NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանրային պաշտպանի ծառայությունից հրաժարվում են
Հանրային պաշտպանի գրասենյակը Հայաստանում գործում է 2006 թվականից: Կառույցի խնդիրը անվճարունակ քաղաքացիներին նախաքննության ու դատքաննության ընթացքում անվճար իրավաբանական օտնություն տրամադրելն է: Մարդկանց, ում այս օգնությունը կարող էր խիստ անհրաժեշտ լինել, պարզվում է, այնքան էլ չի գրավում անվճար իրավաբանական աջակցության հեռանկարը:
Նրանք կամ տեղյակ չեն, որ նման հնարավորություն ունեն , կամ թերահավատ են, թե նման ծառայությունը կօգնի իրենց: Հատկապես մարզերում մեծ է հանրային պաշտպանից հրաժարվելու դեպքերի թիվը:
Գեղարքունիքում, օրինակ, հանրային պաշտպանի մասնակցությամբ նախորդ տարի ընդամենը երկու գործ է քննվել, փոխարենը պաշտպանի ծառայությունից հրաժարվելու դեպքերը մի քանի տասնյակ են: Ինչու՞ հանրային պաշտպանի ծառայությունը պահանջարկ չի վայելում, քաղաքացիներն ինքնակա՞մ են հրաժարվում անվճար իրավաբանական օգնությունից, թե՞ հրաժարումներն այլ պատճառներ ունեն:
Հանրապետության երեք մարզերում` Գեղարքունիքում, Արատածոտնում և Կոտայքում կատարված ուսումնասիրության եզրահանգմամբ` անվճարունակ մարդկանց մեծ մասն իր պաշտպանության իրավունքը չի կարողանում իրացնել նախ այն պատճառով, որ անտեղյակ է հանրային պաշտպանի ինստիտուտի գործունեությանը: Այդ անտեղյակությանը, սակայն, հաճախ նպաստում են նախաքննական մարմինները:
Գործող օրենսդրությամբ հանրային պաշտպանության իրավունքի ապահովումը վստահված է վարույթն իրականացնող մարմնին: «Արդյունավետ հանրային պաշտպանություն» ծրագրի ղեկավար Սառա Պետրոսյանի խոսքով, շահերի առաջին բախումը հենց այս մեխանիզմի մեջ է:
«Միջազգային փորձագետները նույնպես խոչընդոտ են համարում այն, որ մարդու պաշտպանության իրավունքը վստահվում է նախաքննությունն իրականացնող մարմնին: Պատահական չէ, որ հանրային պաշտպաններից հրաժարվելու դեպքերի հիմնական մասը բաժին է ընկնում նախաննությանը: Մեր դիտարկած դատական գործերում բազմաթիվ օրինակներ կան, երբ քննիչը լիարժեք չի բացատրել հանրային պաշտպան ունենալու իրավունքը կամ չի շեշտել, որ ծառայությունն անվճար է», - մեզ հետ զրույցում ասաց Սառա Պետրոսյանը:
Ուսումնասիրության հեղինակները օրենսդրական փոփոխության անհարժեշտություն են տեսնում: Նրանք կարծում են, որ քաղաքացին պետք է հանրային պաշտպանին դիմելու ուղիղ, և ոչ միջնորդավորված հնարավորություն ունենա:
Մեղադրանքը, թե հանրային պաշտպաններից հրաժարվելու մեջ մեղք ունեն նաև վարույթն իրականացնող մարմինները, չի ընդունում նախաքննական մարմնի ներկայացուցիչը: Մեզ հետ զրույցում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսան Խանջյանը նման խախտումների հնարավությունը ժամանակավրեպ համարեց:
«Վաղուց մոռացվել են այն ժամանակները, երբ քննիչը կարող էր նման խախտում թույլ տալ, խաբեր կասկածյալին ու նրան զրկեր պաշտպանվելու իրավունքից: Ցանկացած դեպքում, երբ մեղադրյալը հրաժարվում է պաշտպանից, փաստաբանի ներկայությունը պարտադիր է: Վերջին փոփոխությունները Քրեական օրենսգրքում հստակ սահմանում են այս հարցը»,- ասաց նա:
Նկատենք, ուսումնասիրության մեջ կան տարբեր օրինակներ, որոնցում քննչական մարմի ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ մեղադրյալը հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայությունից կամ նրան փոխարինել մեկ այլ` քննչական մարմինների դիրքրոշմանը շատ մոտ մոտեցումներ ունեցող պաշտպանով:
Քրեական օրենսգրքով հանրային պաշտպանի ներգրավումը պարտադիր է մի քանի դեպքերում, օրինակ, զինվորականների կամ անչափահասների գործերով, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս գործերով նույնպես մեղադրյալները հիմնականում հրաժարվում են հանրային պաշտպանի ծառայությունից:
Հետաքննող լրատրողների ուսումնասիրությունները Գեղարքունիքի մարզում բազմաթիվ օրինակներ են բացահայտել, երբ զինվորական գործերում հանրային պաշտպաններ չեն ներգրավվում, իսկ քրեական գործում հայտնվում է որևէ փաստաբանի արտոնագիրը:
Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի բնակիչ, տասնհինգամյա Անդրանիկ Բադալյայնը մեղադրվել է գողություն կատարելու համար: Նախաքննության ընթացքում նա պաշտպան չի ունեցել, սակայն քրեական գործում հայտնվել է փաստաբան Վարդան Հարությունյանի փաստաբանական տործունեության արտոնագիրը, ում ոչ Անդրանիկը, ոչ էլ նրա ծնողները չեն ճանաչում:
Մեկ այլ օրինակ. Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող Գևորգ Կարագուլյանն էլ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենստրքի 361-րդ հոդվածի առաջին մասով' զորամասն ինքնակամ լքելու համար, դատարում է իմացել, որ քրեական գործում առկա է փաստաբան Անի Գալստյանի արտոնատգիրը, ում երբևէ չի տեսել:
Օրինակները շրջանցելով' Ոստիկանության քննչական վարչության ներկայացուցիչն առաջարկեց պատճառներն այլ տեղում փնտրել:
«Պատճառներն, իմ կարծիքով, պաշտպանները պետք է փնտրեն հենց իրենց մեջ: Իմ կարծիքով, մեղքը բարդել նախաքննական մարմնի կամ մեղադրանքի կողմի վրա, օբյեկտիվ չէ: Պատճառներն ավելի շատ աշխատանքի կազմակերպման, կոնկրետ անձանց նշանակման մեջ են»:
Որ պատճառներ ներսում էլ կան, Փաստաբանների պալատում կարծես չեն հերքում: Թեմայի քննարկմանն անգամ կարծիք հնչեց, թե պաշտպաններ կան, որ մեղադրյալին ավելի դժվար կացության մեջ են գցում, քան մեղադրողը: Սա կարծես չէր ժխտում նաև Փաստաբանների պալատի նախատահ Ռուբեն Սահակյանը:
«Մենք մեր բացերը լավ գիտենք: Գումարը, որ հատկացվում է հանրային պաշտպանի գրասենյակին տարվա կտրվածքով, բավական մեծ է` 153 միլիոն դրամ: Բայց մենք չունենք փաստաբաններ տեղերում: Ես, օրինակ, շատ կուզեմ փոխել հանրային պաշտպանին Կապանում կամ մեկ այլ ռեգիոնում: Բայց այդ մարզերում փաստաբանները չեն ցանակնում լինել հանրային պաշտպան»:
Մյուս կողմից էլ` մեկնաբանությունից պարզ դարձավ, որ շատ դեպքերում հենց պաշտապնի գործունեությունը վստահություն չի ներշնչում: «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ մարզերի շատ հանարյին պաշտպաններ իրենց վարույթում ոչ միայն հանրային պաշտպանության, այլ վճարովի հիմունքներով գործեր ունեն», -զրուցի ընթացքում ասաց Ռուբեն Սահակյանը:
Մի խոսքով' հատկապես մարզերում աշխատող պաշտպանների դեպքում բազմաթիվ խնդիրներ կան. պաշտպանի անձնական հատկանիշներից ու վարքագծից մինչև համակարգային խնդիրներ: Հարցին, թե ինչն է խանգարում ազատվել այն պաշտպաններից, որոնց գործունեության արդյունավետությունը մեծ հարցականի տակ է, Ռուբեն Սահակյանը պատասխանեց, որ աշնանը նախատեսում են մրցութային կարգով մարզերում հանրային նոր պաշտպաններ ընտրել և ակնկալում են, որ դրանից շատ բան այս դաշտում փոխվելու է:
Լուսինե Վասիլյան
