NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի պատվիրակության մանդատը վերահաստատվեց
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
Հունվարի 26-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը /հրավիրյալի կարգավիճակով/ և վերոնշյալ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը:
Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման վերաբերյալ հարցը: Քննարկման ընթացքում հանձնաժողովն անդրադարձավ ներկայացված առարկություններին, ըստ որոնց' Հայաստանի պատվիրակությունը ձևավորվել է ընթացակարգային խախտումներով: Քննարկելով խնդիրը և լսելով պատվիրակության անդամների ներկայացրած փաստարկները հանձնաժողովը որոշեց.
1. ԵԽԽՎ կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն' 2010 թվականի հունվարի -ին Հայաստանի պատվիրակության դեռևս չհաստատված մանդատները վիճարկվել են կանոնակարգային հիմքերով, պատճառաբանելով, որ Հայաստանի խորհրդարանը «արհեստականորեն շահարկել է /մանիպուլյացիայի է ենթարկել/ ներքին ընթացակարգերը Եվրոպական ժողովրդական կուսակցություն խմբի անդամին պատվիրակության կազմից հանելու համար:
2. Կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը քննել է ներկայացված տարբեր առարկությունները և որոշել, որ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը նշանակվել է ԵԽ կանոնադրության հոդված 25-ին և ԵԽԽՎ կանոնակարգի հոդված 6-ին համապատասխան:
3. Հետևաբար, հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մանդատները պետք է հաստատվեն:
4. Հանձնաժողովը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմության իրավունքների իրականացման իրավիճակը կարող է դիտարկվել վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի' Հայաստանի իշխանությունների հետ պարբերական երկխոսության շրջանակներում: Այս կապակցությամբ հանձնաժողովը վկայակոչում է «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների և պարտականությունների մասինե ԵԽԽՎ 1601(2008) բանաձևը:
Հանձնաժողովն ուսումնասիրելով տիկին Փոստանջյանի կողմից ներկայացված գրավոր տեղեկանքը' զեկույցի բացատրական մասում /պարբերություն 18/ արձանագրել է. 'Հանձնաժողովը գտնում է, որ տիկին Փոստանջյանը չի վկայակոչում օրենքի վրա հիմնված որևէ հստակ հիմնավորում կամ փաստ, որը կհաստատեր իր այն պնդումը, որ պատվիրակությունը ձևավորվել է օրենքի խախտումներով':
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի կարծիքը ընդունվել է միաձայն:
