NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համաշխարհային բանկը պարզաբանում է
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը սեպտեմբերի 17-ի ասուլիսում հայտարարել էր, որ քաղաքային ջեռուցման ծրագրի իրականացման ժամանակ ֆինանսական խախտումներ են եղել եւ հիշատակել էր նաեւ Համաշխարհային բանկի անունը։ Այսօր ՀԲ–ն պատասխանել է ՀՀ ՎՊ–ին:
«Վերջերս Վերահսկիչ պալատը (ՎՊ) հանդես եկավ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային ջեռուցման ծրագրի` ՎՊ-ի կողմից կատարված ստուգման արդյունքների վերաբերող հայտարարություններով։
Համաշխարհային բանկն ամենայն լրջությամբ է վերաբերում Քաղաքային ջեռուցման ծրագրի իրականացմանն առնչվող հնարավոր շեղումների կապակցությամբ ՎՊ-ի արտահայտած դիտողություններին, քանի որ բանկն անմիջականորեն վերահկում է իր կողմից իրականացվող ծրագրերը, և վերահսկողական այցերի վերաբերյալ իր հաշվետվությունները ժամանակին տրամադրում կառավարության գործընկերներին։
Համաշխարհային բանկը դեռևս չի ստացել ՎՊ-ի հաշվետվությունը։ Այդուհանդերձ, հիմնվելով մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա, ցանկանում ենք տալ հետևյալ պարզաբանումները ՎՊ-ի կողմից հիշատակվող երկու առանցքային խնդիրների/ շեղումների վերաբերյալ, որոնք են.
ա) 500.000 ԱՄՆ դոլարի փոխանցումը Պանամայում գրանցված մի օֆշորային կազմակերպության, և
բ) ծրագրի «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» բաղադրիչի իրականացման դանդաղ ընթացքը։
ա) 460.000 ԱՄՆ դոլար իրոք փոխանցվել է Պանամայում գրանցված մատակարարի։ Գումարը փոխանցվել է ծրագրի ենթավարկային բաղադրիչի մասնակից բանկերից մեկի` Արդշինինվեստբանկի կողմից։ Սա 500.000 ԱՄՆ դոլար գումարով ենթավարկի մի մասն է, որն Արդշինինվեստի կողմից տրամադրվել է մասնավոր «Երֆրեզ» ՓԲ ընկերությանը` չորս շենքի համար ջեռուցման, տաք ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման սարքավորումներ գնելու նպատակով։ «Երֆրեզ» ՓԲԸ-ն Արդշինինվեստբանին ներկայացրել է հանձնարարական ենթավարկային միջոցներից 460.000 ԱՄՆ դոլարը ջեռուցման և էլեկտրաէներգիայի համակցված 4 միկրոտուրբինների ձեռք բերման նպատակով Պանամայում գրանցված մատակարարին փոխանցելու վերաբերյալ։
ՎՊ այս գործարքը համարել է որպես շեղում` ելնելով այն հանգամանքից, որ սարքավորումները դեռևս Հայաստանում չեն։ «Երֆրեզ» ՓԲԸ-ի և պանամական մատակարարի հետ հաղորդակցության համաձայն, միկրոտուրբինները պետք է մատակարարվեն 2008 թվականի դեկտեմբերին։ Ծրագրի իրականացումը կարգավորող իրավական փաստաթղթերի որևէ պահանջ չի խախտվել։ Վարկային միջոցներն օգտագործվել են նախատեսված նպատակի, այսինքն` գազով աշխատող ջեռուցման և տաք ջրի մատակարարման ապակենտրոնացված համակարգերի ձեռքբերման համար։
Ենթավարկային բաղադրիչի շրջանակներում գնումները կատարվում են առևտրային հիմունքներով, ինչը խնդրո առարկա 500.000 ԱՄՆ դոլար գումարով ենթավարկի դեպքում նշանակում է, որ ենթավարկառուն գնային առաջարկներ պետք է ապահովի երեք մատակարարներից, որպիսին ներկայացրել է «Երֆրեզ» ՓԲԸ-ն և ընտրել ամենացածր գինն առաջարկած մատակարարին։
Գործարքը ֆինանսական կառավարման խնդիրներ նույնպես չի հարուցում։ Ենթավարկային բաղադրիչով նախատեսված է, որ Արդշինինվեստբանկը կրում է տրամադրված ենթավարկերի գծով 100 տոկոս ռիսկերը։ Իրականացնող կազմակերպությունը / ավտոմատ կերպով գումարը փոխանցել է Արդշինինվեստբանկին` վերջինիս կողմից վարկը հատատելուց և գրավը գրանցելուց անմիջապես հետո։
բ) «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» բաղադրիչի իրականացումը իսկապես դանդաղ է ընթացել. սա փաստագրվել է Համաշխարհային բանկի կողմից պատրաստվող հուշագրերում և այս մասին կառավարությունը նույնպես ահազանգվել է։ Այդուհանդերձ, վերջին շրջանում այս բաղադրիչի իրականացման տեմպերը զգալիորեն արագացել են, և 2008 թվականի սեպտեմբերի դրությամբ գազամատակարարման միացումների ու ջեռուցման սարքերի տեղադրման աշխատանքներն ավարտվել են ավելի քան 4.000 աղքատ ընտանիքների բնակարաններում»։
