NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անհանդուրժողականություն քննադատության նկատմամբ
Այս հիվանդությամբ է տառապում ոչ միայն իշխանությունը, այլեւ նրան սպասարկող մտավորականությունը
Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Վերջին շրջանի երկու հանգամանք՝ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի կողմից 15-րդ համագումարը լուսաբանել ցանկացող մի շարք ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելը եւ ՀՀ իշխանություններին «Ա1+» հեռուստաընկերության եթեր վերադառնալու անհրաժեշտությունը հիշեցնող ԵԽԽՎ 1677(2009) բանաձեւը, ամբողջովին բնութագրում են երկրի տեղեկատվական ոլորտում առկա իրավիճակը:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ, ապա դրան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Լեւոն Անանյանը համառորեն փորձում էր համոզել, թե հուլիսի 4-ին՝ ՀԳՄ համագումարի ժամանակ ոչ մի դատապարտելի բան տեղի չի ունեցել։ Ընդհակաrակը, իբր ամեն ինչ եղել է քաղաքակիրթ՝ կազմակերպել են լրագրողների հավատարմագրում, եւ նրանց, ովքեր այն չեն անցել, չի թույլատրվել ներկա գտնվել համագումարին, քանի որ դահլիճը այնքան մեծ չէ, որ բոլոր ցանկացողները տեղավորվեն:
Այսուհանդերձ, Անանյանի նախաձեռնության «զոհը» դարձածների հակափաստարկներն ավելի ծանրակշիռ են: Նախ՝ հավատարմագրումն իբրեւ լրագրողների հետ աշխատանքի ձեւ նախկինում երբեք չի կիրառվել ՀԳՄ կողմից, ինչը միանգամայն համապատասխանում էր՝ ԶԼՄ-ների եւ հասարակության համար առավելագույնս թափանցիկ լինելու կոչված այդ կազմակերպության կարգավիճակին: Երկրորդ՝ հավատարմագրման սահմանված կարգը միատեսակ չէր բոլոր լրատվամիջոցների համար եւ հավասար պայմաններ չէր ապահովում: Երրորդ՝ ՀԳՄ մոտ հարյուր անդամ չէր մասնակցում համագումարին, եւ ցանկության դեպքում հանգիստ կարելի էր լրագրողներին տեղավորել: Եվ վերջապես, գլխավորը՝ ըստ Անանյանի ընդդիմախոսների, հավատարմագրումը կիրառվել էր հենց այն ԶԼՄ-ների թղթակիցների համար, որոնք քննադատորեն էին լուսաբանում Գրողների միության անառողջ մթնոլորտը, սկանդալներն ու գզվռտոցները, որոնք ակնհայտորեն անցնում էին պարկեշտության բոլոր սահմանները:
Որքան համառորեն է Անանյանն արդարանում, այնքան ավելի է երեւում նրա դիտավորությունը: Օրինակ, հիշատակված հաղորդման մեջ նա վրդովված նշում էր, թե «որոշ ԶԼՄ-ներ քիթները խոթում են կազմակերպության գործերի մեջ»: Իսկ «Հրապարակ» թերթի եւ «Ար» հեռուստաընկերության հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները կասկածներ չեն թողնում, որ ՀԳՄ նախագահը ամեն ինչ արել էր, որ իրեն ոչ հաճելի մի քանի լրատվամիջոցներ ներկա չլինեն համագումարում, որտեղ կարող էին նոր սկանդալներ բորբոքվել:
Ընդսմին, Անանյանը խախտել է ԶԼՄ-ներին առնչվող օրենքները, այդ թվում ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ չնայած չարաբաստիկ համագումարից անցել է համարյա երկու շաբաթ, մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ դեռ շարունակում են իրենց վրդովմունքը հայտնել եւ մտադիր են դիմել դատարան ընդդեմ ՀԳՄ նախագահի:
Սակայն, ցավոք, դատարանների միջոցով խնդիրները, այդ թվում նաեւ տեղեկատվության ոլորտին առնչվող, Հայաստանում չեն լուծվում: Անգամ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները կարող են արհամարհվել, եթե դրանք հակասում են իշխող վերնախավի պատկերացումներին:
Դրա վառ ապացույցը «Ա1+»-ի շուրջ ստեղծված իրավիճակն է։ ԵԽԽՎ բանաձեւերը, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի վճիռը Հայաստանի իշխանություններից պահանջում են բարենպաստ պայմաններ ստեղծել հեռուստաընկերությանը եթեր վերադարձնելու համար, սակայն երկրի խորհրդարանը ընդունում է դրան տրամագծորեն հակառակ օրենք, որով կասեցվում է հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթների անցկացումը: ԵԽԽՎ 2009 թվականի հունիսյան նստաշրջանում ընդունվում է եւս մեկ բանաձեւ (1677), որտեղ դարձյալ մատնացույց է արվում «Ա1+»-ի խնդիրը, սակայն կառավարող վերնախավը հստակ հասկացնել է տալիս, որ իրեն բոլորովին դուր չի գալիս փաստաթղթի այդ կետը: Հետեւաբար, կարելի է վստահաբար կանխատեսել, որ այս անգամ էլ կառավարությունը ականջի հետեւ կգցի եվրոպական գործընկերների համառ հորդորները:
Իհարկե, «Ա1+»-ի եթեր չվերադառնալը եւ Գրողների միության համագումարը լուսաբանելու ցանկություն ունեցող լրագրողների աշխատանքը խոչընդոտելը իրենց նշանակությամբ տարբեր խնդիրներ են: Սակայն երկուսի պատճառն էլ նույնն է. անհանդուրժողականությունը քննադատության, հակառակ կարծիքի, այլ հայացքի նկատմամբ: Եվ հենց միայն «Ա1+»-ին եթերի հնարավորություն տալու միտքը իշխանությունների մոտ նույնպիսի անառողջ ջղագրգռություն է առաջացնում, ինչպես Անանյանի մոտ՝ իր ղեկավարած Գրողների միությունում ամոթալի փոխհարաբերությունների մասին հրապարակումները:
