NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոր օրենքը նոր խնդիրներ է հարուցում
Կազուսներ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացում կատարելու մասին» օրենքում
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին» արդեն ընդունված, պաշտոնապես հրապարակված եւ 2008 թվականի
սեպտեմբերի 27-ից ուժի մեջ մտնող օրենքը նոր խառնաշփոթ է ստեղծում հեռարձակման
դաշտում:
Իսկ խառնաշփոթը բացատրելու համար, ընթերցողներից ներողություն խնդրելով, մեջբերենք
արդեն պաշտոնապես հրապարակված օրենքն ամբողջությամբ (մեջբերումը` ըստ «ՀՀ
պաշտոնական տեղեկագիր» N58 (648), 17 սեպտեմբերի 2008, էջ 5, հրապարակման համարը`
942):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
942 «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունված է 2008 թվականի սեպտեմբերի 10-ին
Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000
թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետեւյալ
բովանդակությամբ նոր մասով.
«Մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման
մրցույթներ չեն հայտարարվում: Այն ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (քառակի ընդգծումը իմն
է - Մ.Հ.), որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի
հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ
ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է
հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2008 թ. սեպտեմբերի 12
Երեւան
ՀՕ-137-ն
Խառնաշփոթը հետեւյալն է` ըստ ա օրենքի` լիցենզիայի գործողության ժամկետը
երկարացնելու հայտ կարող են ներկայացնել միայն ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (որոնց
լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը),
իսկ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ (որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է
մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը), ի՞նչ պիտի անեն: Օրենքից բխում է, որ դրանք
պիտի դադարեցնեն հեռարձակումները: Օրինակ, «Արձագանք» ռադիոընկերության լիցենզիայի
(լիցենզիա N 42) ժամկետը լրանում է 2009 թվականի ապրիլի 12-ն: Նոր մրցույթ չի
հայտարարվելու, ռադիոընկերությունն էլ լիցենզիան երկարացնելու հնարավորությունից,
ըստ օրենքի, զրկված է, հետեւաբար 2009 թվականի ապրիլի 12-ից պիտի դադարեցնի
հեռարձակումը: Նման իրավիճակում են հայտնվել եւս մի շարք ռադիոընկերություններ,
որոնց լիցենզիաների ժամկետները լրանում են մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը. «Ար
ռադիո միջմայրցամաքային»` լիցենզիա N51, ժամկետը` 22 ապրիլի 2009, Ռադիո «Հայ»`
լիցենզիա N 52, ժամկետը` 22 ապրիլի 2009, Ռադիո «Վան»` լիցենզիա N 55, ժամկետը` 30
ապրիլի 2009, Հայ FM` լիցենզիա N61, ժամկետը` 16 դեկտեմբերի 2009 թ. եւ այլն:
Հիմա իմ եզրակացությունը. միանգամայն պարզ է` սեւեռված լինելով «Ա1+» եւ «Նոյյան
Տապան» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ մրցույթների հնարավորությունից զրկելու գաղափարի
վրա, կառավարական չինովնիկները մոռացել են, որ կան նաեւ ռադիոընկերություններ:
Սխալը, բնականաբար, չեն նկատել Աժ այն մոտ 70 պատգամավորները, ովքեր կողմ են
քվեարկել եւ ամենակարեւորը` չեն նկատել նաեւ Բաղրամյան 26-ի իրավաբանները ու
ներկայացրել են Սերժ Սարգսյանին` ստորագրության:
Իսկ թե ով ումից հաշիվ կպահանջի այս խառնաշփոթի համար, թող որոշեն իշխանությունները...
