ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է մտահոգված մնալ 1609 և 1620 բանաձևրի կատարման սահմանափակ առաջընթացի կապակցությամբ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը ստացել է
Մարդու իրավունքների հանձնակատարի 2008թ. հուլիսի 13-ից 15-ը Երևան այցի վերաբերյալ
նրա զեկույցը և չափազանց անհանգստացած է այդտեղ տեղ գտած փաստերի և
եզրակացությունների կապակցությամբ, որոնք ցույց են տալիս, որ Վեհաժողովի հիմնական
պահանջների առումով միայն սահմանափակ առաջընթաց է արձանագրվել: Հանձնաժողովը
հետևաբար առաջարկել է Մարդու իրավունքների հանձակատարին վերադառնալ Երևան և
զեկուցել հանձնաժողովին 2008թ. դեկտեմբերի 17-ի Փարիզի հավաքին:

Նկատելով, որ դրական քայլեր են արվել անկախ և արժանահավատ հետաքննություն
կազմակերպելու ուղղությամբ, Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է ծայրաստիճան
մտահոգված մնալ 2008թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի կապակցությամբ ազատությունից զրկված
անձանց առումով:

Թիվ 1620 (2008) բանաձևում Վեհաժողովը հստակ նշել էր, որ «այն գործերը, որոնք դեռ
քննության փուլում են, պետք է փակվեն, կամ արագ կերպով ուղարկվեն դատարան»,
«ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես ոստիկանական
ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների», և որ, «այն անձանց
նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են քրեական օրենսգրքի
300 և 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է
կարճվեն, բացառությամբ երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն
անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են
դրանց կատարմանը»:

Այդ առումով, հանձնաժողովը նշել է, որ թեև նախնական կալանքում գտնվող անձանց
նկատմամբ հետաքննությունն ավարտվել է, 300 և 225 հոդվածներով մեղադրվող յոթ անձանց
գործերը դեռևս դատարան չեն ուղարկվել` չափից դուրս երկար հետաքննության հետևանքով:
Ի լրումն, հանձնաժողովը խորապես մտահոգված է, որ մարտի 1-ին և 2-ին տաս հոգու
մահվան պատասխանատուների վերաբերյալ հետաքննությունը դեռ չի եզրափակվել կամ դեռ
եզրափակման մոտ չէ:

Լուրջ հարցեր են մնում մարտի 1-ի և 2-ի դեպքերի առնչությամբ ձերբակալվածների դեմ
առաջադրված մեղադրանքների բնույթի, ինչպես նաև մի շարք գործերի դատական
ընթացակարգի`ներառյալ արդար դատաքննության սկզբունքի կապակցությամբ: Ի լրումն, և
հակառակ Վեհաժողովի պահանջներին, 19 անձ դատապարտվել են միայն ոստիկանական
ցուցմունքների հիման վրա: Հանձնաժողովը հետևաբար լրջորեն մտահոգված է, որ մարդկանց
կարող են կալանավորել և նույնիսկ դատապարտել նրանց քաղաքական հայացքների և ոչ բռնի
գործունեության համար, ինչն անընդունելի է Վեհաժողովի համար:

Հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն դիտարկել
համաներման, ներման հրամանագրի կամ առկա ցանկացած այլ իրավական միջոցի կիրառման
հնարավորությունը, որպեսզի լուծեն 2008թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի կապակցությամբ
ազատազրկված անձանց խնդիրը: Հանձնաժողովը լրջորեն կոչ է անում իշխանություններին
քննարկել նման հնարավորությունը, որը Վեհաժողովի պահանջների կատարման գործում
կհանգեցնի կարևոր առաջընթացի:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել անկախ և արժանահավատ հետաքննության ստեղծման
ուղղությամբ դրական քայլերը` ինչպես նշված է Հանձնակատարի զեկույցում: Հանձնաժողովը
իր լիակատար զորակցությունն է հայտնում Հանձնակատարի առաջարկություններին: Այն
ողջունում է այս հարցի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների և Հանձնակատարի
միջև ընթացող կառուցողական երկխոսությունը և հույս հայտնում, որ մնացյալ կարևոր
խնդիրները շուտով կլուծվեն, որպեսզի փորձագետների խումբը սկսի և հնարավորինս շուտ
ավարտի իր աշխատանքը:

Հանձնաժողովի կարծիքով Հայաստանը Թիվ 1609 (2008) և Թիվ 1620 (2008) բանաձևերի
կատարման առումով գտնվում է շեմին: Այժմ ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները
քաղաքական կամք դրսևորեն այս խնդիրը լուծելու համար: Այս առումով, հանձնաժողովը իր
լիակատար վստահությունն է հայտնում և ամբողջովին սատարում է Մարդու իրավունքների
հանձնակատարին: Հետևաբար այն հրավիրում է Հանձնակատարին կրկին այցելել Երևան և
2008թ. դեկտեմբերի 17-ի հանձնաժողովի հանդիպմանը զեկուցել անկախ և արժանահավատ
հետաքննության և մարտի 1-ի և 2-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների ազատ
արձակման ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին: Դեկտեմբերին, այդ զեկույցի
հիման վրա, հանձնաժողովը կորոշի, թե ինչպիսի քայլեր, և հնարավոր պատժամիջոցներ, այն
կառաջարկի 2009թ. Վեհաժողովի հունվարյան լիագումար նիստին: