NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին
Նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմառդեմ հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Բանակցությունների արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների եւ լրատվամիջոցների ներկայցուցուցիչների ներկայությամբ ստորագրել են հինգ կետից բաղկացած հռչակագիր:
ՀՌՉԱԿԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ
Ռուսաստանի Դաշնության
Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով, հանդիպելով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում,
կառուցողական մթնոլորտում առարկայական եւ բովանդակային քննարկելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական միջոցներով, ուղիղ երկխոսության շարունակման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը և հեռանկարները`
1. Հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և համակողմանի համագործակցության համար:
2. Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ և հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:
3. Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների և փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով:
4. Նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման ուղղությամբ, այդ թվում նաև բարձրագույն մակարդակով հետագա շփումների ընթացքում, և հանձնարարեցին իրենց արտաքին գործերի նախարարներին` ակտիվացնել հետագա քայլերը բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փոխգործակցությամբ:
5. Կարևոր են համարում խրախուսել կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծումը:
