Այս ընտրությունների ընթացքում բռնությունների հիմնական թիրախը լրագրողներն էին

Երեւանի ավագանու առաջին ընտրություններում կար միայն մեկ առանձնահատկություն ի հակադրություն հայկական այլ ընտրությունների: Նախկինի պես ընդդիմությունը, տեղական դիտորդները, իրավապաշտպան կազմակերպությունները բազմաթիվ խախտումներ արձանագրեցին: Նախկինի պես միջազգային կառույցների դիտորդները հայտարարեցին, որ չնայած խախտումներին, ընտրությունը լեգիտիմ էր: Նախկինի պես այս հայտարարություններին ի պատասխան ընդդիմադիրները ասացին, որ միջազգային կառույցները սեփական շահերն ունեն եւ բնավ էլ' շահագրգիռ չեն Հայաստանում ժողովրդավարության հաստատմամբ: Նախկինի նման եղան հանձնաժողովի անդամներին, դիտորդներին, վստահված անձնանց վաճառվելու դեպքեր: Առաջվա նման իշխանությունը անտեսեց տեղացիների բողոքները եւ պաշտոնական արդյունքներով ինքն իրեն հաղթող հայտարարեց: Նախկինի նման իրավապահները մեկ-երկու ընտրախախտում արձանագրեցին եւ քրեական գործեր հարուցեցին: Նախկինի նման քվեարկության օրը դիտորդների, վստահված անձնանց եւ լրագրողների նկատմամբ բռնություններ եղան: Ի տարբերություն անցած ընտրությունների, այս անգամ բռնությունների հիմնական թիրախը լրագրողներն էին: Սա էր այս ընտրությունների միակ առանձնահատկությունը: Թե ինչու էին բռնացողները կենտրոնացել հենց լրագրողների վրա' հարցրեցինք հենց տուժած լրագրողներին:

«Առավոտ» օրաթերթի թղթակից Նելլի Գրիգորյանը Երեւանի 7/25 ընտրատեղամասում տեսել է թե ինչպես է մի հաղթանդամ տղամարդ բառիս բուն իմաստով պատին դեմ է տվել Հայ Ազգային կոնգրեսի վստահված անձին' Նվարդին եւ փորձել է նրան դուրս հանել ընտրատեղամասից: Այս ամենը նկարահանելու լրագրողի փորձին հետեւել է բռնացողի հարձակումը լրագրողի վրա, նրա նկատմամբ բռնությունը, ֆոտոխցիկի հափշտակումը: Լրագրողը բնականաբար աղմուկ է բարձրացրել եւ ինչ-որ տղամարդիկ րոպեներ անց վերադարձրել են ֆոտոխցիկը, սակայն առանձ հիշողության քարտի' չիպի: Հետագայում լրագրողը պարզել է, որ իր վրա հարձակվողը եւ իր ֆոտոխցիկի չիպը գողացողը հայտնի է «Նորագյուղցի Բոկո» մականունով:
  
Մեզ հետ զրույցում Նելլի Գրիգորյանը ասաց, թե իր տպավորությամբ, լրագրողների դեմ բռնություններ էին կիրառվում այն պատճառով, որ անիմաստ էին համարում նրանց հետ բանակցելը, այնպես ինչպես բանակցել ու դրական արդյունքների էին հասել շատուշատ հանձնաժողովականների, դիտորդների եւ վստահված անձնանց հետ: «Կարծում եմ լրագրողների նկատմամբ հատուկ, ընդգծված «ուշադրության» հիմնական պատճառը դա էր: Լրագրողների վրա հարձակվելով, խլելով նրանցից ձայնագրիչներն ու ֆոտոխցիկնեռը, տեսախցիկները, ցանկանում էին վերացնել իրենց արդեն գործադրած բռնությունների վկայությունները, որ հետո տերերի մոտ պարծենալու բան ունենային' «բարձր մակարդակով» կատարած աշխատանքի համար», հայտարարեց Նելլի Գրիգորյանը: Ըստ Նելլի Գրիգորյանի, հարուցված քրեական գործերի հետ առանձնապես հույսեր չի կապում եւ չի կարծում, թե մնացած բոլոր բռնությունների մասով, որոնց վերաբերյալ գործեր չեն հարուցվել, եթե հարուցվեին' ապա ընտրական գործընթացի վրա լույս կսփռվեր: «Բանն այն է, որ մենք լրագրողների նկատմամբ բնռությունների բազմաթիվ նախադեպեր ունենք, երբ գործ է հարուցվել, բայց արդյունքում բռնարարք գործած «հեղինակությունը» ընդամենը տուրգանվել է մի քանի հազար դրամով եւ դատարանը գտել է որ դա բավականաչափ խիստ պատիժ է արարքի համար: Ուստի ինձ համար էական չէ, գործ հարուցվել է, թե ոչ: Միեւնույնն է, երկու դեպքում էլ արդյունքը' ոչինչ է», ասաց Նելլի Գրիգորյանը:

Մալաթիա-Սեբաստիայի 8/05 ընտրատեղամասում բռնություն է կիրառվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի, «Թրասնփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանի եւ «Թերթ.am» կայքի լրագրող Լիլիթ Թադևոսյանի նկատմամբ: Ըստ Արմինե Ավետյանի՝ «տեղամաս մտան մոտ 20 սափրագլուխ և հաստավիզ տղաներ ու 6 հոգով սկսեցին ոլորել իմ եւ Սոնա Այվազյանի ձեռքերը։ Ու հետ հրելով՝ տարան դեպի պատուհանները։ 5-6 հոգով էլ շրջապատեցին քվեատուփը, մյուս 5-6 հոգին՝ սեղանները, իսկ կարմիր մարզազգեստով մի տղա և մեկ ուրիշը տրցակներով լցրեցին։ Այս սափրագլուխները նաև խլեցին իմ լուսանկարչական ապարատը և սպառնացին, որ ընդհանրապես էս դպրոցից չեմ կարողանա դուրս գալ ու տուն հասնել»:

Մեզ հետ զրույցում Արմինե Ավետյանն ասաց, որ տեղի ունեցածի մի քանի բացատրություն ունի: Նախ լրագրողներն են կեղծիքները հրապարակողները եւ իշխանությունները հենց այդ հրապարակումներից էին վախենում, բռնությունները Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորությունների մեջ չեն տեղավորվում:
«Մյուս կողմից' լրագրողները բավականին անպաշտպան վիճակում էին: Ես ողջ օրվա ընթացքում եղել եմ 6-7 ընտրատեղամասում, եւ ոչ մի տեղ իշխանությունների դեմ հանձնաժողովի անդամ կամ վսհատված անձ չեմ տեսել: «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները կամ ահաբեկված էին, կամ համագործակցում էին իշխանությունների ներկայացուցիչների հետ' տպավորությունն այնպիսին էր, թե բոլորը մեկ թիմի ներկայացուցիչներն են: Մեկ-երկու տեղ էլ ՀԱԿ-ի վստահված անձինք փորձեցին դիմակայել, սակայն նրանց դեմ սափրագլուխների այնպիսի բանակ էր դուրս գալիս, որ չվախենալը դժվար էր: Ես չհասկացա, թե ինչու 7-8 հոգով հարձակվեցին իմ վրա' ես փորձում էի լուսանկարել: Բոլորը նայում էին, ոչ ոք չէր մոտենում», հայտարարեց Արմինե Ավետյանը:

Իսկ հարուցված քրեական գործերի մասին էլ ասաց. «Իմ հետ տեղի ունեցած դեպքի քնննությունը լրիվ այլ ուղղությամբ է տարվում: Ես տեսել եմ թե ինչպես էին երկու մեծ տրցակ լցնում քվեատուփի մեջ, իսկ Հատուկ քննչական ծառայությունը, գործի քննության շրջանակներում բացեց պարկերը վերահաշվարկ արեցին եւ արձանագրեցին, որ պարկերը բացված էին' այսինքն կեղծիքները արվել են պարկերը բացելու միջոցով: Այսինքն ուզում են անտեսել այն հատվածը, երբ իմ եւ դիտորդի նկատմամբ բռնություն է կատարվել: Ձերբակալված են Նորիկ Եղիազարյանը եւ Արմեն Օհանյանը, բայց նրանք ընդամենը օգնողներն են, հիմնական կեղծիք կատարողները չեն»:

Հիշեցնենք, որ լրագրողների նկատմամբ բռնություններին անդրադարձել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: 

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր խորը մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում Երեւանի ավագանու՝ 2009 թվականի մայիսի 31-ին կայացած ընտրությունների ընթացքում լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու եւ բռնությունների մի շարք փաստերի առնչությամբ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ունի նաեւ տեղեկություններ այն դեպքերի մասին, երբ լրագրողական աշխատանքը խոչընդոտելու փորձեր են արվել, սակայն քանի որ առաջացած խնդիրները լուծել են հենց իրենք՝ լրագրողները, կազմակերպությունն այդ միջադեպերը չի ներառել այս հաղորդագրության մեջ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կարծում է, որ սա Երեւանի ավագանու՝ 2009 թվականի մայիսի 31-ին կայացած ընտրությունների ընթացքում լրագրողների իրավունքների խախտման դեպքերի սպառիչ ցանկը չէ եւ դիմում է գործընկերներին՝ առաջարկելով ներակայացնել իրենց նկատմամբ կիրառված բռնարարքները, խոչընդոտումները եւ ապօրինի սահամանափակումները՝ ամբողջական պատկեր ունենալու համար»: