Խորհրդարանն ամենաբաց մարմինը պիտի լինի

Մեսրոպ Հարությունյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ

Ըստ "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ պետական մարմինները սահմանում են լրագրողների հավատարմագրման կարգ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի 2009 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ հաստատվել է "Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում լրագրողների հավատարագրման կարգը": Այն հիմնականում համապատասխանում է օրենքի պահանջներին, սակայն դրա որոշ դրույթներ մտահոգվելու եւ անգամ տագնապելու տեղիք են տալիս: Մասնավորապես՝ Կարգի 18-րդ կետը:

"Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը լրագրողին հավատարմագրումից զրկելու միայն մի դեպք է նախատեսում: Հոդվածի 5-րդ կետն ասում է. "Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով": Հավատարմագրումից զրկելու որեւէ այլ դեպք օրենքը չի նախատեսում: ԱԺ հաստատած կարգում հատկապես մտահոգիչ է  18-րդ կետի գ) ենթակետը, ըստ որի՝ լրագրողը հավատարմագրումից զրկվում է եթե "նա տարածել է Ազգային ժողովի եւ աշխատակազմի գործունեության մաuին այնպիuի տեղեկություններ, որոնք չեն համապատաuխանում իրականությանը, ինչը հաuտատվել է դատարանի վճռով": Մի կողմ դնենք այն, որ նման դրույթը, ինչպես վերը նշեցի, հակասում է §Զանգվածային լրատվության մասին¦ ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին: Այսուհանդերձ, կարելի էր այն ընդունելի համարել, եթե Հայաստանում կայացած լիներ անկախ դատական համակարգը, եւ եթե լրագրողները վստահ լինեին, որ Հայաստանում կգտնվիւ գեթ մի դատավոր, որը կհամարձակվի մերժել որեւէ լրագրողի հրապարկումը իրականությանը չհամապատասխանող ճանաչելու մասին ԱԺ հայցը: Ցավոք, մենք չենք կարող ելնել նման կանխավարկածից:

Խիստ անհանգստացնող է Կարգի 23 կետում հավատարմագրված լրագրողի համար սահմանված դրույթներից երկուսը.

"23. Հավատարմագրված լրագրողը պարտավոր է'
 ա) մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների եւ Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը.
բ) իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց եւ Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը":

Ընդհանրապես, այլոց (եւ ոչ միայն պատգամավորների) իրավունքներն ու օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը բոլորի (եւ ոչ միայն լրագրողների) կողմից հարգելը կարգավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ օրենքներով, եւ Կարգում նման բան սահմանելը անիմաստ է: Մանավանդ, որ ցանկացած լրագրողի կողմից, ցանկացած պատգամավորի մականունի նշումն արդեն կարող է դիտվել անհարգալից վերաբերմունք վերջինիս նկատմամբ, էլ չենք ասում, որ պատգամավորները սեփական արժանապատվության վիրավորանք են համարում անգամ աչքի վերեւում հոնքի առկայության հիշատակումը: Դե իսկ այս կետի "բ"  ենթակետի խախտում կարող  է որակվել ասենք, եթե լրագրողը միջանցքում մոտենա որեւէ պատգմավորի եւ հարց տա, իսկ վերջինս համարի, որ այդ հարցով լրագրողը խոչընդոտել է նրա աշխատանքին: Եվ քանի որ Կարգի 18-րդ կետով էլ ԱԺ-ը իրեն իրավունք է վերապահել հավատարմագրումից զրկել այն լրագրողին, ով  "խախտել է օրենքների պահանջները կամ "Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի վարչական շենքի եւ տարածքի պահպանության հրահանգի" կամ Ազգային ժողովում սահմանված աշխատակարգի կանոնների կամ սույն կարգի պահանջները (ընդգծումը մերն է - Մ. Հ.), ապա պարզ է կդառնա, թե ինչ հետեւանք կարող է ունենալ նույն լրագրողի համար պատգամավորի աչքի վերեւում հոնքի հիշատակումը, կամ նրա մտորումներին խոչընդոտելը: Ավելացնենք, որ ըստ Կարգի 18-րդ կետի "է" ենթակետի՝ "Լրատվական գործունեություն իրականացնողը զրկվում է այլ լրագրող հավատարմագրելու իրավունքից սույն կետի "գ" ենթակետով նախատեսված հիմքով լրագրողին հավատարմագրից զրկելու դեպքում": Սա ոչ միայն անընդունելի, այլեւ ոչնչով չարդարացված սահմանափակում է:

Ընդհանրապես, Խորհրդարանը ամենաբաց պետական մարմինը պետք  է լինի. պատգամավորները պետք է հասկանան, որ ընտրված լինելով հասարակության կողմից, իրենք հաշվետու են նույն հասարակության առջեւ: Ավելին, ըստ միջազգային, նախ եւ առաջ՝ եվրոպական չափանիշների, քաղաքական գործիչների պարագայում քննադատության սահմանները շատ ավելի լայն են, քան հասարակ մահկանացուների, քանի որ համարվում է՝ մարդն ինքն է իրեն կամավոր դրել հասարակության ուշադրության կենտրոնում: Հետեւաբար, քաղաքական գործչի ամեն մի խոսք ու արարք կարող է քննարկվել լրատվամիջոցներում: Ու աշխարհի ոչ մի ժողովրդավարական երկրի Խորհրդարան չի խոչընդոտում լրագրողների աշխատանքը, ընդհակառակը՝ նրանց համար ստեղծում է լավագույն պայմաններ, չէ՞ որ նաեւ լրատվամիջոցներն են ձեւավորում խորհրդարանի իմիջը: