NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարտի 1–ի զեկույց

ՀՀ ՈՍ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները
Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ' Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ու Ժառանգությունը ներկայացնող Սեդա Սաֆարյանը կազմել են իրենց հերթական զեկույցը, որը վերաբերվում է ոստիկանության 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին: Այսօր արդեն այս զեկույցը ներկայացվել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:
Առաջնորդվելով 2009թ. Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ՙՀայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին՚ թիվ 1677 բանաձևի 8.1 կետով' ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբների 23-ի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը /այսուհետև զեկուցողներ/ որոշեցին 2008 թվականի մարտի 1-ին հրազենով վիրավորված և ապա ապրիլի 11-ին մահացած Ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների ուսոմնասիրության արդյունքները ներկայացնել Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին:
Փաստահավաք խումբն ուսումնասիրել է 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի նյութերը, բացատրություններ ստացել ՀՀ ՈԶ նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանից, ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի հրամանատար, գնդապետ Արսեն Գալստյանից, հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Անտոնյանից, նույն զորամասի 2-րդ գումարտակի շտաբի պետ, մայոր Գևորգ Սևոյանից, դասակի հրամանատար լեյտենանտ Գոռ Վահրամյանից, 2-րդ գումարատակի 2-րդ վաշտի հրամանատար, կապիտան Գրիգոր Շահինյանից, նույն վաշտի զինծառայող Արթուր Արաբյանից:
Փաստահավաք խումբն արձանագրում է, որ 2008 թ. մարտի 1-ին ժամը 22.20-ին Տիգրան Աբգարյանը շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է Հերացու անվան բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց' պարանոցի հրազենային միջանցիկ վիրավորում ախտորոշմամբ: Առաջին բժշկական օգնություն ցույց տալուց հետո մարտի 2-ին ժամը 02-ին նրան տեղափոխել են ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունք: Իսկ մարտի 2-ին ժամը 16-ին Տիգրան Աբգարյանը ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՙՄիքայելյան Վիրաբուժության ինստիտուտ՚ ՓԲԸ, որտեղ մահացել է 2008 թ. ապրիլի 11-ին ժամը 20. 00:
2008թ մարտի 3-ին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Երեմյանի որոշմամբ նշանակվել է Տիգրան Աբգարյանի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ դատաբժիշկներին:
2008 թ. մարտի 8-ին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Երեմյանը որոշում է կայացրել Տիգրան Աբգարյանի հագուստները առգրավելու մասին: Առգրավումը կատարվել է ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի շտաբի շենքից, որտեղ 2-րդ գումարտակի շտաբի պետ մայոր Գևորգ Սևոյանը ներկայացրել է մեկ հատ ձմեռային բաճկոն և հայտարարել, որ այն Տիգրան Աբգարյանի ձմեռային բաճկոնն է:
2008 թ. մարտի 17-ին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Երեմյանի որոշմամբ նշանակվել է նույն բաճկոնի դատահետքաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ ԱՆ ՊՈԱԿ փորձագիտական կենտրոնին:
Դիակի դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է ապրիլի 11-ին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Երեմյանի որոշմամբ: Փորձաքննությունը կատարել է փորձագետ Գ. Հարությունյանը:
Ա. Բաճկոնի զննում:
Ըստ բաճկոնի զննման արձանագրության' բաճկոնի օձիքը արհեստական մորթուց է և հիմնական օձիքին ամրանում է 4 հատ սև գույնի կոճակներով: Օձիքի արտաքին կողմում' հիմնական օձիքի աջ կողմից դեպի ձախ 16 սմ հեռավորության վրա և օձիքի կցակարից դեպի վեր 2 սմ հեռավորության վրա առկա է 2,5x0,3 սմ չափերով պատռվածք տեսքով վնասվածք' պատված արնանման հետքերով: Տվյալ վնասվածքից 3,5 սմ դեպի վեր առկա է կլորավուն փոքր անցք, որից իր հերթին 5 սմ դեպի վեր առկա է մեկ այլ կլորավուն փոքր անցք: Օձիքին ամրացված մորթին նույնպես պատված է արնանման հետքերով: Բաճկոնի վրա այլ վնասված հետքեր չեն հայտնաբերվել:
Արձանագրված թերություններ
Զեկուցողները պարզեցին, որ քննիչն անմիջապես չի գնացել հիվանդանոց Տիգրան Աբգարյանի հագուստները առգրավելու: Ավելին, կրակոցի արգասիքների առկայությունը պարզելու նպատակով քննիչը բժիշկների օգնությամբ տամպոններով չի վերցրել Տիգրան Աբգարյանի վնասվածքի, քթանցքերի, ականջների և դեմքի շրջաններից քսուկներ:
Հաշվի առնելով, որ հրազենային վնասվածքը Տիգրան Աբգարյանը ստացել է առջևից, քննիչի կողմից զննման ժամանակ չի նշվել, թե վնասվածքի հատվածին համապատասխանող բաճկոնի առջևի հատվածում առկա են արդյոք արնանման կամ այրվածքի հետքեր: Քննիչը չի մատնանշել նաև զննման արձանագրության մեջ օձիքի վրայի իր կողմից նշված արնանման հետքերի տեղակայումը, դրանց չափսերը, ինչպես նաև օձիքի վրայի մյուս երկու փոքր կլորավուն անցքերի չափերը:
Զննման արձանագրությունը ուսումնասիրելիս ծագում են հետևյալ հարցերը. ինչու՞ է քննիչը առգրավումը կատարել միայն մարտի 8-ին, այլ ոչ թե դեպքի օրը; ինչպե՞ս պատահեց, որ Տիգրան Աբգարյանի ձմեռային բաճկոնը հայտնվեց զորամասում, ու՞ր են մնացած հագուստները, որոնք դեպքի օրը եղել են նրա հագին' զրահաբաճկոնը, զինվորական կիտելը և մայկան; ինչու՞ դրանք չեն առգրավվել և զննվել, ինչու՞ այս առնչությամբ որևէ քննություն չի իրականացվել:
Բ. Բաճկոնի դատահետքաբանական փորձաքննություն
2008 թ. մարտի 17-նի ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Երեմյանի որոշմամբ նշանակվել է դատահետքաբանական փորձաքննություն, ինչի առնչությամբ փաստահաավաք խմբի զեկուցող անդամների մոտ ծագեցին հետևյալ հարցադրումները. ա. եթե վնասվածքը հրազենային է, ապա ինչու է քննիչը նշանակել Տիգրան Աբգարյանի բաճկոնի դատահետքաբանական փորձաքննություն, այլ ոչ թե դատաձգաբանական: բ. ինչու՞ քննիչը բաճկոնի վրայի կրակոցի արգասիքների առկայությունը պարզելու ուղղությամբ փորձագետի առջև խնդիր չի առաջադրել, ինչը հնարավորություն կտար որոշելու կրակոցի հեռավորությունը: գ. Ինչու՞ է փորձաքննությունը նշանակվել միայն մարտի 17-ին:
Ըստ թիվ 09330802 դատահետքաբանական, դատաձգաբանական և դատապայթյունատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության /հունիսի 23, 2008 թ/ բաճկոնի օձիքի ետևի հատվածի վրա' օձիքի միացման կարից 2,5 սմ ետ և օձիքի աջ ազատ եզրից 17 սմ դեպի ձախ առկա է միջանցիկ, անկանոն տեսքի վնասվածք 19x9 մմ չափերի: Նկարագրված վնասվածքը շարունակվում է բաճկոնի օձիքի և մորթենման օձիքի վրա երեքական շոշափող և միջանցիկ, անկանոն տեսքի վնասվածքների ձևով: 19x9 մմ չափերի վնասվածքը նկարագրված է որպես անհարթ, վնասված թելիկների ազատ ծայրերը գզգզված, բարակեցված և դեպի դուրս ուղղված, որը վկայում է, որ դա ելքի վնասվածք է:
Փորձագետը ՙհետևության՚ մասում նշել է, որ ձմեռային բաճկոնի վրա նկարագրված վնասվածքները հրազենային են, գնդակային, առաջացել են պղինձ պարունակող գնդակով, առջևից-ետ ուղղությամբ կատարված առնվազն մեկ կրակոցի հետևանքով: Զինվորական ձմեռային բաճկոնի վրա նկարագրված հրազենային վնասվածքները հանդիսանում են ելքի վնասվածք:
Արձանագրված բացթողումներ/ թերություններ
Փորձագետի կողմից չի նշվել երեքական շոշափող միջանցիկ վնասվածքների և հիմնական վնասվածքի միմյանց նկատմամբ դիրքը, հեռավորությունը և չափերը: Նկարագրելով առանձին երեքական շոշափող և միջանցիկ վնասվածքները' առանց որևէ հիմնավորմամբ /արհեստականորեն/ դրանք ներկայացվել են իբրև հիմնական վնասվածքի շարունակություն' չհստակեցնելով վնասվածքների քանակը: Ըստ փորձագիտական եզրակացության առկա է բաճկոնի օձիքի մեկ 19x9 մմ չափերի վնասվածք և առանձին' երեքական շոշափող և միջանցիկ վնասվածքներ, այլ կերպ ասած' յոթ վնասվածք: Մինչդեռ այս մասին փորձագետը հստակ ոչինչ չի նշել, հատկապես հաշվի առնելով, որ քննիչը բաճկոնը զննելիս նկարագրել էր այդ վնասվածքների հեռավորությունը հիմնական վնասվածքից:
Փորձագետը, նկարագրելով վնասվածքները որպես ելքի անցքեր, փորձել է դրանց շուրջ հայտնաբերել վառոդային մրի հետքեր, վառոդի կիսաայրված մասնիկներ, քսայուղերի և կրակոցի արգասիքների մետաղացման հետքեր: Նման հետազոտությունը կատարվում է ընդհուպ կրակոցի փաստը հաստատելու նպատակով:
Փորձագետը կիրառել է դիֆուզ-կոնտակտային մեթոդը և դրա արդյունքում ձմեռային բաճկոնի օձիքի վնասվածքների ներքին մակերևույթի վրա հայտնաբերել պղնձի մետաղացման թույլ ինտենսիվության հետքեր: Արտաքին մակերևույթին փորձագետը պղնձի մետաղացման հետքեր չի հայտնաբերել: Զեկուցողները հատկապես հարկ են համարում անդրադառնալ այն հանգամանքին, որ փորձագետը փաստելով պղնձի առկայությունը, այդ առնչությամբ խուսափել է որևէ մեկնաբանություն/հետևություն անելուց: Հայտնի է, որ ՙընդհուպ կրակոցի՚ ժամանակ վառոդի կիսաայրված մասնիկները, վառոդային մրի հետքերը, քսայուղերը, և կրակոցի արգասիք պղնձի և անտիմոնի մետաղացման հետքերը առկա են վերքային խողովակում և ՙելքի՚ անցքի մոտ:
Հարկ է ավելացնել, որ փորձաքննությունը կասեցվել է 2008 թ. մարտի 19-ին, քանի որ փորձագետը միջնորդություն է ներկայացրել քննիչին իրեն տրամադրել Տիգրան Աբգարյանի դատաբժշկական փորձաքննության երզակացությունը: Փաստորեն, ունենալով Տիգրան Աբգարյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և տեղյակ լինելով, որ հրազենային ՙմուտքի՚ անցքը առջևից է, փորձագետը որևէ փորձ չի արել պարզելու բաճկոնի առջևի մասի, հրազենային ՙմուտքի՚ վնասվածքին հարող հատվածում, վառոդային մրի հետքերի, կիսաայրված վառոդների մասնիկների, քսայուղերի հետքերի, ինչպես նաև կրակոցի արգասաիքները կազմող պղնձի և անտիմոնի մետաղացման հետքերի առկայությունը, որի միջոցով կպարզվեր ու կհստակեցվեր կրակոցի հեռավորությունը:
Փորձագիտական եզրակացության մեջ բացակայում է կրակոցի հեռավորության վերաբերյալ որևէ նշում: Մինչդեռ դատաձգաբանական փորձաքննության հիմնական նպատակներից մեկը հենց կրակոցի հեռավորության որոշումն է: Ունենալով մեկ 19x9 մմ չափսերի վնասվածք, և դրանից բացի, նաև երեքական շոշափող ու միջանցիկ վնասվածքներ, փորձագետը եզրակացության հետևության մեջ չի նշել դրանց քանակը, չափերը և դասավորվածությունը բաճկոնի օձիքի վրա: Լղոզելով առկա տվյալները, սահմանափակվել է նշելով' նկարագրված վնասվածքները հրազենային են /այսինքն նկատի է ունեցել մեկից ավելի հրազենային վնասվածքների առկայություն/ և կատարվել է առնվազն մեկ կրակոց /ընդունել է մեկից ավելի կրակոցների առկայության փաստը/: Այսքանով հանդերձ դատաձգաբանական փորձագետները նշել են, որ ՙբաճկոնի վրա նկարագրված հրազենային վնասվածքները հանդիսանում են ելքի վնասվածք՚: Տրամաբանական հարց է ծագում, ինչպե՞ս է հնարավոր մի քանի հրազենային վնասվածքները դիտել որպես մեկ ելքի վնասվածք:
Գործի նյութերը ցույց են տալիս, որ քննիչը որևէ կերպ չի արձագանքել եզրակացության մեջ առկա անհստակություններին, հակասություններին և բացթողումներին, փորձագետներին չի տվել պարզաբանման կարիք ունեցող որևէ հարց:
Գ. Դիակի դատաբժշկական փորձաքննությունը
Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 392 եզրակացության /մայիսի 22, 2008 թ./ Տիգրան Աբգարյանին հիվանդանոց ընդունելիս ՙհիվանդության պատմության՚ մեջ նշվել է' հրազենային մուտքի անցք 3x3 սմ չափերով պարանոցի առաջային մակերեսին աջից և ելքի անցք հետին մակերեսին հարողնաշարային շրջանում հարցականի տեսքով, որը տամպոնացված է: Պարանոցի առաջային մակերեսին աջից անրակակրծոսկրային մկանի առաջային եզրով առկա է կարված հետվիրահատական վերք մինչև 12 սմ երկարությամբ:
Փորձագետը փաստել է դիակի վրա հետևյալ մարմնական վնասվածքները.
- հետին ձախ ճակատային շրջանում ուղղաձիգ ուղղությամբ առկա է վարդագույն գծային ձևի սպի 4,5 սմ երկարությամբ,
- նույնպիսի սպիներ կան' ձախ քունքային շրջանում ուղղաձիգ ուղղությամբ 4,0 սմ երկարությամբ, պարանոցի ձախ կեսի առաջային մակերեսին 10,0 սմ երկարությամբ,
- պարանոցի առաջային մակերեսին միջին գծով վահանաճառից 2 սմ ցած 5,0 սմ երկարությամբ /ըստ հիվանդության պատմագրի նշված սպին համապատասխանում է ՙմուտքի՚ անցքի տեղակայմանը և գտնվում է ներբանից 147-153 սմ բարձրության վրա/,
- ձախ ենթաանրակային շրջանում' անրակին զուգահեռ 4,0 սմ երկարությամբ սպի,
- պարանոցի աջ կեսին առաջային մակերեսին ծնոտի անկյունից սկսած մինչև վերանրակային շրջանը 10,0 սմ երկարությամբ սպի,
- որովայնի առաջային պատին ուղղաձիգ ուղղությամբ 6,5 սմ երկարությամբ սպի,
- աջից զստոսկրի կատարի մակարդակին 8,0 սմ երկարությամբ սպի,
- աջ և ձախ աճուկային շրջաններում' աջից երկու հատ, ձախից մեկ հատ' մեկական սմ երկարություններով սպիներ,
- պարանոցի առաջային մակերեսին, ստորվահանաճառային շրջանում առկա է հարթ եզրերով վերք, որը հաղորդակցվում է շնչափողի հետ' տրախեստոմա,
- գլխի ծոծրակային շրջանում միմյանց սիմետրիկ դասավորությամբ առկա են թվով չորս հատ վերքեր' գորշ կեղևով պատված, կլորավուն ձևի, քառանկյան անկյուններում դասավորված տեսքով 2,0x1,0 սմ -ից 3,0x2,0 սմ չափսերով,
- պարանոցի աջ կեսի ստորին երրորդականում հետին մակերեսին ուղղաձիգ ուղղությամբ առկա է անհարթ եզրերով վերք' 2,0x0,5 սմ չափսերով, որի մեջ դրված է ստերիլ վիրակապ, վերջինիս հանումից և ստուգումից հետո պարզվեց, որ վերքային խողովակը հաղորդակցվում էր ողբաշարի հետ /նշված վերքը ըստ հիվանդության պատմագրի համպատասխանում է ՙելքի անցքին՚ / գտնվում է ներբանից 152 սմ բարձրության վրա,
- քթի ծայրին առկա է բաց շագանակավուն գույնի նուրբ կեղևով պատված մացերացված տեղամաս 1,5x1,0 սմ չափսերով,
- կրծքավանդակի հետին մակերեսին' ստորթիակային շրջանում, աջ և ձախ կրունկային շրջաններում առկա են գորշ գույնի խոնավ մակերեսներով պատված վերքային մակերեսներ 2,0x2,5 սմ -ից 3,0x2,0 սմ չափսերով /պառկելախոցեր/:
Եզրակացության հետևություններում շարադրված է.
Տիգրան Աբգարյանի մահը վրա է հասել ողնուղեղի կարևորագույն կենսական ֆունկցիաների խանգարումից' պարանոցի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստանալու հետևանքով: Վերը նշված հրազենային վնասվածքը պատճառվել է կենդանության օրոք, գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործությամբ և մահվան պատճառի հետ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ:
Կենդանության օրոք հանգուցյալը տառապել է հետևյալ հիվանդությաններով' հետտրավմատիկ օբստրուկտիվ հիդրոցեֆալիա, վիճակ վենտրիկուլյոպերիտոնեալ շունտի տեղադրումից հետո, վիճակ տրախեոստոմայի տեղադրումից հետո, երկկողմանի թարախային ասպիրացիոն թոքաբորբ: Նշված հիվանդությունները հանդիսանում են որպես հիմնական հիվանդության' պարանոցի հրազենային վիրավորման բարդություն և մահվան պատճառի հետ գտնվում են պատճառական կապի մեջ:
Ելնելով հիվանդության պատմագրում նկարագրված հրազենային վերքերի տեղակայումից' մուտքի անցք պարանոցի աջ կեսի առաջային մակերեսին և ելքի անցք պարանոցի աջ կեսի հետին մակերեսին, կարելի է եզրահանգել, որ կրակոցը կատարվել է մարմնի երկայնական առանցքի նկատմամբ' առաջից հետ, քիչ ձախից աջ ուղղությամբ, իսկ ավելի ստույգ նշված հարցը հնարավոր կլինի պարզաբանել հագուստների հետքաբանական փորձաքննությամբ:
Ըստ հիվանդության պատմագրի տվյալների կրակոցը կատարվել է տվյալ տեսակի զենքի համար կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից, սակայն նշված հարցը ևս ստույգ կլինի պարզաբանել հագուստների հետքաբանական փորձաքննությամբ: Նշված հարցը հնարավոր է պարզաբնել համալիր փորձաքննությամբ:
Արձանագրված թերություններ/հակասություններ
Փաստահավաք խմբի զեկուցող անդամները գտնում են, որ փորձագետը թերացել է իր առջև դրված խնդիրը լուծելուց և հետևության մեջ չի անդրադարձել մնացած վնասվածքներին, չի նշել դրանց առաջացման մեխանիզմը և վաղեմությունը:
Անհասկանալի է, թե ինչու՞ դատաբժշկական փորձագետը դատահյուսվածքաբանական հետազոտման նպատակով չի վերցրել Տիգրան Աբգարյանի հրազենային վնասվածքի ՙմուտքի՚ անցքի շրջակայքից մաշկալաթ և չի հանձնարարել կատարել համապատասխան փորձաքննություն, որը հնարավորություն կտար պարզելու կրակոցի արգասիքների առկայությունը և դրանով իսկ որոշել կրակոցի հեռավորությունը: Այն դեպքում, երբ նույն փորձագետը դատահյուսվածքաբանական բաժանմունքի արխիվի համար վերցրել է դիակի տարբեր ներքին օրգաններից կտորներ /գլխուղեղ-2, սիրտ-2, լյարդ-1, թոք-5, երիկամ-2, փայծաղ-1, ենթաստամոքսային դեղձ-1, մակերիկամ-2/: Փոխարենը, դատաբժշկական փորձագետը, լոկ հղում կատարելով հիվանդության պատմագրի տվյալներին, որոշել է, որ կրակոցը կատարվել է տվյալ տեսակի զենքի համար կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից, չնշելով սակայն, թե բժշկական ինչ տվյալների հիման վրա է հանգել նման եզրակացության:
Անհասկանալի է, թե սովորական հիվանդանոցային պայմաններում բուժող բժիշկները կարող էին արդյոք կատարել դատաբժշկական փորձագետի իրավասության մեջ մտնող գործառույթներ և կատարվել են արդյո՞ք դրանք: Միաժամանակ դատաբժշկական փորձագետը նշել է, որ կրակոցի լրացուցիչ արգասիքների առկայության հարցը ավելի ստույգ հնարավոր կլինի պարզաբանել հագուստների հետքաբանական փորձաքննությամբ:
Զեկուցողների մոտ ծագում է հետևյալ հարցը' եթե դատաբժշկական փորձագետը համոզված չէ իր կատարած հետևության վրա, առաջարկում է քննիչին նշանակել համալիր դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություն կրակոցի հեռավորության հարցը լուծելու նպատակով, ապա ինչու է ՙհեռավորության՚ վերաբերյալ եզրահանգում արել հետևության մեջ և այն էլ հիվանդության պատմագրի տվյալների հիման վրա: Ավելին առանց մաշկալաթի և վերքային խողովակի դատահյուսվածքաբանական հետազոտության, ինչպե՞ս պետք է կատարվեր համալիր փորձաքննությունը:
Անհասկանալի է, թե ինչու դատաբժշկական փորձագետը չի անդրադարձել ՙմուտքի՚ անցքի չափերին և չի նշել, որ դիակի արտաքին զննությամբ պարզված 5սմ երկարությամբ հրազենային ՙմուտքի՚ անցքը ինչ հեռավորության վրա կատարված կրակոցից կարող է առաջանալ: Զեկուցողները փաստում են, որ դատաբժշկական փորձագետի կողմից դիակի արտաքին զննության արդյունքում ընդհանրապես չի նկարագրվել ՙմուտքի՚ անցքի շրջակայքում մաշկը, չի նշվել' առկա են արդյո՞ք կրակոցը բնութագրող լրացուցիչ գործոններ: Հայտնի փաստ է, որ ելնելով ՙմուտքի՚ անցքի չափերից, կարելի է որոշել կրակոցի հեռավորությունը: Այդ հարցի վերաբերյալ հստակ նշված են տարբեր մասնագիտական գրականության աղբյուրներում: Այսպես, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր, գիտության վաստակավոր գործիչ Վյաչեսլավ Լեոնիդի Պապովը 2006 թվականին հրատարակած ՙԴատական բժշկություն՚ դասագրքի 12-րդ գլխում անդրադարձել է հրազենային վնասվածքներին'
Неблизкая дистанция---Типичная входная огнестрельная рана-небольших размеров, круглой формы: Наружный диаметр пояска осаднения примерно равен калибру огнестрельного снаряда. Выходным ранам обычно не свойственны поясок осаднения и поясок метализации: Дефект в области выходной раны либо отсутствует, либо имеет форму конуса, вершиной обращенного наружу. /стр. 171-172/
Близкая дистанция' выстрел в упор---При выстреле в упор под прямым углом к поверхности повреждаемой части тела основная масса вылетающих из канала ствола пороховых газов, действуя компактно, пробивают кожу и расширяясь во все стороны в начальной части раневого канала, отслаивает кожу и с силой прижимает ее к дульному концу оружия. При выстреле в упор образуется большой дефект кожи, превышающий по размеру калибр огнестрельного снаряда, как следствие пробивного действия пороховых газов. /стр. 175-176/
Ранения автоматической очередью---При выстрелах с близкой дистанции в упор это может приводить к образованию соединенных /сдвоенных или строенных ран/. /стр. 178/
Դ. Դեպքի հանգամանքների պարզաբանում
Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար լեյտենանտ Գոռ Վահրամյանը նույն զորամասի զինծառայող Տիգրան Աբգարյանի վիրավորվելու փաստի առթիվ հայտնել է, որ ձկան խանութի մոտից նահանջի ժամանակ Տիգրան Աբգարյանը ոստիկանության զորքերի հետ միասին նահանջել է: Ժամը 23-2330-ի սահմաններում նահանջելով դիրքավորվել են Լեո փողոցի սկզբնամասի չորս հարկանի շենքի կողքը: 5-10 մետր Լեո փողոցով ետ են գնացել և այդ ժամանակ իրեն մոտեցել է զինծառայող Արտյոմ Խաչատրյանը և հայտնել, որ ՙՏիգրան Աբգարյանին խփել են՚: Նա Արտյոմ Խաչատրյանից պարզել է, որ Տիգրան Աբգարյանին ՙխփել՚ են Լեո փողոցի սկզբնամասում' առաջին դալանի մոտ: Արտյոմ Խաչատրյանը այլ զինծառայողների հետ միասին նրան գրկած բերել է Լեո փողոցի վրա գտնվող պոլիկլինակա: Դարպասները ջարդել են և նրան ներս մտցրել: Այնտեղ են գտնվել բոլոր հրամանատարները ՀՀ ՈԶ հրամանատար գեներալ Գրիգոր Գրիգորյանի հետ միասին: Ինքը անձամբ տեսել է Տիգրան Աբգարյանին, որի բերանից և կոկորդից արյուն էր գալիս և որին օգնություն էր ցույց տալիս զորամասի բժիշկը: Այդ ժամանակ մոտեցել է շտապօգնության ավտոմեքենան և նրան տեղափոխել հիվանդանոց: Գոռ Վահրամյանը հայտնեց, որ մինչ օրս մեկ անգամ է ընդամենը ցուցմունք տվել և չի հիշում Տիգրան Աբգարյանի դեպքի մասին քննիչն իրեն որևէ հարց տվել է, թե ոչ:
Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի գումարտակի շտաբի պետ մայոր Գևորգ Սևոյանը հայտնել է, որ դեպքի օրը զինծառայողները եղել են ձմեռային համազգեստով, հագներին եղել է զրահաբաճկոն, սաղավարտ և վահանակներ: Նա չի իմացել, թե ինչ պայմաններում և որտեղ է վիրավորվել Տիգրան Աբգարյանը: Ըստ իրեն հասած լուրերի Տիգրան Աբգարյանը վիրավորվել է Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկների հատվածում, հավանական է ՙՍվին՚ խանութի մոտակայքում: Տիգրան Աբգարյանի վիրավորվելու մասին իմացել է, երբ մտել են Լեո փողոց: Այնուամենայնիվ, չի հետաքրքրվել զինվորներից, թե որտեղ և ինչ պայմաններում է դեպքը տեղի ունեցել: Տիգրան Աբգարյանի զինվորական հագուստները իրենց շտաբի շենքից քննիչի կողմից առգրավման առնչությամբ մայոր Գ. Սևոյանը հայտնեց, որ չի հիշում: Առգրավման արձանագրությանը ծանոթանալուց հետո հայտարարեց, որ Տիգրան Աբգարյանի հագուստներից տեղյակ չէ և չի կարող ասել, թե դրանք ինչպես են հայտնվել զորամասում և որտեղ են պահվել: Նա կարծիք հայտնեց, որ այդ ամենից տեղյակ է վաշտի հրամանատար կապիտան Շահինյանը: Իրեն միայն հանձնարարել էին քննիչին հանձնել Տիգրան Աբգարյանի հագուստները:
Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարատակի 2-րդ վաշտի հրամանատար կապիտան Գրիգոր Շահինյանը Տիգրան Աբգարյանի հրազենային վնասվածք ստանալու փաստի կապակցությամբ հայտնել է, որ իրենց զորամասի զինվորները դիրքավորված են եղել Լեոի փողոցի վրա դեմքով դեպի Պարոնյան փողոց /ժամը չի հիշում/: Շարքերը կանգնած են եղել ՙՍվին՚ խանութի մոտ: Տիգրան Աբգարյանը կանգնած է եղել շարքի մեջտեղը, այսինքն' Լեո փողոցի մեջտեղը: Իրեն մոտեցել են երկու զինվորներ և հայտնել, որ Տիգրան Աբգարյանը վիրավորվել է: Մինչ իր մոտենալը, նրան մոտ 5 մետր հետ էին տեղափոխել և զորամասի բժիշկը առաջին օգնությունն էր ցույց տալիս: Հագից հանել են զրահաբաճկոնը, որը եղել է բաճկոնի տակից: Բաճկոնը չի հանվել: Գրիգոր Շահինյանը Տիգրան Աբգարյանի մոտ չի տեսել ՀՀ ՈԶ Զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին և շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին: Տիգրան Աբգարյանի բաճկոնի զորամասում հայտնվելու փաստի վերաբերյալ հայտնել է, որ զորամասի հրամանատարը բերել է այն ՙԷրեբունի՚ հիվանդանոցից, տվել իրենց և այն պահվել է վաշտի հագուստների պահեստում, որտեղից էլ տրվել է քննիչին:
Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի հրամանատար գնդապետ Արսեն Գալստյանը Տիգրան Աբգարյանի հագուստների զորամասում հայտնվելու վերաբերյալ հայտնեց, որ մարտի 2-ին շրջել է հիվանդանոցները: Սկզբում եղել է թիվ 1 հիվանդանոցում և իմացել է, որ Տ. Աբգարյանը այնտեղ չէ : Գնացել է հանրապետական հիվանդանոց և պարզել, որ այնտեղ ևս չէ: Դրանից հետո գնացել է ՙԷրեբունի՚ հիվանդանոց և բժիշկներից ստացել վիրավոր զինծառայողների հագուստները: Ըստ Արսեն Գալստյանի հնարավոր է, որ դրանց մեջ եղել է նաև Տիգրան Աբգարյանի հագուստները: Ավելին, իր ենթականերին ուղարկել է հիվանդանոցներ, և նրանք այնտեղից հավաքել և զորամաս են բերել զինծառայողների հագուստները:
Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈԶ նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը Տիգրան Աբգարյանի հրազենային վիրավորում ստանալու փաստի կապակցությամբ հայտնեց, որ ականատես է եղել դեպքին' զորքերը դասավորված են եղել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկից մոտ 30մ ետ' դեպի Լեո փողոցի ուղղությամբ հիդրոօթերևութաբանական կենտրոնի շենքի մոտ: Տեսել է, թե ինչպես Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի շենքի անկյունից մի քաղաքացի ինքնաձիքը ձեռքին կատարել է 2-3 հատ կրակոց, որոնցից մեկը կպել է Տիգրան Աբգարյանին: Գրիգոր Գրիգորյանը հրաման է տվել դիպուկահարին կրակել այդ քաղաքացու ոտքին: Ըստ Գեղամ Պետրոսյանի Տիգրան Աբգարյանին հիդրոօթերևութաբանական կենտրոնի աստիճաններով բարձրացրել են վերև, անմիջապես կանչել շտապօգնության ավտոմեքենա և տեղափոխել հիվանդանոց: Փաստահավաք խմբի անդամի այն հարցին, թե ինչո՞վ բացատրել, որ այլ ականատեսներ դեպքի և Տիգրան Աբգարյանի տեղափոխման այլ վայրեր են նշում, Գ. Պետրոսյանը պնդեց, որ Տիգրան Աբգարյանի կողքին է եղել և անձամբ տեսել է կատարվածը, իսկ մյուսները տեղյակ չեն:
Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Անտոնյանը Տիգրան Աբգարյանի հրազենային վնասվածք ստանալու փաստի վերաբերյալ հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել իր աչքի առջև: Զինվորները դիրքավորված են եղել Լեո փողոցի վրա ՙՍվին՚ խանութից քիչ հետ: Զինծառայողը կանգնած է եղել առաջին շարքի մեջտեղում, Լեո փողոցի բանուկ մասում:
Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի զինծառայող Արթուր Արաբյանը Տիգրան Աբգարյանի դեպքի կապակցությամբ հայտնեց, որ այն տեղի է ունեցել ՙՍվին՚ խանութից մոտ 20 մետր դեպի Լեո փողոցի կողմը: Տիգրան Աբգարյանը կանգնած է եղել առաջին շարքում, իսկ ինքը երկրորդ: Դեպքերը ծավալվելիս են եղել Պարոնյան փողոցի վրա: Լսվել են կրակոցներ: Տիգրան Աբգարյանը թեքվելով ընկել է: Երկու զինվորներ օգնել են նրան և տեղափոխել դեպի հետ:
Հիմնվելով վերը նշած փաստերի վրա' զեկուցողները ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների առնչությամբ գտնում են, որ
- Հեռու տարածությունից արձակված կրակոցի արդյունքում բաճկոնի օձիքի վրա առկա ելքերի անցքերի մոտ մետաղացման հետքեր չէին կարող հայտնաբերվել: Մինչդեռ, դատաձգաբանական փորձաքննությամբ Տիգրան Աբգարյանի բաճկոնի օձիքի վրա առկա 19x9 մմ վնասվածքի, երեքական շոշափող և միջանցիկ վնասվածքների մոտ հայտնաբերվել է պղնձի մետաղացման թույլ հետքեր:
- Դատաձգաբանական փորձագետները եզրակացության հետևության մեջ նշելով մի քանի հրազենային վնասվածքների մասին, փորձել են լղոզել և դրանք ներկայացնել որպես մեկ ելքային վնասվածք: Միևնույն ժամանակ, եզրակացության հետևության մեջ փորձագետների կողմից նշվել է, որ տեղի է ունեցել առնվազն մեկ կրակոց, որով փաստորեն ընդունվել է մեկից ավել կրակոցների առկայությունը:
- Դատաձգաբանական փորձագետների կողմից հետևության մեջ չի հսկատեցված հրազենային վնասվածների քանակը, դրանց դասավորվածությունը միմյանց նկատմամբ, և չափերը, չնայած հետազոտական մասում ուսումնասիրվել են տարբեր հրազենային վնասվածքներ:
- Դատաձգաբանական փորձագետների կողմից չի ուսումնասիրվել Տիգրան Աբգարյանի ձմեռային բաճկոնի առջևի' դիակի վրա առկա ՙմուտքի՚ անցքին համապատասխանող հատվածը, որը հնարավորություն կտար լրացուցիչ որոշելու կրակոցի հեռավորությունը: Որպես դրա հետևանք, զեկուցողները արձանագրում են, որ եզրակացության հետևության մեջ ոչինչ չի նշված կրակոցի հեռավորության մասին:
- Տիգրան Աբգարյանի դիակի վրա առկա ՙմուտքի՚ անցքի չափերը /5 սմ երկարությամբ/ մի քանի անգամ գերազանցում են գնդակի չափերը, ինչը բնորոշ է ընդհուպ կրակոցին:
- Տիգրան Աբգարյանի դիակի պարանոցի առջևի հատվածում առկա է մեկ ՙմուտքի՚ անցք:
- Տիգրան Աբգարյանի դիակի վրա հրազենային մեկ վերքային խողովակի առկայությունը հետևանք է այն բանի, որ առաջին գնդակը հարվածելով ողնաշարի 5-7րդ ողերին, առաջացրել է բազմաբեկորային վնասվածք ոսկրաբեկորների տեղաշարժով և ներթափանցումով ողնաշարային խողովակ' լայն ճանապարհ է բացել մնացած գնդակների համար նույն ՙելքի՚ անցքով դուրս գալու համար: Հաջորդ գնդակները, դուրս գալով դիակի նույն ՙելքի՚ անցքով, բնականաբար բաճկոնի օձիքի վրա առաջացրել են առանձին ՙելքի՚ անցքեր:
- Դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ առկա է խուսափողական հետևություն' ըստ հիվանդության պատմագրի տվյալների կրակոցը կատարվել է տվյալ տեսակի զենքի համար կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից, սակայն նշված հարցը ստույգ կլինի պարզաբանել հագուստների հետքաբանական փորձաքննությամբ և նույնիսկ համալիր փորձաքննությամբ:
- Քննիչների կողմից Տիգրան Աբգարյանի զրահաբաճկոնի և մյուս հագուստները չեն առգրավվել և փորձաքննության չեն ենթարկվել, որոնք իրենց վրա կարող էին պարունակել կրակոցի հեռավորության մասին վկայող ապացույցներ:
- Քննիչների կողմից համալիր դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություն չի նշանակել, ինչը կրկին հստակ կպարզեր կրակոցի հեռավորությունը:
- Տիգրան Աբգարյանը, ըստ զորամասի ղեկավարության վկայությունների, գտնվել է շարքի կենտրոնում, որը բացառել է գնդակի հետացատկ հարվածը: Նման հեռավորության վրա գնդակը դիպչելով պատին, չէր կարող ուղիղ վերքային խողովակ առաջացնել և այնքան կինետիկ ուժ ունենար, որ առաջացներ 5-7-րդ ողերի բազմաբեկորային կոտրվածքներ: Բացի այդ, գնդակի հետացատկ հարվածի դեպքում կառաջանար կույր հրազենային վիրավորում և բաճկոնի օձիքի վրա բազմաթիվ ելքային վնասվածքներ չէին առաջանա:
- Դատաբժշկական փորձագետի կողմից Տիգրան Աբգարյանի դիակի վրա առկա մյուս վնասվածքները չեն հետազոտվել, դրանց առաջացման մեխանիզը և վաղեմությունը չեն պարզվել:
- Դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետևության մեջ նշված է' Տ. Աբգարյանի հետին ձախ ճակատային շրջանում ուղղաձիգ ուղղությամբ առկա է վարդագույն գծային ձևի 4,5 սմ երկարությամբ, ձախ քունքային շրջանում ուղղաձիգ ուղղությամբ 4,0 սմ երկարությամբ, պարանոցի ձախ կեսի առաջային մակերեսին 10,0 սմ երկարությամբ, պարանոցի աջ կեսի առաջային մակերեսին' ծնոտի անկյունից սկսած մինչև վերանրակային շրջանը 10,0 սմ երկարությամբ սպիները, ինչպես նաև գլխի ծոծրակային շրջանում միմյանց սիմետրիկ դասավորությամբ առկա թվով չորս հատ կլորավուն ձևի, գորշ կեղևով պատված վերքերը, քառանկյան անկյուններում դասավորված տեսքով 2,0x1,0 սմ -ից 3,0x2,0 սմ չափսերով, առանց պարզաբանելու թե դրանք ինչի արդյունք են և ինչ կապ ունեն պարանոցի հրազենային վիրավորման հետ: Անհասնակալի է, թե ինչու՞ է փորձագետը ներկայացրել դրանք որպես ՙհրազենային վիրավորման բարդություն և մահվան պատճառի հետ գտնվում են պատճառական կապի մեջ՚: Ակնհայտ է դրանք որևէ առնչություն չեն կարող ունենալ հրազենային վնասվածքի հետ և արդյունք են ֆիզիկական ներգործության:
- Դեպքի կատարման վայրի վերաբերյալ զորամասի ղեկավարության կողմից տրված բացատրություններում առկա են հակասական տվյալներ: Զրույցի հրավիրված մի շարք զինվորականներ հայտնել են, որ դեպքը կատարվել է իրենց աչքի առջև և տեղի է ունեցել Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկի վրա գտնվող առաջին դալանի մոտ, մյուս մասը ներկայացնում է, որ դեպքը կատարվել է Լեո փողոցի սկզբնամասում' ՙՍվին՚ խանութի մոտ, երրորդ տարբերակի համաձայն դեպքը տեղի է ունեցել Լեո փողոցի վրա գտնվող օթերևութաբանական կենտրոնի շենքի մոտ: Հակասական է նաև վիրավորվելուց հետո Տիգրան Աբգարյանի տեղափոխման վայրի վերաբերյալ բացատրությունները: Այսպես, մի մասի բացատրության համաձայն նրան տեղափոխել են Լեո փողոցի վրա գտնվող պոլիկլինիկայի տարածք, նախապես ջարդելով դրա դարպասները, մյուս տարբերակի համաձայն վիրավորվելուց հետո Տիգրան Աբգարյանին օթերևութաբանական կենտրոնի աստիճաններով բարձրացրել են վերև:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
1. Տիգրան Աբգարյանին հասցված հրազենային վնասվածքները պատճառվել են ավտոմատ ընդհուպ կրակահերթով, ինչը բացառում է մինչայսօր հնչեցված պաշտոնական տեսակետը առ այն, որ Տիգրան Աբգարյանը վիրավորվել է ցուցարարի կողմից հեռու տարածությունից կատարված կրակոցի արդյունքում:
2. Մարմնի վերը նշված սպիների առկայությունը հետևանք է ֆիզիկական ներգործության, որի ժամանակ նրա գլխին ենթադրաբար չի եղել սաղավարտ: Այս փաստը բացահայտորեն անտեսվել է դատաբժշկական փորձագետի կողմից, որը նշելով վնասվածքների շարքը, չի բացահայտել դրանց առաջացման մեխանիզմը և վաղեմությունը: :
3. Փորձագետները ակնհայտորեն պաշտպանել են մեկ գիծ' բացառել այն ամենը, ինչը կհաստատեր ընդհուպ կրակոցի և ֆիզիկական ներգործության փաստը, և առկա փաստերի ՙլղոզման՚ արդյունքում հիմնավորել պաշտոնական վարկածը:
4. ՀՔԾ-ն լուրջ ջանքեր է գործադրել Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները աղավաղելու ուղղությամբ: Քննությունը կատարվել է խիստ թերի, չեն նշանակվել անհրաժեշտ համալիր փորձաքննություններ, չեն առգրավվել և չեն զննվել հագուստները, չեն վերացվել գործում առկա բազմաթիվ հակասություններն : Ավելին, իր այդ նպատակաուղղված գրծունեությանը ՀՔԾ-ն ներգրավել է դատաբժիշկ և դատաձգաբան փորձագետներին:
5. Տիգրան Աբգարյանի սպանության փաստով իսպառ բացակայել է նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողությունը: Գործում չկա հսկող դատախազի կողմից նախաքննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելուն ուղղված ոչ մի ցուցում ու հանձնարարական: Վերջապես, Տիգրան Աբգարյանի մահվան փաստով քննությունը համարվել էր ավարտված, նրա սպանության կազմակերպման համար մեղադրանք էր առաջադրվել ՙՅոթի գործով՚ և գործն ուղարկվել էր դատարան:
Անդրանիկ Քոչարյան
Սեդա Սաֆարյան
Հ.Գ. Երեկ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբում ընդդիմությունը ներկայացնող անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը սույն փաստաթուղթը ներկայացրել են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին։ Ըստ պաշտոնական վարկածի Տիգրան Առաքելյանը սպանվել էր անհայտ մեկի կողմից հեռվից արձակված կրակոցից։
