NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՄՀ-Հայաստանի պատասխան հայտարարությունը
Վերջերս մոտ 5 տասնյակ հասարակական կազմակերպություն հանդես էր եկել հայտարարությամբ եւ հրաժարվել մասնակցել ՀՄՀ-Հայաստան Շահառուների խորհրդի կազմի ընտրություններին: ՀՄՀ-Հայաստանը պատասխան հայտարարություն է տարածել.
«ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհուրդը (ՇԽ) ամփոփեց իր գործունեության ևս մեկ տարին: Խորհրդի ներկա կազմը, որը երկրորդն է ծրագրի մեկնարկից ի վեր, ընտրվել էր 2007 թվականի սեպտեմբերի 29-ին: Այսօր ՇԽ անդամները կզեկուցեն անցած մեկ տարում իրենց գործունեության և ձեռքբերումների մասին: ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի անունից, ես կցանկանայի երախտագիտություն հայտնել ՇԽ անդամներին անցած մեկ տարում ի շահ ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրենց ունեցած անձնական և մասնագիտական ներդրումների համար:
Անցած տարին մեզ համար չառանձնացավ իր դյուրինությամբ և պատճառներից մեկն այն էր, որ մենք պարտավոր էինք կենտրոնանալ խիստ կարևոր մի փուլի` շինարարության նախագծման և նախապատրաստման վրա, ինչը շատ կարևոր է շինարարության մեկնարկից առաջ ծրագրի Կառավարման մարմիններին և լայն հանրությանը ներկայացման տեսանկյունից: Երկրորդ, ինչպես Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձ, մենք նույնպես ստիպված էինք անցնել վերջին ամիսների քաղաքական իրադարձությունների միջով, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ ծրագրի ընթացքի վրա: Շահառուների խորհրդի անդամները երբեմն ստիպված էին լինում հավասարակշռել իրենց դիրքորոշումները` որպես ՇԽ անդամ և որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: ՀՄՀ-Հայաստանի թիմը, կիսում է ինչպես ՇԽ ձեռքբերումները, այնպես էլ դժվարությունները և դասեր ենք քաղում այդ ամենից: Մենք աշխատել ենք իբրև մեկ թիմ, որը գուցե հասարակական հայացքների տեսանկյունից այնքան էլ միակարծիք չէր, սակայն միահամուռ էր ՀՄՀ-Հայաստան ծրագրին ի շահ ուղղված ջանքերի տեսանկյունից:
Ինչպես ցանկացած այլ բնագավառում, այստեղ էլ առանցքային դերակատարում ունի մի այնպիսի բաղադրիչ, ինչպիսին է ՙուսուցման կորը՚, որը ծրագրի գործընթացների հետ զուգահեռ մանրամասն և շարունակական ուսումնասիրման կարիք ունի: Մենք`
Այսօր լավ առիթ է, որպեսզի ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը համառոտ անդրադառնա ծրագրի առաջընթացի ցուցանիշներին: Անցած երկու տարվա ընթացքում ՀՄՀ-Հայաստանը շարունակել է ծրագրի անխափան իրագործումը: 2008թ-ի օգոստոսին մենք շահագործման հանձնեցինք չորս համայնքներում կառուցված ներտնտեսային ոռոգման ցանցերը. Արարատում` Աբովյան, Արևշատ, Լանջազատ, Արմավիրում` Գրիբոյեդով համայնքներում – ընդհանուրը 4,5 կիլոմետր երկարությամբ, որոնք պետք է ծառայեն նշված համայնքների բնակիչների ոռոգման կարիքների բավարարմանը: 2008թ -ի վերջում ՀՄՀ-Հայաստանը լիովին պատրաստ կլինի ազդարարելու շինարարական մեծ փաթեթի սկիզբը, որը կմեկնարկի հաջորդ տարի, երբ ամբողջությամբ պատրաստ կլինեն ոռոգման և ճանապարհների նախագծերը: Գյուղական ճանապարհների մասով, 2008թ -ի դեկտեմբերին մենք լիովին կավարտենք Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի Գետափ-Աղին 24.5 կիլոմետրանոց հատվածի վերականգնումը: Հայաստանի կառավարության օժանդակությամբ և համաֆինանսավորմամբ, ՀՄՀ-Հայաստանը ստորագրեց շուրջ 300 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման պայմանագրերը և ազդարարեց դրանց մեկնարկը:
Ավանդաբար ՇԽ-ն մեծ ուշադրության է արժանացնում Ջրից դեպի Շուկա բաղադրիչը: Այն մոտ է գյուղատնտեսության ոլորտում տարիներ շարունակ աշխատող մասնագետներին, որոնց թիվը այս գումարման խորհրդի կազմում բավականին մեծ է: Ջրից դեպի Շուկա բաղադրիչն անմիջականորեն աշխատում է ՀՄՀ-Հայաստանի շահառու ֆերմերների հետ: Այստեղ ևս մենք նվաճումներ ունենք. ՙԱրդյունավետ ոռոգում՚ և ՙԲարձրարժեք գյուղատնտեսություն՚ թեմաներով վերապատրաստվել է 18.000 ֆերմեր: Ծրագիրն իրականացնող ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ կազմակերպությունը 52 ցուցադրական տնտեսություն է հիմնել, որտեղ գործնականում կիրառվում են ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաները և գյուղատնտեսական արտադրության նորամուծությունները: Ավելին` ամենահամարձակ ֆերմերներին աջակցելու նպատակով ՀՄՀ-Հայաստանը սկսեել է իր վարկային ծրագիրը, որի միջոցով ՋդՇ գործողություններին մասնակցող ֆերմերներին տրվում են ցածր տոկոսադրույքով վարկեր: Առ այսօր արդեն ունենք ավելի քան 100 վարկառու, իսկ վարկային փաթեթը հասնում է 1 միլիոն ԱՄՆ դոլարի:
Շնորհակալություն ենք հայտնում ՇԽ այն անդամներին, ովքեր, մեզ հետ միասին այցելում էին մարզեր և հետևում իրականացվող վերապատրաստման դասընթացներին, ծանոթանում ցուցադրական տնտեսություններում ու վարկային բաղադրիչի շրջանակներում տարվող աշխատանքներին:
Այդուհանդերձ, ՀՄՀ-Հայաստանն ունի նաև որոշակի խնդիրներ: Միջպետական Համաձայնագրում ամրագրված արտարժույթը` ԱՄՆ դոլարը, արժեզրկվել է, դրա հետ մեկտեղ կտրուկ աճել են շինանյութերի գները, ինչը հանգեցրել է նախապես հայտարարված աշխատանքների ծավալների կրճատման: Մենք, ՀՄԿ-ի հետ համատեղ, ձեռնարկել ենք ամեն հնարավորը, նվազագույնի հասցնելու այդ կրճատումների ազդեցությունը ծրագրի թիրախի` գյուղական աղքատության կրճատման վրա: Ծրագրի Կառավարման խորհուրդը բազմիցս նշել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կարևորությունը առաջնային է պետության համար և որ անհրաժեշտության դեպքում իր սեփական միջոցները կուղղի իրականացնելու նախապես ծրագրված աշխատանքները: Դրա լավ օրինակ է հանդիսանում այն, որ վերջերս Հայաստանի Հանրապետության կառավարությունը 16,8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է հատկացրել Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի առաջին փաթեթի շինարարության մեկնարկի համար: Այդուհանդերձ, ծրագրի թիմը և գործընկեր կազմակերպությունները, ինչպես նաև ՇԽ անդամները, պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը կրճատված ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական նոր աղբյուրների հայթայթման ուղղությամբ:
ՀՄՀ-Հայաստանը գործնականում հիանալի հնարավորություններ է ընձեռում շահառուներին և լայն հանրությանը մասնակցելու և հետևելու ծրագրի իրականացմանը: Շահառուների խորհուրդը հատկապես ծառայում է այդ նպատակին և հանդիսանում է այն վառ օրինակը, թե ինչպես է հասարակությունը գործնականում մասնակցում որոշումների կայացման, իրագործման և վերահսկման գործընթացներին:
Քանի որ մենք մոտենում ենք ՇԽ հաջորդ կազմի ընտրությունների օրվան` սեպտեմբերի 27-ին, հուսով ենք, որ քաղաքացիական հասարակությունը սովորականի պես մեծ ոգևորություն կցուցաբերի այդ հարցում: Վերջերս ձևավորված ընտրական հանձնաժողովը արդյունավետ է աշխատում է և բազմաթիվ հայտեր է ստանում ընտրություններին մասնակցել ցանկացող կազմակերպություններից: Մենք ակնկալում ենք ընտրություններին ակտիվ մասնակցություն, սակայն տեսնում ենք, որ որոշ կազմակերպություններ այս տարի որոշել են չմասնակցել այս գործընթացին: Նրանց թվում են մեր այնպիսի գործընկերներ, ում հետ աշխատել ենք 2 տարի` ի շահ ՀՄՀ-Հայաստան ծրագրի: Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է որոշում ՇԽ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, սակայն, ես համոզված եմ, որ նրանք կշարունակեն ներգրավված մնալ ծրագրային գործընթացներում և ապագա Շահառուների խորհորդը դրանից միայն կշահի: Այդ առումով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հատկապես նրանց, ովքեր ծրագրի իրականացման ընթացքում բարձրացրել են և հետամուտ են եղել մի շարք բարդ խնդիրների լուծմանը, ինչպիսին են, օրինակ, շահերի բախման խնդիրը, բնապահպանական հարցերը և այլն:
ՀՄՀ-Հայաստանը կարևոր նպատակներ ունի դրված իր առջև. հարյուրավոր կիլոմետր գյուղական ճանապարհների վերականգնում, մայր ջրանցքների, ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցում, և այլն, ինչպես նաև` անհատ ֆերմերների հետ աշխատանք, ինչը կօգնի բարելավել նրանց կյանքը: Այս կարգի ծրագրի համար այս ամենին հասնելն անհնարին կլինի միմիայն տեխնիկական անձնակազմի միջոցով: Կրկին, շնորհակալություն հայտնելով մեր ՇԽ գործընկերներին, ես ուզում եմ կոչ անել բոլորիս, ուժերի ներածին չափով աջակցել ծրագրի իրականացման և Հայաստանում գյուղական աղքատության կրճատման գործին։
