NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՊՆ-ի անդրադարձը Գրիգոր Հակոբյանի խնդրին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը բաց նամակով դիմել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ անդրադարձել էր զինծառայող Գրիգոր Հակոբյանի զինծառյության ընթացքում ծագած առողջական խնդիրներին։ Նամակից տեղեկանում ենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 12-ից մինչ օրս, Գ. Հակոբյանը վեց անգամ ենթարկվել է բուժզննության՝պարբերաբար գտնվելով հոսպիտալներում ներկայումս էլ գտնվում է Երևանի «Կանազ» հիվանդանոցում։
«Առողջական խնդիրների պատճառով զորամասում նա չի կարողացել իրականացնել զինվորական շարային կամ ոչ շարային ծառայությունը: Անհասկանալի է նաև, թե զինվորի առողջական վիճակի քանի հետազոտում է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ստացվի վերջնական եզրակացություն: Նման վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ կարելի է գնահատել հոգատար, բայց բժշկական զննության տևողությունը, բժշկական եզրակացության չտրամադրելը հիմք են տալիս եզրահանգելու, որ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը չի համարձակվում միանշանակ եզրակացություն տալ և Գ. Հակոբյանին ճանաչել ոչ պիտանի ծառայության համար, որի բոլոր հիմքերն առկա են»,-գրված է նախարարին ուղղված բաց նամակում:
Դեպքի հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարությունը փետրվարի 22-ին տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«2009 թ-ի մայիսի 21-25-ը Գ.Հակոբյանը հետազոտվել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որտեղից տրվել է առողջական վիճակի հետազոտության ակտ` հետևյալ ախտորոշումով` «Ողնաշարի կրծքագոտկային հատվածի կողմնային ծռվածություն, թևաձև թիակներ, առանց ֆունկցիայի խանգարման: Երկկողմանի խորակամար ոտնաթաթեր քայլքի աննշան աստիճանի խանգարումով»: Հիմք ընդունելով վերոհիշյալ փորձագիտական ախտորոշումը` Գ. Հակոբյանը զորակոչվել է ծառայության։
Ըստ զորակոչիկի անձնական գործի` Գրիգոր Հակոբյանը որևէ այլ գանգատ չի ունեցել (հիմք` նրա ստորագրությունները ուսումնասիրման թերթիկում):
Զորամասում գտնվելով ընդամենը 20 օր` շարքային Գ. Հակոբյանը իրեն ածելիով ինքնավնասումներ է հասցնում, ինչի պատճառով նրան 19.12.09թ-ին տեղափոխում են ԵԿԶՀ հոգեբուժական բաժանմունք: 19.12.09թ-ից մինչև 13.01.10թ կրկնակի մանրամասն հետազոտություններից հետո հիվանդի ինքնախեղումը գնահատվել է որպես նպատակային գործողություն, և նրա մոտ ախտորոշվել է «Հոգեկան խանգարման նշաններ չեն հայտնաբերվել։ Գ. Հակոբյանը ճանաչվել է հոգեպես առողջ։ Գ. Հակոբյանը ճանաչվել է` «Պիտանի ոչ շարային ծառայության»։
Գ. Հակոբյանը զորակոչվել է ճիշտ, նա կարող է շարունակել զինծառայությունը ոչ շարային պայմաններում, իսկ նրա անընդհատ հոսպիտալներում հետազոտվելը և փորձաքննվելը պայմանավորված է միայն ծառայության նկատմամբ ինչ-ինչ պատճառով նրա խուսափողական և անպատասխանատու դիրքորոշմամբ»։
