NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կվերանայվի՞, արդյոք, օրենսդրական փաթեթը
Ինչպես երեւում է, Հայաստանի խորհրդարանը սովորում է ընդունել սեփական սխալները: Համենայն դեպս այն, որ հեռարձակման ոլորտի կարգավորման օրենսդրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը հանվեց գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի օրակարգից եւ տեղափոխվեց հաջորդ քառօրյա՝ լավ նշան է: Նշանակում է պատգամավորները (կամ՝ գոնե նրանց մի մասը) այսուհանդերձ, համոզվեցին, որ օրինագծերի այդ փաթեթը իսկապես ոչ մի քննադատության չի դիմանում՝ ինչպես իրավական ձեւակերպումների, այնպես էլ՝ տրամաբանական ու քերականական սխալների տեսակետից:
Հնարավոր է, որ խորհրդարանականները նման որոշման հանգեցին հաշվի առնելով նաեւ փաթեթի վերաբերյալ լրագրողական կազմակերպությունների կոշտ հայտարարությունը: Սակայն սա, գուցե, այնքան էլ կարեւոր չէ: Գլխավորն է, որ այս անգամ խորհրդարանական մեծամասնությունը ականջալուր եղավ բանականության ձայնին եւ չցանկացավ ամեն գնով անցկացնել օրինագծերի տխրահռչակ փաթեթը: Ինչպես, օրինակ, վարվեցին անցյալ տարվա սեպտեմբերին, երբ ընդունեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, ըստ որի մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն անցկացվելու: Սա հակասում է Եվրոպայի խորհրդի, այլ միջազգային կազմակերպությունների ու նրանց ներակայացուցիչների առաջարկություններին:
Ենթադրելի էր, որ եթե այս նոր փաթեթը հանվել է քառօրյայի օրակարգից, նշանակում է որոշվել է դրանք լրջորեն վերամշակել: Իսկ եթե այդպես է, ապա մինչեւ հաջորդ քառօրյան դրանք նախապատրաստելու համար այսօր արդեն անհրաժեշտ էր, որ ակտիվորեն աշխատեր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խումբը: Սակայն նրա որեւէ նիստ անցած շաբաթներին չի եղել, իսկ հաջորդ քառօրյան՝ կսկսվի արդեն փետրվարի 23-ին:
Գուցե այդ հանձնաժողովն անսա՞ լրագրողական կազմակերպությունների կոչին՝ «... մոռանալ ... ներկայացված փաթեթը, վերադառնալ դրա նախկին տարբերակներից որեւէ մեկին եւ զբաղվել փաստաթղթերի արմատական վերամշակմամբ՝ հաշվի առնելով աշխատանքային խմբի բազմաթիվ դիտողություներն ու առաջարկություննները եւ միջազգային կազմակերպությունների երաշխավորությունները»: Սա, երեւի, կլիներ ամենաճիշտ որոշումը: Սակայն նման մտադրության նշաններ առայժմ չեն երեւում:
