NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հերոսների եւ ոչ միայն նրանց մասին
Նրանք վեցն են, վեց հերոսներ. շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական` Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Արտաշես Մինասյան, Տիգրան Պետրոսյան, Գաբրիել Սարգսյան եւ թիմի մարզիչ Արշակ Պետրոսյան: Երկու տարի առաջ Թուրինում շախմատի օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճած հայ շախմատիստները երկու օր առաջ պահպանեցին իրենց նվաճումը` այս անգամ Դրեզդենում հաղթեցին եւ դարձան օլիմպիական չեմպիոններ: Ես անսահման ուրախ եմ: Վստահ եմ, որ իմ չափ ուրախ են բազմաթիվ մարդիկ, մեզանից շատ ուրախ են միայն շախմատիստներն իրենք ու նրանց հարազատները: Երեկ չեմպիոնները վերադարձել էին Հայաստան եւ մեծարանքի էին արժանանում:
Ճիշտ, իրական եւ տրամաբանական
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տոնական համերգ էր: Համերգը սկսվեց հերոսների հայրենիք ժամանելուց դեռ շատ առաջ: Հետո եկան նրանք` հերոսները, եկան ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Խոսեց միայն Սերժ Սարգսյանը: Ասաց, որ օրը տոն է բոլորիս համար, ասաց, որ գրվեց հայկական շախմատի մի անմոռանալի էջ եւս, ասաց, որ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արշակ Պետրոսյանը մեր պանծալի զավակներն են, հերոսներ` ամեն հայի համար օրինակ եւ չափանիշ, միասին ոսկե թիմ, յուրաքանչյուրը` բացառիկ անհատականություն, ասաց որ այսպիսի հերոսների կարիք ունի մեր հասարակությունը: Հետո` հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով պարգեւատրեց այս վեց հերոսներին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալ ստացան շախմատի ֆեդերացիայի փոխնախագահներ` Լեւոն Յոլյանն ու Սմբատ Լպուտյանը, Երեւանի շախմատի տան տնօրեն Հրաչյա Թավադյանը, գործարար Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը` շախմատի զարգացման գործում նշանակալի ավանդի համար:
Ոչ ճիշտ, ձեւական եւ անտրամաբանական
Սերժ Սարգսյանը մեր շախմատիստներին եւ բոլորիս ուղղված շնորհավորանքի ուղերձը ավարտեց իր նախընտրական «Առաջ Հայաստան» կարգախոսով: Մինչ նրա գալն էլ դահլիճում համերգի պահին մի շարք երիտասարդներ հանրապետական կուսակցության եւ «Առաջ Հայաստան» դրոշներ էին ծածանում: Սրանք երեւի աչքի առաջ ունեին Արմեն Աշոտյանի կամ Վազգեն Խաչիկյանի «փայլուն» կարիերան: Իսկ ահա Սերժ Սարգսյանը դժվար մոռացած լինի, որ նաեւ «Առաջ Հայաստանն» է մեղավոր մարտի մեկի տաս զոհերի համար: Բայց ասաց` «Առաջ Հայաստան» : Իբր սա քիչ էր` Ռուզան Ավետիքյանն էլ երգեց` «Առաջ,. առաջ Հայաստան» : Քանի՞ զոհ են ենթադրում:
Համերգային դահլիճից ուղիղ կապով միացանք Զվարթնոց օդանավակայան եւ Հ1-ի թղթակիցը ասաց, թե հերոսներին դիմավորելու է եկել ողջ կառավարությունը: Այդ պահին կառավարության առնվազն 10 անդամ դահլիճում էր: Նրանցից ոչ ոք չզարմացավ, չմտածեց, որ իրեն աշխատանքից հանել են: Նրանք գիտեն, թե որքան են հավաստի Հ1-ի հայտարարությունները եւ տեղեկությունները:
Մի շարք պաշտոնյաներ` օրինակ Կենտրոնի համայնքապետ Գագիկ Բեգլարյանը եկան համերգի կեսից հետո` Սերժ Սարգսյանի մուտքից մեկ երգ առաջ: Եկան նստեցին առաջին շարքում, Սերժ Սարգսյանը բեմից նրանց տեսավ: Քիչ անց, երբ Սերժ Սարգսյանը արդեն դահլիճում հանդիսատես էր` նրանք հեռացան:
Հերոսներին մեծարելու համար կազմակերպված մշակութային միջոցառմանը ներկա էր մարդկանց ծեծելը եւ գրված ու չգրված բոլոր օրենքները խախտելը մշակույթ դարձրած Սուրիկ Խաչատրյանը` Սյունիքի մարզպետը, նույն ինքը` Լիսկան: Դատելով նրա «հոգնած» դեմքից թափվող ձանձրույթից, նա էլ էր եկել միայն Սերժ Սարգսյանի հայացքին արժանանալու համար: Համերգը բառիս բուն իմաստով «վարող» Նազենի Հովհաննիսյանը ասաց, որ այս հաղթանակից հետո բաց ճակատով ենք: Բայց շատ ափսոս, թե չասաց, ում եւ որ հաղթանակից հետո էր որ ճակատներս բաց չէ:
Իսկ հերոս շախմատիստների պատվին նաեւ շքեղ հրավառություն տրվեց: Շատ գեղեցիկ էր:
Հ.Գ. Սերժ Սարգսյանը էլ առաջվանը չէ կամ էլ անձնականը պետականից վեր է դասում: Մեկ տարի առաջ նրա համար, նրա նախագահ դառնալու համար երգողների պակաս չկար: Այս անգամ հազիվ 5-6 երգչիստ-երգչիստուհի էր հավաքել: Սերժ Սարգսյանն այնքան նեղն էր եղել, որ երգչիստ-երգչիստուհիների շարքին էին դասել իրեն դերասան համարող Ավո Խալաթյանին:
