NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազատության հրապարակում հանրահավաքն անցկացվելու է
Համաժողովրդական շարժման անդամ Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակել է Համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարությունը հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի վերաբերյալ:
«Հաշվի առնելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի պահանջների նկատմամբ իշխանությունների ցինիկ արհամարհանքը, ինչպես նաեւ դրանց կատարման համար բանաձեւում նշված ժամկետի լրացումը, Համաժողովրդական շարժումը որոշել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել համահանրապետական հանրահավաք, որի ընթացքում կամփոփվի վերոհիշյալ պահանջների կատարման ընթացքը եւ կքննարկվեն ժողովրդի անելիքները երկրում հիմնարար ժողովրդավարական ազատությունների վերականգման ուղղությամբ։ Հասարակական կարգը պահպանելու եւ ծայրահեղական դրսեւորումները կանխելու նպատակով, Համաժողովրդական շարժումը իշխանություններին առաջարկում է նշանակել ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք շարժման ներկայացուցիչների հետ միասին, գտնվելով անմիջական շփման մեջ, կկարգավորեն հանրահավաքի բնականոն ընթացքը»:
Հանրահավաքի կազմակերպիչները դեռեւս չեն դիմել Երեւանի քաղաքապետարան` իրազեկելու միջոցառման անցկացման մասին:
Զուրաբյանը, այդուհանդերձ, ասաց, որ այդ կապակցությամբ լավատես է եւ կարծում է, որ իշխանությունները «գոնե այս իրազեկումը ի գիտություն կընդունեն եւ չեն մերժի հանրահավաքի անցկացումը: Հակառակ դեպքում, համաժողովրդական շարժումը ամեն դեպքում Ազատության հրապարակում հանրահավաքն անցկացնելու է: Եվ այդ դեպքում հնարավոր բոլոր զարգացումների ողջ պատասխանատվություն կընկնի իշխանությունների վրա»։
