NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընդդեմ կոռուպցիայի
Կոտայքի մարզի իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարզի տարածքում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման աշխատանքներում, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Ըստ նույն աղբյուրի, 2008 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում հարուցվել է շուրջ երկու տասնյակ քրեական գործ: Մասնավորաբար Մարմարիկ համայնքի ղեկավար Զավեն Հունանյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով ուրիշի գույքը հափշտակելու դեպքի առթիվ: Զավեն Հունանյանը 2005-2008թթ. ընթացքում իր պաշտոնեական դիրքն օգտագործելու, վատնելու միջոցով հափշտակել է համայնքի տարածքում գտնվող «Մարմարիկի ագրոֆիրմային» պատկանող մոտ 700 մետր երկարությամբ չուգունե խողովակներ: Դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը եւ որպես պատիժ սահմանել տուգանք՝ 300.000 դրամ:
Կոտայքի մարզի Նոր-Գյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Քաղաքացի Ս.Արսենյանին սեփականության իրավունքով տրված գյուղական նշանակության 0.6 հա հողամասը համայնքի ղեկավարը նոր քարտեզագրության ժամանակ 26 մետրով տեղափոխել է իր իրական տեղից, որի արդյունքում ավելացված 200քմ հողամասը տվել է այլ անձի: Նախաքննությունը շարունակվում է:
Կոտայքի մարզի Զառ համայնքի ղեկավարի կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացում կատարելու դեպքի առթիվ: համայնքի ղեկավարը 2008թ. հունվար ամսից սկսած Զառ գյուղի 280 տնտեսություններից ամսական հավաքել է 1000-ական դրամ՝ օգտագործած խմելու ջրի դիմաց, սակայն չի կատարել որեւէ ձեւակերպում, վարձավճարը գանձելու վերաբերյալ անդորրագրեր չի տրամադրել, իսկ գոյացած գումարը յուրացրել է: Նույն եղանակով նույն ժամանակահատվածում 150-ական դրամ է հավաքել նաեւ խոշոր եղջերավոր անասուններին դաշտում ջուր տալու համար, ինչը նույնպես չի ձեւակերպվել: Նախաքննությունը շարունակվում է:
«Էդ-Դուր» ՍՊԸ տնօրինության կողմից հարկերի, տուրքերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ «Էդ-Դուր» ՍՊԸ տնօրինությունը 2006-2007թթ. ընթացքում տարածքային հարկային տեսչությանը ներկայացված հաշվետվություններում ակնհայտ խեղաթուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է պետական բյուջե վճարել 2մլն.907.000 դրամի հարկ: Նախաքննությունը շարունակվում է:
«Որդի Մեխակ» ՍՊԸ տնօրինության կողմից հարկերի, տուրքերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ «Որդի Մեխակ » ՍՊԸ-ն 2005-2008թթ. ընթացքում հաշվետվություններ չներկայացնելու, իսկ տարածքային հարկային տեսչությանը ներկայացված հաշվետվություններում ակնհայտ խեղաթուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է պետական բյուջե վճարել 54մլն.915.000 դրամի հարկ: Նախաքննությունը շարունակվում է:
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից պաշտոնական փաստաթղթերում պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Նախաքննությամբ պարզվել է, որ Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռ.Մկրտչյանը, պաշտոնեական կեղծիք կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով անեսթեզիոլոգ Ա.Մնացականյանի հետ, 2008 թվականի մայիսի 4-ին, դիտավորությամբ, ակնհայտ դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ նույն հիվանդանոցի ընդունարանի ավագ բուժքույր Գոհար Մկրտչյանին հանձնարարել է Համլետ Մարտիրոսյանի անուն-ազգանունով լրացնել թիվ 275 համարի բժշկական քարտի անկետային տվյալները, ապա՝ իր աշխատասենյակում Ա.Մնացականյանի հետ միասին ուղղումներ ու փոփոխություններ կատարելով լրացրել նոր հիվանդության պատմություն թիվ 275 համար նոր բժշկական քարտում եւ հանձնել Ա.Մնացականյանին:
Քանաքեռավան համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ: Համայնքի ղեկավարը 2002 թվականի հունիսի 20-ի թիվ 11 որոշմամբ 99 տարի ժամկետով վարձակալական հիմունքներով Մարինե Խաչատրյանին է տրամադրել 0,4 հա հողատարածք, ապա, անձնական շահագրգռվածությունից ելնելով, այդ հողից 0,015 հա տարածքը 2006 թվականին աճուրդի միջոցով վաճառել է համագյուղացի Վանիկ Եսոյանին:
«ՆՎՆ Սերվիս» ՍՊԸ տնօրենի կողմից հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ «ՆՎՆ Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Վ.Նիկողոսյանը 2006 թվականի ընթացքում հաշվարկներ եւ հաշվետվություններ չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել 5մլն.321.064 դրամի հարկ:
«Սալարդ» ՍՊԸ տնօրենի կողմից հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ « Սալարդ » ՍՊԸ-ի տնօրեն Ք.Վարդանյանը 2007 թվականի ընթացքում հաշվարկներ եւ հաշվետվություններ չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել 34մլն.953.400 դրամի հարկ:
Բյուրեղավան քաղաքի նախկին ճարտարապետ Ս.Սմբատյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ: 2007թ. նոյեմբեր ամսին Բյուրեղավան քաղաքի նախկին ճարտարապետ Ս. Սբատյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շինարարության թույլտվություն եւ նախագիծ տալու պատրվակով, խաբեությանբ ու վստահությունը չարաշահելու միջոցով նույն քաղաքի բնակիչ Սամվել Բարսեղյանից պահանջել եւ ստացել է 136.0 հազար ՀՀ դրամ գումար:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ԱԱ բաժնի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու եւ կալանավայրը լքելուն կալանավորներին օժանդակելու դեպքի առթիվ: Արտյոմ Արշակյանն ու Արմեն Պետրոսյանը հանդիսանում են քրեակատարողական հիմնարկի կալանավորներ, որոնցից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ԱԱ բաժնի աշխատակիցներ Վ.Զաբելյանը եւ Ն.Սաֆարյանը, նախնական համաձայնությամբ կրկին անգամ կաշառք են ստացել եւ օժանդակել նրանց՝ տարբեր ժամանակներ կալանավայրից դուրս գալուն:
ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության «Կոտայքի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրազդանի ստորաբաժանման պատասխանատուի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պետական միջոցները վատնելու փաստի առթիվ: Ստորաբաժանման պատասխանատու Մ.Տերտերյանը 2008թ. հունվար ամսից մինչեւ մայիսի 12-ը աշխատանքից չազատելով աշխատանքի չհաճախող աշխատակցուհի, բժիշկ -հիգիենիստի օգնական Ավետլանա Սարդսի Մակոեւային, վերջինիս բացակայության պայմաններում նրան չի հանել հաստիքացուցակից եւ որպես աշխատավարձ պետական բյուջեից փոխանցել է զգալի չափ համարվող 188.914 դրամ:
Նուռնուս համայնքի ղեկավարի կողմից կեղծ փաստաթղթեր տրամադրելու դեպքերի առթիվ: 2007թ. դեկտեմբեր ամսին Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ղեկավար Գ. Մկրտչյանը ֆարֆուռ Քալոյանին տրամադրել է անշարժ գույքի վերաբերյալ կեղծ փաստաթուղթ՝ դատարան ներկայացնելու համար: Նուռնուս համայնքի ղեկավար Գ.Մկրտչյանը կեղծ փաստաթուղթ է տրամադրել քաղաքացի Ստյոպա Պողոսյանին՝ անշարժ գույքի կադաստր ներկայացնելու համար:
ՀՀ Բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ա. Ավալյանը, 2004թ. հունվար ամսից մինչեւ 2007թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ Բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները եւ չկատարելով իր ծառայողական պարտականությունները՝ չի կանխել քաղաքացիների կողմից «Ջրվեժ անտառպուրակի» տարածքում հուղարկավորությունների կատարումը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին եւ պետությանը պատկանող ծառաթփատեսակների զարգացման եւ տեղադրման, հանգստի գոտու կազմակերպման նպատակով հատկացված հողատարածքը վերածվել է գերեզմանոցի:
«Էներգոմագնիտ» ՍՊԸ տնօրենի կողմից հարկերի, վճարումից չարամտորեն խուսափելու փաստի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ «Էներգոմագնիտ » ՍՊԸ-ի տնօրեն Շիրակ Ասատրյանը հարկային հաշվետվություններում խեղաթուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է խոշոր չափերի՝ 5մլն. 375.600 ՀՀ դրամի հարկի վճարումից:
