Արդեն 6-րդ անգամ Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ այս տարի արդեն 6-րդ անգամ անցկացվեց Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն, այս անգամ նվիրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունման 5-րդ տարելիցին եւ կոռուպցիայի դեմ պայքարին։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը մրցանակները հանձնելուց առաջ հայտարարեց, որ տեղեկատվություն ստանալու իրավունքը ամենակարեւոր իրավունքն է եւ առանց այս իրավունքի մնացած իրավունքները չեն կարող իրացվել։
Ասվածի հետ համամիտ էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Ըստ նրա, ցավոք քիչ են թափանցիկ աշխատող պետական գերատեսչությունները։ «Եթե չկա տեղեկատվության ազատություն, բազմակարծության մասին խոսելը անիմաստ է, եթե չկա տեղեկատվության ազատություն, կոռուպցիայի դեմ պայքար չի լինի», նկատեց Արմեն Հարությունյանը։

Իսկ մրցանակները 7–ն են։ 5-ը՝ ոսկե բանալի՝ լավ ու բաց աշխատանքի համար, 2–ը՝ ժանգոտ կողպեք՝ վատ ու փակ աշխատանքի համար։
Եվ այսպես ոսկե բանալի ստացան հետեւյալ կազմակերպություններն ու գերատեսչությունները։

Հայաստանի Հանրապետության ամենաթափանցիկ գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները անվանակարգում հաղթողն էր Եղեգնաձորի քաղաքապետարանը։

Հանրությանը տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ունեցող Հայաստանի Հանրապետության գերատեսչություն անվանակարգում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը։

Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու համառ պաշտպանած քաղաքացի անվանակարգում հաղթել է երկու քաղաքացի։ Սարի թաղի 3–րդ փողոցի բնակիչ, իր համառությամբ փողոցի ջրի հարցը լուծած Արտաշես Հովհաննիսյանը եւ «Կենտրոն» համատիրությունից կատարած ծախսերի հաշվետվությունները ստացած Արմինե Առաքելյանը։

Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Հակաստվեր» ՀԿ–ն։

2008թ. տեղեկատվությանն առնչվող խնդիրները ամենաակտիվ ու հետեւողական լուսաբանած լրագրող կամ լրատվամիջոց ճանաչվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը եւ լրագրող Մարիամ Բարսեղյանը։

Իսկ ահա վատ աշխատելու արդյունքում ժանգոտ կողպեք ստացան.
Հայաստանի Հանրապետության ամենափակ եւ գաղտնի գերատեսչություն, որն ամենավատն է կատարում Տեղեկատվության ազատության մասին¦ ՀՀ օրենքի պահանջները անվանակարգում՝ Հրազդանի քաղաքապետարանը։

Ոչ ճշգրիտ կամ զավեշտալի պատասխան տրամադրած պետական գերատեսչություն անվանակարգում՝ Իջեւանի քաղաքապետարանը։

Մրցանակաբաշխության ավարտին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ այնպես էլ այս տարվա մրցանակակիրները լինելու են ԻԱԿ–ի ուշադրության կենտրոնում եւ առաջին իսկ թերացման մասին ԻԱԿ–ը բարձրաձայնելու է։