NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Լավն է այն օմբուդսմենը, ումից դժգոհ են բոլորը
Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունք մարտյան իրադարձությունների
վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը արտահերթ զեկույցը
մեծ աղմուկ էր հանել: Այսօր այս զեկույցի վերաբերյալ լսումներ էին ՀՀ Ազգային
ժողովում: Առաջինը խոսեց Արմեն Հարությունյանը:
ՀՀ օմբուդսմենը հայտարարեց, որ զեկույցում ընդամենը հարցադրումներ են, որոնց
պատասխանները կարող են ձեւավորված ճգնաժամը հաղթահարելու միջոց լինել, սակայն այդ
հարցադրումներին պատասխանելու փոխարեն ՀՀ դատախազությունը եւ ՀՀ Արդարադատության
նախարարությունը ագրեսիվ, հարձակողական բնույթի առարկություններ են հրապարակել:
Արմեն Հարությունյանը հիշեցրեց իր զեկույցում ներկայացված մի շարք հարցեր. ինչու են
օգտագործվել հնացած հատուկ միջոցներ, որի արդյունքում երեք մարդ է զոհվել, ով է
ղեկավարել մարտի մեկի ոստիկանական գործողություններ, կան զոհեր, որոնց գլուխը
ջախջախված է, կան կադրեր որտեղ երեւում է, որ դիմակավոր մարդիկ կրակում են ժողովրդի
վրա եւ այլն:
Օմբուդսմենը հայտարարեց, որ դատախազությունը եւ արդարադատության նախարարությունը իր
զեկույցում ներկայացված փաստերը աղավաղել են, համապատասխանեցրել իրենց
քննադատությանը, ինչը անհանդուրժողականության եւս մեկ դրսեւորում է: Ըստ
օմբուդսմենի, իր զեկույցից դժգոհ են եւ ընդդիմությունը եւ իշխանությունը, ինչը
նշանակում է, որ ինքը լավ է աշխատել. եթե օմբուդսմենից բոլորը գոհ են, ուրեմն այդ
օմբուդսմենը լավ չի աշխատում: Արմեն Հարությունյանը հայտարարեց. «եթե
իշխանությունները շարժվում են ոչ ժողովրդավարական սկզբունքներով, ձեւավորում
միակենտրոն քաղաքական համակարգ, նրանք դատապարտված են ունենալ խզված
հարաբերություններ հասարակության հետ: Մարդու եւ քաղաքացու իրավունքները կարող են
երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում: Միայն այդ պայմաններում
է հնարավոր խուսափել հասարակության եւ պետության պառակտումից եւ ձեւավորել պետական
իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության վերահսկողության եւ վստահության
մթնոլորտ: Այն իշխանությունը, որը հաշվի չի առնում փոքրամասնության կարծիքը,
բացառում է փոքրամասնության հետ քննարկումների արդյունքում իր մոտեցումների
փոփոխության հնարավորությունը, սպառնում է նաեւ անհատի ազատություններին: Առանց
բազմակարծության գոյության չկա մարդու իրավունքների պաշտպանվածության միջավայր: Այս
տեսակետից առարկությունների ոճը ուղղված է հենց բազմակարծությանը եւ խոսքի
ազատությանը: Հայաստանում ձեւավորվել է քաղաքական համակարգում` միակենտրոն,
տնտեսական համակարգում` մենաշնորհային ռեժիմ: Ակնհայտ է, որ այս պայմաններում
վերանում է ժողովրդավարական իրավունքի կարեւորագույն սկզբունքը` չկան իրավունքներ
առանց պարտականությունների եւ չկան պարտականություններ առանց իրավունքների:
Իրավունքները կենտրոնանում են մարդկանց փոքրաթիվ խմբի ձեռքում, իսկ
պարտականությունները տարածվում են հասարակության մեծամասնության վրա»:
Ելույթ ունեցան նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՀՀ արդարադատության
նախարար Գեւորգ Դանիելյանը: Վերջիններս կրկնեցին այն ինչ գրել էին իրենց առարկություններում. պաշտպանը քաղաքական հայտարարություններ է արել եւ գերազանցել իր լիազորությունները: Թեեւ սրանից առաջ Արմեն Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ ինքը ընդամենը հարցեր է տալիս, չի հավակնում վերջին ատյանի ճշմարտություն ասողի դերին: Գլխավոր դատախազը իր ելույթում պատասխանեց Արմեն Հարությունյանի զեկույցում բարձրացրած «Ազատության հրապարակում տեղազննություն անցկացնելու օպերատիվ տեղեկություն ունեցել ե՞ք» հարցին: Օմբուդսմենն էլ հենց դա է ուզում, որ իր բոլոր հարցերին պատասխանեք, նկատեց լսումների մի մասնակից: Աղվան Հովսեփյանը նաեւ հերքեց Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չունի: Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ ոստիկանական զորքերը օգտագործվում են ՀՀ ոստիկանապետի հրամանով: «Հայկին փուռն են տալիս», նկատեց մեկ այլ մասնակից:
Ի դեպ, սովորաբար հանգիստ Աղվան Հովսեփյանը լսումների ժամանակ ակնհայտորեն լարված
եւ բարկացած էր:
Արմեն Հարությունյանի զեկույցն
ամբողջությամբ
