NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հիվանդանոցից դուրս գրվեցին
Թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորության ընդդիմադիր թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի երիտասարդ ակտիվիստները, ովքեր կիրակի օրը քարոզարշավ իրականացնելիս հարձակման եւ ծեծի էին ենթարկվել, դուրս են գրվել հիվանդանոցից, ուր նրանց տեղափոխել էին միջադեպից հետո։
Կիրակի օրը ժամը 17:45-ի սահմաններում Երեւանի Վարդանանց փողոցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի շուրջ մեկեւկես տասնյակ երիտասարդներ հարձակման էին ենթարկվել սպորտային կազմվածքով մոտ 25-30 երիտասարդների կողմից: Ընդդիմադիր պատանիներից 5-ը տեղափոխվել էին հիվանդանոց։ Ականատեսների վկայությամբ հարձակվողները հայհոյում էին ու հարվածներ հասցնում 18-20 տարեկան պատանիներին, որոնց թվում կային աղջիկներ:
Վլադիմիր Կարապետյանը, ով ներկա է գտնվել միջադեպին, շեշտել է, որ այս միջադեպը «պետք է ամենախիստ գնահատականի արժանանա իշխանությունների կողմից եւ անմիջապես բացահայտվի». - «Մեղավորները պետք է պատժվեն, այլապես մենք կունենանք բոլոր հիմքերը' պնդելու, որ այս միջադեպը կազմակերպված է հենց իշխանությունների կողմից»:
Հիվանդանոցից նոր դուրս գրված ընդդիմադիր պատանիներից մեկը՝ Վահագն Գեւորգյանը դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է փոխանցել։
«Սկզբում ասում էին՝ մի մտեք շենքերը։ Բայց իրենց նպատակը այն չէր, որ մենք շենքերը չմտնեինք, որովհետեւ իրենք զինված էին։ Նրանց մոտ ձողեր կային, խփելու համար մետաղական հարմարանքներ կային՝ կաստետներ», - պատմեց Գեւորգյանը։
Միջադեպը տեղի է ունեցել Եւրեւանի Վարդանանց փողոց, 50ա շենքի դիմաց։ Ըստ Վահագն Գեւորգյանի, հենց այդ շենքում էլ գտնվում է պատգամավորության թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արամ Սիմոնյանի նախընտրական շտաբը։ Արա Սիմոնյանը համարվում է թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցը։
«Առաջին մուտքի մոտ շտաբն էր, վերջին մուտքի մոտ կռիվը եղավ», - ասաց երիտասարդ ակտիվիստը։ Նրա պնդմամբ՝ «երբ որ նրանք սկսեցին խփել, մոտավորապես 10 հոգի շտաբից դուրս եկավ, եւ 15 հոգի էլ շենքերի հետեւի կողմից եկավ։ Բոլորը մասնակցեցին կռվին»։
Հարձակումից հետո հիվանդանոց տեղափոխված ընդդիմադիր երիտասարդներին են այցելել ոստիկանության աշխատակիցները։ Արդեն կիրակի օրը դեպքի մասին տրվել է հաղորդում։ Երիտասարդ ակտիվիստները նշեցին, որ իրենք հիշում են եւ կարող են ճանաչել այն անձանց, ովքեր իրենց ծեծի են ենթարկել:
