NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատախազությունը հենվեց բեկանված որոշման վրա
Այսօր Քրեականը գործերով ՀՀ Վերաքննիչ դատարանում, դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ սկսվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ որոշման դեմ ՀՀ դատախազության բողոքի դատաքննությունը:

Լեւոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 12-ին որպես վկա կանչվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, հետո տեղափոխվել ՀՀ ոստիկանության շենք: Ըստ ոստիկանության վկա Լեւոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել: Ըստ Գուլյանի հարազատնների, նրան ծեծել, խոշտանգել են ոստիկանները: Այս գործում շոշափվում են մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ: Լեւոն Գուլյանի գործը նախ քննել էր դատախազությունը, հետո` հատուկ քննչական ծառայությունը եւ 2008 թվականի մարտի 12-ին կարճել` հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ դատախազությունն էլ 2008 թվականի մարտի 26-ին մերժել էր Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը` վերսկսել գործի քննությունը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի հունիսի 6-ին բավարարեց գործի քննությունը վերսկսելու միջնորդությունը:
Դատախազության ներկայացուցիչ Զելիմ Թադեւոսյանը Վերաքննիչ դատարանում հայտարարեց, ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավորված չէ, ապացույցները խորությամբ չեն ուսումնասիրվել, հիմնավորումները պատճառաբանված չեն եւ չեն բխում գործի նյութերից։ Ըստ դատախազության ներկայացուցչի ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ ներկայացված հակասությունները էական չեն։
Իսկ ահա Լեւոն Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչները Հրայր Ղուկասյանը եւ Արամ Կարախանյանը հայտարարեցին, որ վերաքննիչ բողոք բերելու հիմնական պատճառը դատական սխալի առկայությունն է, իսկ դատախազությունը նման սխալի առկայություն որեւէ կերպ չի ներկայացնում։ Ըստ Հրայր Ղուկասյանի եւ Արամ Կարախանյանի դատախազության ներկայացուցիչը որպես հիմնավորում ներկայացրեց քրեական գործը կարճելու որոշման մեջ բերված տվյալները, այսինքն այն փաստաթղթի տվյալները, որոնք ընդահուր իրավասության դատարանը բեկանել է, ուրեմն ապացույցները անբավարար են։ Փաստաբանները վստահ են, որ այս գործով կա անձինք, որոնց հանցավոր գործողությունների արդյունքում վրա է հասել Լեւոն Գուլյանի մահը. «գործի նյութերը այդ անձնանց պարզորոշ ցույց են տալիս», համոզված են Լեւոն Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչները։
Դատարանը գործի նյութերին ծանոթանալու համար մինչեւ հուլիսի 21–ը ընդմիջում հայտարարեց։
Իսկ մինչ բերենք որոշ մեջբերումներ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումից, որը դատախազությունը համարում է չպատճառաբանված։
«նախաքննական մարմինը չի պարզել Լեւոն Գուլյանին եւ այլոց 2007 թվականի մայիսի 10-12–ը ընկած ժամանակահատվածում պարբերաբար նախ Շենգավիթի ոստիկանության բաժին, ապա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն տանելու եւ տեւական ժամանակ պահելու, նրանց հետ աշխատանքներ կատարելու ոստիկանության մարմինների գործողությունների իրավաչափության, օրինականության հարցը»,
«Անպատասխան է մնացել Լեւոն Գուլյանի կնոջ՝ Ջեմմա Գուլյանի դիմումը, որով նա պահանջել է իրեն բացատրել թե Շենգավիթի դատախազության վարույթում քննվող գործով վկան ինչպես է հայտվել ՔՀԳՎ–ում»,
«Վկաներ Մ.Գրիգորյանը, Հ.Մելքումյանը, տուժողի իրավահաջորդներ Ջեմմա Գուլյանը եւ Աշոտ Գուլյանը ցուցմունքներ է տվել, որ Լեւոն Գուլյանի նկատմամբ բռնություն է գործադրվել, նա պահվել է անազատության մեջ։ Նրանց ցուցմունքներին քննիչի եւ դատախազի որոշումներում իրավական գնահատական չի տրվել՝ չեն հերքվել կամ հաստատվել»,
«Չի ճշտվել, թե մինչեւ շտապ օգնության եւ քննիչի դեպքի վայր գալը ինչ միջոցներ են ձեռնարկվել եւ ձեռնարկվել են արդյոք դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ։ Փակվել, կնիքվել է արդյոք Գ.Թադեւոսյանի աշխատասենյակը, որտեղից, ըստ նախաքննական վարկածի փորձել է փախչել Լեւոն Գուլյանը, որքանով են պահպանվել իրեղեն ապացույցները, հետքերը»,
«Չի պարզվել, թե ինչպես է, որ դեպքի վայրում եղած խողովակների եւ այլ հնարավոր առարկաների վրա, ինչպես նաեւ Լեւոն Գուլյանի հագուստների, կոշիկների, ձեռքերի մատների եղունգների տակերի պարունակության մեջ ժանգի եւ խողովակի դեղին գույնի քսվածքներ եւ միկրոմասնիկներ չեն հայտնաբերվել»։
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման 4.5 էջով ներկայացված են գործին առնչված ոստիկանների ցուցմունքների հակասական հատվածները։
