NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան դադարեցնում է ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 11-ին որոշում է կայացվել դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը:
Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հաղորդագրության համաձայն, տնօրենների խորհրդի որոշման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին:
Կորպորացիան ափսոսանք է հայտնել, որ չի կարողանալու շարունակել Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորումը։
«Այս որոշման պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ Կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար նախատեսվող ճանապարհների կառուցման գործում, հատկապես հիասթափեցնող է, քանի որ հենց գյուղական այդ համայնքներն են լինելու մեր գործընկերները ապագայում զարգացում ապահովելու մեջ», ասել է«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը:
Հայաստանի հետ կնքված համաձայնագրով, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան երկրին տրամադրում է 235,6 միլիոն դոլար, որից' ճանապարհների ենթածրագրի համար ընդհանուր առմամբ նախատեսվում էր հատկացնել շուրջ 68 միլիոն դոլար, ոռոգման ենթածրագրի համար' ավելի քան 160 միլիոն դոլար:
ՀՄՀ-Հայաստան ծրագիրը էական զարգացում պիտի բերեր Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդին. վերականգվելու եւ/կամ կառուցվելու էր 943 կմ գյուղական ճանապարհ, 200 կմ մայր ջրանցք, 30.000 հա ոռոգման ցանց, 18 ինքնահոս համակարգ, 7 ջրամբար եւ այլն:
ՀՄԿ տնօրենների խորհրդի 2009 թվի հունիսի 10-ի որոշման մասին հայտարարություն են տարածել ՀՄՀ Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի նախկին 3 անդամները՝(Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ,«Խորան Արդ», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ)։
«Մենք էլ ենք կարծում, որ ճանապարհաշինական ենթաբաղադրիչի ֆինանսավորման կասեցման միակ պատասխանատուն իշխանություններն են, այդ իրենք են իշխանության ձգտելիս եւ վերցնելիս խոսել այն մասին, որ իրենք պատասխանատվություն են ստանձնում: Հիմա ո՞վ է պատասխան տալու», ասված է հայտարարության մեջ:
«2008 թվի փետրվարի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրան հաջորդած զարգացումները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակումները էականորեն նվազեցրին ՀՀ ցուցանիշներից մի քանիսի վիճակը, ինչը, հասկանալի կերպով, ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք դարձավ:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները պարտավոր էին մանրամասնությամբ, բարեխղճությամբ, միջազգային կառույցների մասնակցությամբ, հնարավորինս արագ հետաքննել զանգվածային ընտրախախտումները, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված ուժային գործողությունները, 10 հայորդիների սպանությունը, հարյուրից ավելի մարդու վիրավորվելու, հազարից ավելի մարդու բերման ենթարկելու, ՀՀ քաղաքացիների իրավունքների հետեւողական սահմանափակումների, մամուլի գրաքննության, քաղաքական հետապնդումների, բանտային խոշտանգումների դեպքերը եւ հաշվետու լինել հանրությանը, իշխանությունները խոշոր հաշվով որեւէ նման գործողություն չձեռնարկեցին, ինչով ցուցադրեցին իրենց անտարբերությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասնակի կամ ամբողջական կասեցման ռիսկի նկատմամբ:
Իշխանություններին ուղղված ողջախոհության մեր եւ քաղաքացիական հասարակության այլ անդամների մեկ տասնյակից ավելի կոչերն արհամարհվեցին», համոզված են հայտարարության հեղինակները, ովքեր նշում են, որ խնդիրը կարգավորելու համար հայաստանյան իշխանությունների մշակված «Ցուցիչների բարելավման ծրագրի» նախագծի համար, 4 ամիս առաջ առաջարկվել է այնպիսի գործողություններ, որոնցով ակնհայտորեն կբարելավվեր Հայաստանում ընտրական գործընթացը:
«Այս առաջարկները ընդունելու կամ առնվազն քննարկելու փոխարեն Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ' 2009 թվի մայիսի 31-ին, ականատես եղանք ընտրողների կամաարտահայտման այլանդակման այնպիսի մասշտաբների, ինչպիսիք նախկինում չէին եղել. ընտրական հանձնաժողովականների, վստահված անձանց ու դիտորդների աչքի առաջ անպատիժ լցոնումներ, լրագրողների, դիտորդների ու վստահված անձանց ծեծ ու հալածանքներ, ապօրինությունները չտեսնելու տվող վախեցած եւ թշվառ ոստիկաններ, թաղային եւ մերձօլիգարխիկ հեղինակությունների խրախճանք»:
Հայտարարության հեղինակները ափսոսանք են հայտնում բոլոր այն 265 գյուղական համայնքների համար, որոնք շահելու էին այս ծրագրի ճանապարհաշինական ենթաբաղադրիչով նախատեսված 943 կմ ճանապարհի վերականգնումից:
Հունիսի 11-ին տեղի է ուընեցել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որտեղ քննարկվել և հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող հատկացման հայտը եւ դրան կից փաստաթղթերը, որոնք ընդգրկում են եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, ամփոփ հաշվետվությունը եւ աշխատանքային այլ փաստաթղթեր:
«Հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացնելուց հետո, կներկայացվի ՀՄԿ հաստատմանը:
Կառավարման խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակում ընդգրկված Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքներում իրականացվող շինարարական աշխատանքների կատարումը Համաշխարհային բանկին փոխանցելու եւ վեց մայր ջրանցքների վերականգնման աշխատանքների նոր ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը, գյուղական ճանապարհների, ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրերի եւ ջրից դեպի շուկա բաղադրիչի իրականացման գործընթացների որակական գնահատման պայմանագրերի նախագծերը», տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը Համաշխարհային բանկը, ինչպես հունիսի 12-ին հայտարարել է դրա երևանյան գրասենյակի ղեկավարը, պատրաստվում է ավելի քան 60 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրերին :
