NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տեղեկատվության տրամադրումը պարտականություն է և ոչ թե իրավունք
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, «Տնտեսական
իրավունքի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում (ծրագիրը իրականացվում է 2006
թվականի նոյեմբերից մինչ օրս), ստացել է մի շարք բողոքներ ՀՀ կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության վերաբերյալ։
Բողոքները մասնավորապես վերաբերել են սեփականության իրավունքի գրանցման անհիմն
մերժումներին, իրավունքի գրանցման ձգձգումներին, ինչպես նաև տեղեկությունների
տրամադրման վերաբերյալ դիմումներով տրված տեղեկությունների ոչ լիարժեք ամ խուսափող
լինելուն:
Օրինակ, քաղաքացին չորս անգամ դիմել է Կադաստրի Նոր Նորք համայնքի տարածքային
ստորաբաժանմանը՝ խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե ինչ հիմքերով է
բազմաբնակարան շենքի հիմնական մուտքը փակող ինքնակամ կառույցը ներառվել թիվ 309
բնակարանի կազմում, որպես բնակարանատիրոջ սեփականություն: Այս տեղեկատվությունը
տվյալ շենքի բնակիչներին անհրաժեշտ է շենքի ընդհանուր մուտքը փակող շինության
վերաբերյալ դատական վեճ սկսելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ հարցը մի քանի անգամ վերաձևակերպվել և ներկայացվել է
Կադաստրի Նոր Նորք համայնքի տարածքային ստորաբաժանմանը, (բոլոր դեպքերում էլ
քաղաքացին ստիպված է եղել տեղեկատվություն ստանալու համար վճարել պետտուրք)
այնուամենայնիվ քաղաքացուն տրվել են նույն անիմաստ, անորոշ, ոչինչ չասող
պատասխանները։
Մասնավորապես պատասխաններում ասվել է, որ 309 բնակարանին կից ինքնակամ ձևափոխումներ
չեն հաշվառվել և որևէ անօրինական կառույց չկա, այն դեպքում, որ տվյալ բնակարանի
սեփականության վկայականում ներառված է նաև շենքի ընդհանուր մուտքը փակող ինքնակամ
կառույցը:
Կադաստրի մարմնի նման պատասխանը բնականաբար անիմաստ է դարձնում ինքնակամ կառույցի
վերացման խնդիրը դատական կարգով վիճարկելը:
Մեկ այլ օրինակում քաղաքացին դիմել է Կադաստրի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը`
որպես ժառանգություն ստացած հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու
համար:
Կադաստրի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից քաղաքացու սեփականության
իրավունքի պետական գրանցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ տեղում առկա է
ինքնակամ զբաղեցված 11.5քմ հողատարածք մի կողմում, իսկ ընդհանուր տարածքից պակաս է
21.3քմ:
Նման անորոշ մերժումի պայմաններում, երբ չի ասված, թե - 11.5 քմ ինքնակամ
զբաղեցվածը, ում հողն է և 21.3 քմ պակասող հողատարածքն ում է անցել, դիմումատուն չի
կարող պաշտպանել իր իրավունքները:
Այս դեպքում կադաստրի մարմինը դիմումի կապակցությամբ պարտավոր էր կադաստրային գործի
տվյալներով ցույց տալ դիմումատույին հասանելիք հողամասի սահմանները, ինչպես նաև
այն, թե ում է անցել պակասող հողատարածքը, ում հողն է ինքնակամ զբաղեցված մասը:
Դիմումատույին պետք է գրավոր պարզաբանվեր, թե ինչ քայլեր պետք է կատարի իրավունքի
պետական գրանցման համար:
Նման դեպքերում կարծում ենք կարևոր է տեղեկատվության տրամադրման, իրավունքի
գրանցումը մերժելու հարցերով կադաստրի մարմինների գործողությունները կամ
անգործությունը քաղաքացիների կողմից ավելի հաճախակի դատական կարգով վիճարկելը, ինչը
կհանգեցնի այդ մարմինների պատասխանատվության բարձրացմանը:
Իրենց իրավունքների պաշտպանության հարցերում քաղաքացիների հետևողականությունը և
իրավական բոլոր հնարավորությունների օգտագործումն այն ճանապարհն է, որը կարող է
բացառել բյուրոկրատիզմը, քաշքշուկը և կոռուպցիան պետական մարմիններում: Այս առումով
արդյունավետ ենք համարում տարբեր հեռուստահաղորդումների, սեմինարների, դասընթացների
կազմակերպումը, որոնք ուղղված կլինեն իրավունքի պաշտպանության ձևերի ու մեթոդների
պարզաբանմանը:
Կարևորում ենք նաև նորաստեղծ վարչական դատարանների դերի ու նշանակության
պարզաբանումը, այն հնարավորությունների ներկայացումը, որոնք ստեղծվում են վարչական
դատարանների առկայությամբ:
