NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վաղաժամկետ ազատման հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ չէ
Մարտի 25-ին հինգ իրավապաշտպան կազմակերպություն հանդես եկան
հետեւյալ հայտարարությամբ.
25.03.2009
Մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, մտահոգություն են
հայտնում «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի
մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների» գործունեության
վերաբերյալ։ Մասնավորապես մտահոգություն են առաջացնում հետեւյալ խնդիրները՝
- Հանձնաժողովների գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ չեն սահամանվում
որոշում կայացնելու հստակ չափորոշիչներ - Հանձնաժողովների որոշումները բողոքարկման ենթակա չեն
- Հանձնաժողովների անդամներից շատերը, այդ թվում հանձնաժողովների բոլոր նախագահները
հանդիսանում են ուժային կառույցների ներկայացուցիչներ
2009 թ–ի մարտի 20–ին «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Էրեբունի»
քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովը քննարկեց մի շարք
դատապարտյալների, այդ թվում «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման
Բաբաջանյանի վաղաժամկետ ազատման հարցը։ Ըստ հանձնաժողովի անդամ, փաստաբան Նիկոլայ
Բաղդասարյանի, գաղտնի քվեարկության արդյունքում կազմված արձանագրության համաձայն Ա.
Բաբաջանյանին վաղաժամկետ ազատելու օգտին է քվեարկել 4 եւ դեմ՝ 3 անդամ։ Սակայն
ավելի ուշ հրապարակվեց, որ Ա. Բաբաջանյանի վաղաժամկետ ազատման միջնորդությունը
մերժվել է՝ 2 կողմ եւ 5 դեմ ձայներով։
Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս հաստատում է հանձնաժողովների ոչ թափանցիկ եւ
կողմնակալ գործելակերպը։ Դա ակնհայտ է հատկապես Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ
արձակելու վերաբերյալ որոշումներ կայացնելու ընթացքում։ Այս անգամ որոշում է
կայացվել շատ ավելի կասկածելի պայմաններում, ինչը տեղիք է տալիս եւս մեկ անգամ
համոզվելու, որ հերթական մերժումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել։
Մենք` ներքոստորագրյալ ՀԿ–ները, պահանջում ենք
- Վերանայել վաղաժամկետ ազատման հանձնաժողովների գործունեությունը կարգավորող
օրենսդրությունը - Վերանայել Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատվելու հարցը, ապահովելով անաչառ,
թափանցիկ եւ արժանահավատ գործընթաց
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ՝
Ավետիք Իշխանյան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ՝
Արման Դանիելյան
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ՝
Միքայել Արամյան
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ՝
Ստեփան Դանիելյան
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ՝
Արթուր Սաքունց
