NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աշխարհում սպանվել է 68 լրագրող
Լրագրողների պաշտպանության կոմիտեի(CPJ) հրապարակած ամփոփիչ զեկույցն արձանագրել է, որ 2009 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 68 լրագրող է սպանվել մասնագիտական պարտքը կատարելիս։ Սա կոմիտեի կողմից մինչ այժմ արձանագրված ամենաբարձր տարեկան ցուցանիշն է։
11 լրագրող զոհվել է ռազմական գործողությունների կենտրոնում գտնվելիս, 7-ը՝ վտանգավոր իրադարձություններ լուսաբանելիս, ինչպիսին են ոստիկանական հարձակումները կամ բողոքի ցույցերը, սակայն դեպքերի երեք քառորդը հաշվեհարդար է լրագրողների հետ' նրանց կատարած աշխատանքի համար:
Կոմիտեի հաշվարկներով՝ ամեն ամիս սպանվում է 3 լրագրող, որոնց հիմնական մասը տեղի լրագրողներ են և լուսաբանել են տեղական իրադարձություններ: Սպանված լրագրողների մեծ մասը' առնվազն 70 տոկոսը մարդասպանների թիրախ են դառնում իրենց հնչեցրած քննադատության համար։
Լրագրողներից 4-ը սպանվել են Իրաքում, 9-ը՝ Սոմալիում, 4-ը՝ Պակիստանում, 3-ը՝ Ռուսաստանում, 2-ական՝ Մեքսիկայում եւ Շրի Լանկայում: 2 լրագրող է զոհվել մասնագիտական գործունեության համար անազատության մեջ գտնվելիս անուշադրության մատնվելու հետեւանքով, նրանցից մեկը՝ Ադրբեջանում, մյուսը՝ Իրանում:
Առնվազն 2 լրագրող անհետ կորել է անցնող տարվա ընթացքում, մեկը՝ Մեքսիկայում, մյուսը' Եմենում:
Կոմիտեն նաեւ արձանագրում է, որ սպանված լրագրողների կեսից ավելին՝ 56 տոկոսը տպագիր մամուլի ներկայացուցիչներ են:
Զեկույցի հեղինակները որպես խնդիր առաջ են քաշում անպատժելիության հարցը։ Մարդասպանները մնում են անպատիժ:
«Լրագրողներին սպանողների մեծ մասը արդարադատության առջեւ չեն կանգնում, պատասխանատվության չեն ենթարկվում, կառավարությունը խղճուկ հետաքննություն է անցկացնում, քանի որ կամ նրանք ներգրավված են այդ սպանության մեջ, կամ նրանց համար առաջնային չէ լրագրողների սպանության գործերի բացահայտումը: Լրագրողների պաշտպանության կոմիտեի «անպատժելիության ինդեքսի» համաձայն՝ կան երկրներ, որտեղ անպատժելիությունը առավել տարածված է, բայց անպատժելիություն է' ամենուր», -ասված է զեկույցում։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի այս տարվա տվյալները ավելի քան 60 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, երբ գրանցվել էր լրագրողների սպանության 42 դեպք:
