեցին իշխանությունների կողմից, երբ այդ հեռուստաընկերությունը հեռարձակեց Տեր-Պետրոսյանի ելույթները` չնայած դա չանելու զգուշացումներին»,-արձանագրված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Amnesty International-ը հիշատակել է նաեւ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ դատական հետապնդումները` նշելով, որ դրանք սկսվել են, երբ Շամշյանը հաղորդել է Նուբարաշենի համայնքապետի շրջապատի կողմից հարձակման ենթարկվելու մասին:

Անդրադառնալով մայիսին ոստիկանության շենքում Lեւոն Գուլյանի մահվան դեպքին` իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ տուժածի հարազատները չեն ընդունում իշխանությունների վարկածը, ըստ որի` նա մահացել է պատուհանից փախչելու փորձ կատարելիս:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2008 թվականի զեկույցում, նշված է, որ «մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի կառավարության գործունեությունը մնում է անբավարար»:

«2008 թվականի փետրվարի նախագահական ընտրությունները անցել են զգալի թերություններով»,-ընդգծում է Պետդեպարտամենտը` մատնանշելով, մասնավորապես, կառավարության թեկնածուի շահեկան դիրքը, քվեատուփերի լցոնման, ընտրակաշառքի, բազմակի քվեարկության, ընտրողների ահաբեկման, ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ ընդդիմության վստահված անձանց դեմ բռնությունների դեպքերը եւ ընտրողների կասկածելիորեն բարձր ակտիվությունը:

«Մարտի 1-ին կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց եւ ուժ կիրառեց` ցրելու համար ցուցարարների մեծ զանգվածը, սահմանափակելով մամուլի ազատությունն ու հավաքներ անցկացնելու իրավունքը, ձերբակալելով բազմաթիվ ցուցարարների: Ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների արդյունքում զոհվեց առնվազն 10 մարդ: Արտակարգ դրությունը վերացվեց մարտի 20-ին, սակայն քաղաքացիական ազատությունների սահմանափակումները մնում են ուժի մեջ` շնորհիվ հավաքների մասին նոր խիստ օրենքի, ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշումների եւ կառավարության ընդդիմախոսների շարունակվող ձերբակալությունների եւ ահաբեկումների:

Քաղաքացիները ի վիճակի չեն ազատորեն փոխել իրենց կառավարությունը; ծեծի են ենթարկվում նախնական կալանքի տակ գտնվողները; Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը գործում են անպատժելիորեն; իշխանությունները կամայական ձերբակալություններ եւ կալանավորումներ են իրականացնում; դատարանները մնում են գործադիր ճյուղի քաղաքական ճնշումների ազդեցության տակ; ազատազրկման վայրերում անառողջ պայմաններ են, թեեւ դրանք դանդաղորեն բարելավվում են; իշխանությունները սահմանափակումներ են մտցրել քաղաքացիների մասնավոր կյանքում, մամուլի եւ հավաքների ազատության նկատմամբ: Լրագրողները շարունակում են ինքնագրաքննություն կատարել, կառավարությունը եւ օրենքները սահմանափակում են կրոնի ազատությունը: Ուժեղ, համախմբված ջանքերով, Միացյալ Նահանգները եւ ոչ կառավարական կազմակերպությունները իրենց դերը ունեցան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը եթերում պահելու գործում»,- ասված է Պետդեպարտամենտի զեկույցում: