NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գարնանային զորակոչի պետական առաջադրանքը գերակատարվել է
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ։ Խոսվել է այս տարվա գարնանային զորակոչի ընթացքում թույլ տրված խախտումների առթիվ ձեռնարկված դատախազական ներգործության արդյունքների եւ օրինականության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդհանուր բնույթի
հանցագործությունների գործերով վարչության պետ Սարգիս Մնացականյանը ներկայացրել է հիմնական ցուցանիշները:
«Կատարված աշխատանքները ներկայացվում են ՀՀ դատախազության 2008թ. մայիսի 14-ի կոլեգիայի որոշման պահանջներից ելնելով ՀՀ մարզերի և համայնքների, կայազորների զինվորական դատախազների զեկուցագրերի, ՀՀ զինվորական կոմիսարիատից և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների համաձայն:
Զորակոչի ընթացքում մարզերի և համայնքների դատախազներն ամենօրյա աշխատանքային կապի մեջ են եղել զինկոմիսարիատների հետ, քննարկել և լուծել են զորակոչին առնչվող հարցերն ու խնդիրները, իսկ զորակոչից խուսափողների անձնական գործերը մինչև մարզերի և համայնքների նախաքննական մարմիններ ուղարկելը, զինվորական կոմիսարիատներում ստուգվել է դրանց համապատասխանությունը ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանության պետի 2002թ. օգոստոսի 1-ի համատեղ հրամանի պահանջներին:
Գարնանային զորակոչի պետական առաջադրանքը գերակատարվել է:
Պետական առաջադրանքը կատարելու հետ միաժամանակ, 2008թ. գարնանային զորակոչի ընթացքում հաշվառված զորակոչիկներից 11846-ը մարզային և հանրապետական զորակոչային հանձնաժողովների կողմից ստացել են տարկետման իրավունք, որից ուսման կապակցությամբ` 3148-ը, առողջության պատճառով` 8350-ը, ընտանեկան դրության բերումով` 257-ը, կառավարության որոշմամբ` 91-ը:
Մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների շրջանում տարեցտարի նկատվում է առողջության հետ կապված խնդիրներ ունեցողների թվաքանակի աճ: Եթե 2007թ. աշնանային զորակոչի ընթացքում առողջության պատճառով տարկետում ստացածների քանակը կազմել է 6837 անձ, ապա 2008թ. գարնանային զորակոչի ընթացքում այն կազմել է 8350 անձ:
Չնայած այն հանգամանքին, որ 2008թ. գարնանային զորակոչի նախապատրաստման և անցկացման ընթացքում զինկոմիսարիատների զորակոչային բժշկական հանձնաժողովների ձևավորումը և այդ հանձնաժողովների աշխատանքներն ուշադրության կենտրոնում են եղել, այնուամենայնիվ, որոշ զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքներում տեղ են գտել թերություններ ու բացթողումներ, որի հետևանքով հանրապետական զորահավաքակայանի բժշկական հանձնաժողովի կողմից զինկոմիսարիատներ լրացուցիչ բուժհետազոտման է վերադարձվել 239 զորակոչիկ, նախորդ զորակոչի ընթացքում` 290 զորակոչիկ:
Նշված զորակոչիկներից 116-ը կամ 51 %-ը կրկնակի հետազոտվել են և զորակոչվել ՀՀ զինված ուժեր, 105 անձ ազատվել է զինծառայությունից, իսկ 18 զորակոչիկ ուղարկվել է լրացուցիչ ստուգման, որոնց պիտանիության հարցը գարնանային զորակոչի ընթացքում չի լուծվել:
Գարնանային զորակոչի ընթացքում շարունակվել են որոնողական աշխատանքները կցագրման ենթակա բոլոր զորակոչիկներին հայտնաբերելու ուղղությամբ: Ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի որոշման՝ ոստիկանության մարզային վարչությունների, բաժինների և զինկոմիսարիատների կողմից տարված բացատրական աշխատանքների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների շնորհիվ, հայտնաբերվել են նախկինում չհաշվառված 487 զորակոչիկներ. Կոտայքի մարզում՝ 70, Արարատում՝ 58, Գեղարքունիքում՝ 46, Շենգավիթում՝ 63, Մալաթիա-Սեբաստիայում՝ 29 և այլն:
Չնայած ձեռնարկված միջոցառումներին, զինկոմիսարիատներում մինչև այժմ մեծ թիվ են կազմում կցագրումից խուսափողները: Չկցագրվածների մեծ թիվը մի կողմից թույլ չի տալիս լիարժեք պատկերացում ունենալ զորակոչային ռեսուրսի քանակի և որակի մասին, մյուս կողմից էլ զրկում է նախազորակոչիկներին ժամանակին բժշկական զննության ենթարկելու և հայտնաբերված հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կամովին կցագրման ներկայացած պատանիների մի մասը բժշկական հետազոտություններն անցնելուց հետո ճանաչվում են ծառայության համար ոչ պիտանի:
Անհրաժեշտ է բացառել կցագրումից խուսափողների որոնողական աշխատանքների ֆորմալ կազմակերպումը: Մի դեպքում զինկոմիսարիատները չեն հետաքրքրվում իրենց կողմից ոստիկանության բաժիններ ուղարկած կցագրումից խուսափողների ցուցակներով, իսկ մյուս դեպքերում էլ ոստիկանությունից ստացված տեղեկություններն անհրաժեշտ գնահատականի չեն արժանանում և համարժեք միջոցներ չեն ձեռնարկվում Հայաստանի տարածքում բնակվող պատանիներին հաշվառելու ուղղությամբ:
Այսպես, Վանաձորի թիվ 9 թաղամասային հիմնարկի տնօրենը 1988թ. ծնված զորակոչիկ Տիգրան Մոնչյանի բնակարանի այցելության ժամանակ արձանագրել է, որ բնակարանը ծառայում է որպես սրճարան, իսկ զորակոչիկն ընտանիքի անդամների հետ բնակվում է Վանաձոր քաղաքի այլ հասցեում: Հետևողական որոնման դեպքում զորակոչիկի հայտնաբերումը թվում է առանձնակի դժվարություն չէր ներկայացնի, սակայն թերի կազմակերպված որոնումների արդյունքում զորակոչիկը դուրս է մնացել կցագրումից:
Թերացումներ են նկատվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում, որոնք իրենց տարածքներում հայտնված կամ բնակվող կցագրման ենթակա անձանց մասին տեղեկություններ չեն ներկայացնում զինկոմիսարիատներ կցագրում կատարելու համար: Վանաձորի զինկոմիսարիատի կողմից չկցագրված 219 զորակոչիկի վերաբերյալ որոնողական աշխատանքներ կատարելու համար անձնական գործերն ուղարկվել են Վանաձորի ոստիկանության բաժին, որտեղ ընդամենը կազմվել են արձանագրություններ, որ վերջիններս բացակայում են բնակության վայրերից, նրանց հայտնաբերման համար այլ անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվել:
Նման թվաքանակի պայմաններում չկցագրված զորակոչիկները, ինչպես նաև այդ հարցում թերացած որևէ պաշտոնատար անձ չեն ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության: Դատախազների ներկայացրած զեկուցագրերի ուսումնասիրությունից պարզվում է, որ չկցագրված և հաշվառման չկանգնած զորակոչիկների մեծ մասը բացակայել են Հայաստանի Հանրապետությունից: Զինապարտների և զորակոչիկների կողմից «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելու դեպքում անհրաժեշտ է դրսևորել հետևողականություն և կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցները:
ՀՀ դատախազության կոլեգիայի որոշման պահանջներից ելնելով` ոստիկանության քննչական բաժիններին ցուցում է տրվել քննության առարկա դարձնել զորակոչիկների մոտ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հիվանդություն հայտնաբերելու այն դեպքերը, երբ ակնհայտ հիվանդությունն ախտորոշված չի եղել զինկոմիսարիատում նախորդ բժշկական ստուգման ժամանակ: Նշված հանձնարարականի պահանջները պահպանվել են մարզերի և համայնքների դատախազների կողմից, որի արդյունքում հայտնաբերվել են քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր:
Այսպես, 2008թ. գարնանային զորակոչի ընթացքում ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ զորակոչիկ Ա.Վարդերեսյանը կցագրման բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի շարային ծառայության համար, սակայն զորակոչային տարիքին հասնելուց հետո կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը` սահմանափակումով:
23.04.08թ. նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, սակայն Ա.Վարդերեսյանը չի ներկայացել փորձաքննության և դիմել է փախուստի: 20.05.2008թ. ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ի տարբերություն վերը նշված օրինակի, բժշկական հանձնաժողովների կողմից ոչ միշտ է ժամանակին ախտորոշվում զորակոչիկի մոտ առկա ակնհայտ հիվանդությունը, որի հետևանքով անձնական գործը, որպես ժամկետային զինվորական ծառայությունից խուսափողի, ուղարկվում է նախաքննական մարմնին, հետագայում հարուցվում է քրեական գործ և իրականացվում քրեական հետապնդում:
Այսպես, Արաբկիրի քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործով զորակոչիկի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով որոշումներ են կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանավորում ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին: Մեղադրյալի հայտնաբերումից հետո նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է «ձախ բազոսկրի տարած օստիոմելիտից վերջույթի կարճացում 4 սմ-ով, ֆունկցիոնալ չափավոր խանգարումով» հիվանդություն: Նշված հիվանդությունը զինկոմիսարիատում նախորդ բժշկական ստուգման ժամանակ չի ախտորոշվել: Հիվանդության կապակցությամբ զինակոչիկին տրվել է տարկետում 3 տարի ժամկետով, և քրեական գործի վարույթը կարճվել է:
2008թ. գարնանային զորակոչից խուսափող 556 զորակոչիկի վերաբերյալ նախապատրաստվել են նյութեր և ուղարկվել ՀՀ ոստիկանության քննչական բաժիններ, որոնցից 479-ով հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:
2008թ. գարնանային զորակոչի ընթացքում զինվորական կոմիսարիատից ոստիկանության մարմիններ ուղարկված նյութերից 53-ը վերադարձվել է զինվորական կոմիսարիատներ` լրացուցիչ ստուգումների և փաստաթղթերը լիարժեք կազմելու համար:
Վերադարձված բոլոր նյութերով տրվել են թերությունները վերացնելու ցուցումներ:
Գարնանային զորակոչի ընթացքում զինկոմիսարիատների աշխատանքներում տեղ գտած թերությունները և խախտումները վերացնելու ուղղությամբ բերվել է 2 միջնորդագիր, որից 1-ը` Արարատի, 1-ը` Լոռու մարզերի դատախազների կողմից:
Նախապատրաստված նյութերից 24-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, որից 20-ը հանցակազմի կամ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ` ճանաչվել են ծառայության համար ոչ պիտանի, հանդիսացել են այլ երկրի քաղաքացի կամ ունեցել են փախստականի կարգավիճակ, 4-ը` իրադրության փոփոխման` ՀՀ զինված ուժեր ծառայության մեկնելու պատճառաբանությամբ:
Հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերի քանակն ավելի քիչ կլիներ, եթե տարածքային զինկոմիսարիատներում պատշաճ կարգով ուսումնասիրվեին ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափող զինապարտների զորակոչային անձնական գործերը և նյութերի նախապատրաստումը չկրեր ձևական բնույթ:
Այսպես` Մ. Վարդանյանը կցագրվել է Կոտայքի զինկոմիսարիատում և ճանաչվել է պիտանի ժամկետային զինվորական ծառայության համար: 2008թ. գարնանային զորակոչից խուսափելու կապակցությամբ նյութերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է. որ Մ. Վարդանյանը ծնվել է 1990թ. հունիսի 30-ին, իսկ գարնանային զորակոչն ավարտվել է 30.06.2008թ.: ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մեկնաբանությամբ անձի տարիքը որոշվում է նրա ծննդյան օրվա ավարտման պահով, այսինքն` օրենքով սահմանված տարիքը համարվում է լրացած նրա ծննդյան հաջորդ օրը` զրո ժամից: Փաստորեն Մ. Վարդանյանի` զորակոչվելու համար նախատեսված տարիքը լրացել է 01.07.2008թ., ըստ որի վերջինս ենթակա է զորակոչման աշնանային զորակոչին: Նրա արարքում բացակայել է 2008թ. գարնանային զորակոչից խուսափելու հանցակազմը` զորակոչվելու օրենքով սահմանված 18 տարին լրացած չլինելու պատճառով: Անհրաժեշտ է այսուհետ զորակոչիկների անձնական գործերի ուսումնասիրության ընթացքում ուշադրություն դարձնել նշված հանգամանքին:
2008 թվականի գարնանային զորակոչի ընթացքում վերսկսվել է 595 քրեական գործի վարույթ, որոնցից 15-ի վարույթը կասեցվել է, կարճվել է 548 քրեական գործի վարույթ, իսկ 3 քրեական գործ ուղարկվել է դատարան, 29 գործի նախաքննությունը գտնվում է ընթացքի մեջ:
2008 թվականին ընթացք տրված քրեական գործերից 422-ի վարույթը կասեցվել է մեղադրյալների գտնվելու վայրերը պարզված չլինելու հիմքով: Կարճվել է 612 քրեական գործի վարույթ, որոնցից 162-ը` հանցակազմի բացակայության, 4-ը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, 446-ը` իրադրության փոփոխման պատճառաբանությամբ, որից 347 անձի վերաբերյալ կիրառվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը և ՀՀ ՊՆ հատուկ հաշվին մուծվել է 356.360.500 ՀՀ դրամ:
ՀՀ դատախազության կոլեգիայի որոշման պահանջներից ելնելով` ձեռնարկվել են միջոցառումներ ոստիկանության մարմինների կողմից հետախուզվող զինակոչիկների հայտնաբերման որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում մարզերի և համայնքների դատախազների կողմից քրեական գործերով տրվել են գրավոր ցուցումներ:
Դատախազության, զինվորական կոմիսարիատների ու ոստիկանության համատեղ աշխատանքների արդյունքում 2008թ. առաջին կիսամյակում հայտնաբերվել է նախկինում զինվորական ծառայությունից խուսափող և հետախուզման մեջ գտնվող 647 զորակոչիկ:
Ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի որոշման 3-րդ կետի պահանջների` Մալաթիա-Սեբաստիա համայնքի, Շիրակի և Տավուշի մարզերի դատախազների կողմից պահանջվել է օդանավակայաններում և մաքսային անցակետերում ուժեղացնել հսկողությունը` հանրապետություն մուտք գործող կամ հանրապետությունից հեռանալու փորձ կատարող հետախուզվողներին հայտնաբերելու համար: Արդյունքում ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերված զորակոչիկների քանակն ավելացել է:
Հետախուզվողների ընդհանուր թվում հայտնաբերված անձանց տոկոսը բարձր է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում` 8 %, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքներում` 7%, Շիրակում` 11%, Լոռում 10%, Կոտայքում 9,7%, Արարատի մարզում` 6,5%:
Ներկայացված տվյալները դրական ցուցանիշներ են, սակայն, նկատի ունենալով, որ զինվորական ծառայության զորակոչից խուսափողների և հետախուզման մեջ գտնվողների թիվը մի քանի հազար է , ապա այդ ուղղությամբ դեռ բավականին անելիքներ կան:
Մարզերի և համայնքների դատախազների կողմից կատարվել են ՀՀ գլխավոր դատախազի 2007թ. դեկտեմբերի 5-ի թիվ 72 հրամանի պահանջները, և դատախազություն ներկայացած` զինված ուժեր զորակոչվելու ցանկություն հայտնած հետախուզման մեջ գտնվող 365 զորակոչիկի նկատմամբ անհապաղ փոխվել է ընտրված խափանման միջոց կալանքը, և զորակոչիկներն ուղարկվել են զինկոմիսարիատների տրամադրության տակ: Նշված անձանցից 80-ը զորակոչվել են ՀՀ զինված ուժեր:
Երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված 479 քրեական գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միայն մեկ միջնորդություն մերժվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ: Միջնորդությունը մերժվելու կապակցությամբ բերվել է վերաքննիչ բողոք, որը բավարարվել է:
Քրեական գործերի նախաքննության ընթացքում անձանց ապօրինի ձերբակալելու և կալանավորելու դեպքեր չեն եղել:
Գարնանային զորակոչի ընթացքում ոչ ոք այլընտրանքային ծառայություն անցնելու համար չի դիմել: Կրոնական դավանանքի և համոզմունքների պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվող քաղաքացիները հրաժարվել են նաև այլընտրանքային ծառայություն անցնելուց:
2005թ. հոկտեմբերի 24-ին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո, օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992թ. մինչև 2007թ, հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը և գործում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված և 27 տարին լրացած անձանց նկատմամբ: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը կիրառվել է 1973 անձի նկատմամբ:
Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու կապակցությամբ հարուցված 27 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է մարզերի և համայնքների ընդհանուր իրավասության դատարաններ: Մեղադրյալներից 24-ը հանդիսացել են «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ: Դատի տրված բոլոր զորակոչիկները դատապարտվել են ազատազրկման 2-3 տարի ժամանակով: Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի դատապարտված զորակոչիկների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվել են ՀՀ դատախազության ինտերնետային էջում:
ՀՀ դատախազության կոլեգիայի որոշման պահանջների համաձայն, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի համայնքների դատախազություններում ամփոփվել են 2008թ. գարնանային զորակոչի ընթացքում դատախազության մարմինների կատարած աշխատանքները, «Զինապարտության մասին», «Այընտրանքային ծառայության մասին» և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման վիճակը և ամփոփման արդյունքներով զեկուցագրեր են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:
Զեկուցագրերում պետք է նշվեին 2008թ. գարնանային զորակոչի ընթացքում դատախազական մարմինների կատարած աշխատանքները, սպասարկման տարածքի զինկոմիսարիատների և զորակոչն ապահովող մյուս կազմակերպությունների և պաշտոնատար անձանց աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները, զորակոչի անցկացման բնականոն գործընթացը խոչընդոտող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, ինչպես նաև հանձնարարվել էր ներկայացնել առաջարկություններ` զորակոչի արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ:
Դատախազների կողմից ներկայացված ամփոփման տեղեկանքներում մանրամասն նշվել են աշխատանքի թվային տվյալները, սակայն չեն նշվել աշխատանքում տեղ գտած թերությունները, չեն արվել աշխատանքը բարելավելու ուղղությամբ հիմնավոր առաջարկություններ:
ՀՀ մարզերի և համայնքների դատախազների կողմից ներկայացված զեկուցագրերում չեն նշվել ՀՀ դատախազության կոլեգիայի որոշման 1.4-րդ կետի պահանջների կատարման վերաբերյալ տեղեկություններ: Չնայած այն հանգամանքին, որ 2008թ. գարնանային զորակոչի ընթացքում նախկինում չհաշվառվածների քանակը կազմել է 487 մարդ, այնուհանդերձ, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 15-րդ գլխի ոչ մի նորմ չի կիրառվել:
Մարզերի և համայնքների դատախազները պետք է առավել պատասխանատվությամբ մոտենան զորակոչի արդյունքների ամփոփմանը, իրենց կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկվող տեղեկանքներում լիարժեք ներկայացնեն այդ բնագավառում կատարված աշխատանքները, օբյեկտիվորեն նշեն տեղ գտած բացթողումները, ներկայացնեն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առաջարկություններ»:
