NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ավելի քան 0.5 միլիարդի չարաշահումներ Սյունիքում
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Վերահսկիչ պալատը ներկայացրեց քաղաքաշինության,
գյուղատնտեսության ոլորտներում եւ քաղաքային ջեռուցման ծրագրում արձանագրված
ֆինանսական խախտումները։ Այսօր հերթը Սյունիքի մարզապետարանում եւ մարզի
համայնքներում կատարված ուսումնասիրություններին էր։ Հիշեցնենք,որ այս բոլորը
ոլորտներում միասին արձանագրվել են ավելի քան 1.3 միլիարդ դրամի ֆինանսական
խախտոմներ։
Սյունիքի մարզում ուսումնասիրվել է 23 գյուղական եւ քաղաքային համայնք, բոլոր
տեղերում էլ արձանագրել ենք օրենքների կոպիտ խախտումներ, հատկապես գնումների
ոլորտում՝ մեկ աղբյուրից գնումներ, ավագանու, կամ գյուղապետի որոշմամբ գնումներ,
հայտարարեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։ Սյունիք գյուղում
գյուղապետը 4 միլիոն դրամ է փոխանցել մի կազմակերպության որպես օգնություն, ինչի
իրավունքը չուներ, 8 միլիոն դրամ այլ կազմակերպության՝ Ֆորդ մակնիշի մեքենա գնելու
համար։ «Այդ նույն գյուղապետը հետո գալու է կառավարություն մի քիչ փող ուզելու, որ
մանկապարտեզ պահի, կամ փողոց լուսավորի», նկատեց Իշխան Զաքարյանը։ Սյունիքում
տարածված է խողովակների վաճառքից ստվերային եկամուտներ ստանալը։ Հինգ գյուղական
համայնքներում հայտաբերվել է 20 400 գծամետր խողովակների վաճառք՝ մեկ գծամետրը
200-300 դրամով այն դեպքում, երբ դրանց արժեքը 3000-5000 դրամ է։ Ի դեպ, պետական
այլ կառույցներ՝մասնավորաբար գյուղնախարարությունը նույն 3000-5000 դրամանոց
խողովակները գնել է 5500-6500 դրամով։ Երկու դեպքում էլ պետությունը հարյուրավոր
միլիոնների վնասներ է կրել։ Իսկ Սյունիքում կա մի շատ «հնարամիտ» գյուղապետ։
Ախլաթյան գյուղի գյուղապետը խողովակները վաճառել է 200-300 դրամով, քրեական գործ է
հարուցվել գյուղապետը պայմանական ազատազրկման է դատապարտվել, պատժի կրումից հետո՝
նույն խողովակները վաճառել արդեն 800 դրամով։
Իսկ Խալաչ գյուղում ամենամեծ տրամագծով՝ 0.5 մետր տրամագով խողովակաշարը 960
գծամետր քանդվել է, եւ գյուղապետը հայտարարում է, որ 530 գծամետրը գողացել են։
Քաղաքային համայնքներում էլ նույն միլիոնների հասնող չարաշահումներ են հողի,
շենքեր–շինությունների վաճառքի պարագայում։ «Այստեղ ռեկորդակիրը Կապանի քաղաքապետն
է, ունենք ուղղակի խայտառակ վաճառքի դեպքեր։ 5200 քմ բնակելի ֆոնդը 2006-ին
վաճառվել է մեկ քմ 3500 դրամով, 2007–ին՝ 4000 դրամով։ Կադաստրային արժեքից մինչեւ
6-10 անգամ ցածր գնով են վաճառել եւ Կապանում եւ Սիսիանում», հայտարարեց Իշխան
Զաքարյանը։ Սրանից բացի Կապանի հանրապետական քաղաքապետ Արմեն Կարապետյանը
քաղաքապետարանի տարածքներից վարձով տարածքներ է տվել, որոնց դիմաց գումարները
պետական կամ համայնքային բյուջեներ չեն մտել։ Կապանում ՀՀ Վերահսկիչ պալատը
հայտաբերել է 86 խանութ, որոնք տեղական տուրք չեն վճարել։ Սիսիանում մի հետաքրքիր
դեպք է բացահայտվել։ «Որոտանկիրճ» ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել, թե
հունվար ամսին, երբ 15 սմ ձյուն է եղել, իրականացվել են կանաչապատման աշխատանքներ։
Քաղաքապետը հաշվետվությունը չի ընդունել, ընկերությունը դիմել է դատարան եւ
դատարանի որոշմամբ քաղաքապետարանից բռնագանձել են 7.5 միլիոն դրամ։
Ընդհանուր առմամբ, Սյունիքի 23 համայնքներում ՎՊ–ն հայտաբերել է 394 միլիոն դրամի
ֆինանսական խախտում։ Իսկ Սյունիքի մարզապետարանում՝ չափագրվել է 900 միլիոն դրամ,
եւ հայտաբերվել 180 միլիոնի՝ կամ 20 տոկոսի ֆինանսական խախտումներ՝ հավելագրումներ,
չկատարած աշխատանքի դիմաց վճարումներ, անորակ ապրանքների գնումներ եւ այլն.
«բավականին լուրջ չարաշահումներ են հայտնաբերել շինարարության ոլորտում՝ 94.5
միլիոն դրամ։ Սահմանամերձ գյուղերին դպրոցներով ապահովելու նպակատով
կառավարությունը չորս գյուղի՝ Սրաշեն, Շամբ, Լծեն, Վերին Շիշկերտի համար գումար է
տամադրել։ Գումարը ամբողջությամբ ծախսվել է, սակայն, որպես դպրոց աշխատում է միայն
Լծենում գնված շենքը»։ Ֆինանսական խախտումներ թույլ տված պաշտոնյաները
ժամանակացույց են կազմել եւ պարտավորվել մինչեւ այս տարվա հոկտեմբերի վերջ
վերականգնել պետությանը պատճառած վնասը։ Ենթադրենք նրանք այդ գումարները
վերականգնեցին, դրանից հետո նրանք շարունակելու են պաշտոնավարե՞լ, լրագրողի այս
հարցին ի պատասխան Իշխան Զաքարյանը հայտարարեց. «Վերահսկիչ պալատը, համաձայն
օրենքի, Վերահսկիչ պալատի խորհուրդը հաստատում է հայտաբերած խախտումների մասին
հաշվետվությունը եւ տասնօրյա ժամկետում ներկայացնում եզրակացությունները ՀՀ
նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին։ Ես համոզված եմ, որ կլինեն որոշակի
պաշտոնյաների նկատմամբ որոշակի վերաբերմունք, բայց դա մեր իրավասություններից դուրս
է», հայտարարեց Իշխան Զաքարյանը։
