NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց 2008թ տարեկան զեկույցը
Զեկույցը
ամբողջությամբ (pdf, 1.22 Mb)
«Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ճգնաժամային է»,-այսօր 2008 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս` ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա զեկույցը բաղկացած է 275 էջից, սրանով թերեւս ընդգծվում է
իրավիճակի լրջությունը: Ի դեպ, այս զեկույցում հետընտրական զարգացումները ներառված չեն, քանի որ ինչպես Հարությունյանը նկատեց, դա արտահերթ զեկույց է եղել, իսկ գնահատականները զեկույցից հետո չեն փոխվել:
2008 թվականին օմբուդսմենի գրասենյակը ստացել է 5800 դիմում, որից դրական լուծում է ստացել ընդամենը 429-ը: Արմեն Հարությունյանը, համառոտ ներկայացնելով զեկույցը, նկատեց, որ անցած տարում խախտվել է հավաքների ազատությունը` 90-ից ավել հանրահավաք քաղաքապետարանը մերժել է, իսկ այն դեպքերում, երբ ընդդիմությունն արել է իր հավաքները, դրանք անցել են խաղաղ, եւ օմբուդսմենի համար անհասկանալի է, թե ինչ ինֆորմացիայի հիման վրա են քաղաքային իշխանություններն արգելել հավաքները:
Արմեն Հարությունյանն անդրադարձավ լրագրողների նկատմամբ բռնությունների խնդրին,
կոնկրետ բերելով «ՉԻ» լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ իրականացված բռնության փաստը, որը տեսանկարահանված է, եւ,այնուամենայնիվ, մեղավորները պատասխանատվության
չեն ենթարկվել: «Գալա» հեռուստաընկերության եւ «Բջնիի» դեպքերն էլ առանձնացրեց, որպես օրենքի խտրական կիրառման փաստեր: Անդրադառնալով սեփականության իրավունքի ոտնահարման խնդրին` Արմեն Հարությունյանը հիշեցրեց, որ այդ հարցին վերաբերող բոլոր
հայցադիմումները Եվրադատարանում բավարարվում են:
Խոսելով օմբուդսմենի ինստիտուտի հանդեպ հասարակության եւ քաղաքական ուժերի վերաբերմունքի մասին, Արմեն Հարությունյանն ասաց, թե ընդդիմության եւ իշխանության ձեռքը կրակն է ընկել. երբ ասում է մի բան, որը բխում է իշխանության շահերից, ընդդիմության համար դառնում եմ «պրոյեկտ», երբ ասում եմ մի բան, որ դուր է գալիս ընդդիմությանը, իշխանության համար դառնում եմ «դրսի համար աշխատող»: «Հասարակությունն այսօր ավելի հանդուրժող է, քան քաղաքական ուժերը»,- եզրակացրեց Արմեն Հարությունյանը: Օմբուդսմենը նաեւ հանդուրժողականություն դրսեւորելու եւ սերմանելու համար սահմանել էր մրցանակ մեկ լրագրողի եւ մեկ քաղաքական գործչի համար:
Մրցանակի արժանացավ «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը եւ նախկին օմբուդսմեն, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով, ըստ Հարությունյանի` երբեք անտեղի չի քննադատում, եւ ում համար չի գործում «որքան վատ,
այնքան լավ սկզբունքը»:
Ի դեպ, չնայած որ ՀՀ օմբուդսմենը հրապարակեց 2008 թվականի տարեկան զեկույցը, խորհրդարանը դեռեւս ժամանակ չի գտել եւ չի լսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2007 թվականի զեկույցը:
Լուսանկարները՝ hra.am
