NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սուքիասյանների նկատմամբ հետապնդումները շարունակվում են

Սուքիասյանների նկատմամբ հետապնդումները շարունակվում են
«Սուքիասյանների նկատմամբ սկսած հետապնդումների վերջնական նպատակը «Բյուրեղ» գործարանը Սուքիասյաններից խլելն է, իսկ այդ նպատակն իրականացնելու ոստիկանության կողմից կատարվող գործողությունները ծայրից ծայր հակաօրինական են ու ենթական չեն որեւէ տրամաբանական բացատրության», այսօր Փաստաբանների պալատում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեցին Սուքիասյանների փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանները, մասնավորապես անդրադարձան Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի' «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի գործի վերաբերյալ արած վերջին հրապարակային հայտարարություններին՝ մեկ առ մեկ հերքելով ոստիկանապետի փաստարկները, փոխարենը ներկայացնելով ապացույցներ, որոնք,հաստատում են ոստիկանների ապօրինի գործողությունները։
Նազարյանը հայտարարել էր, թե ոստիկանությունը գործողության ժամանակ որեւէ օրինախախտում չի արել:
«Առաջին պահից սկսած մինչև այսօր չկա մի փաստաթուղթ, որը համապատասխանում է օրենքին։Կամ նրան են խաբել իր ենթակաները, կամ ինքն է թյուրիմացության մեջ գցում հանրությանը, երկու դեպքում էլ դա քաղաքի ոստիկանապետին պատիվ չի բերում», ընդգծեց փաստաբանը։։
Փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրեց Սուքիասյանների դեմ սկսած գործի նախապատմությունը։ Նրա փոխանցմամբ, կարճ ժամանակ անց , երբ Սուքիասյանները ձեռք են բերել բավական վատ վիճակում գտնվող եւ չգործող «Բյուրեղ» գործարանի բաժնեմասի 80 տոկոսն ու մեծ ներդրումներ կատարել գործարանում, նույն ընկերությունում փոքր բաժնեմաս ունեցող գյուղնախարարության հայցով դատարանը այդ գործարքը «ապօրինաբար» ճանաչել է անվավեր:
Արդյունքում, բաժնետոմսերը վերադարձրել են նախկին տերերին' Գոռ Դավթյանին ու Ռոբերտ Հարությունյանին: Դրանից հետո, բաժնետոմսերը Սուքիասյաններին վերադարձնելու համար Դավթյանի եւ Սուքիասյանների միջեւ ամիսներ շարունակ տեղի են ունենում բանակցություններ' հիշյալ բաժնեմասը վաճառելու կամ նախկին գործարքի ժամանակ վճարված գումարները վերադարձնելու համար: Ընդ որում, Գոռ Դավթյանը նոտարական վավերացմամբ նման պարտավորվածություն է ստանձնում: Ամեն ինչ, ըստ փաստաբանի, ընթանում է քաղաքացիա-իրավական բնականոն գործընթացի շրջանակներում, սակայն մի պահ նրանցից մեկը, ով չնչին բաժնեմասի է տիրապետում, հայտարարում է, թե օգտվելով իր իրավունքից' ցանկանում է վաճառել իրեն պատկանող մասը:
«Ընդ որում, շատ տարօրինակ ձեւով, հետագայում նրա բաժնետոմսերի սեփականատեր է դառնում (Ազգային ժողովի գործարար պատգամավոր) Ռուբեն Հայրապետյանը», - ընդգծեց Լուսինե Սահակյանը:
Այդ փոփոխությունը, ըստ փաստաբանի, արդեն ցայտուն կերպով երեւում է փետրվարի 12-ին: Դրա նախորդ օրը, Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, Գոռ Դավթյանը զանգահարել է Սուքիասյանների փաստաբան Արա Զոհրաբյանին եւ ասել, որ իրեն իր մոտ է կանչել Ռուբեն Հայրապետյանն ու վախեցրել: Ըստ այդմ, Դավթյանին կանչել են նաեւ ուժային կառույցներից: Հենց դրանից հետո էլ, Լուսինե Սահակյանի խոսքերով, սկսվել են հիմնական ապօրինությունները:
«Գոռ Դավթյանը ապօրինի ազատության մեջ պահվել է ոստիկանության բաժանմունքում և ոչ թե «Սիլ» կոնցեռնի գրասենյակում, ինչպես փորձում է ներկայացնել ոստիկանությունը», ասաց փաստաբանը։
Փաստաբանները փաստացի հերքել են ոստիկանության մեղադրանքը: Իր հերթին, փաստաբանները հայտնել են նաեւ, որ Գոռ Դավթյանը պետք է լինի տուժող կողմ, քանի որ նա ապօրինի անազատության մեջ է եղել Ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ նրան 10 ժամ պահել են անազատության մեջ, տեղից տեղ տեղափոխել եւ թույլ չեն տվել տեսակցել փաստաբանների հետ: Ավելին, ոստիկանությունում նրան ուղեկցել են մարդիկ, ովքեր իրավունք չունեին լինել այնտեղ: Ըստ ամենայնի, Գոռ Դավթյանի վրա ճնշում գործադրելու համար:
Հարցին, թե հնարավոր է, որ ուղեկցող անձը Ռուբեն Հայրապետյանի մարդկանցից է, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, թե հրաժարվում է պատասխանել այդ հարցին
Հիշեցնենք, որ ոստիկանությունը փետրվարի 12-ին Սարիբեկ Սուքիասյանին բերման էր ենթարկել հենց Գոռ Դավթյանի հաղորդումով, թե իբր իրեն պահում են ՍԻԼ կոնցեռնի գրասենյակում ու սպառնում: Փաստաբանները հայտարարել են, թե ոստիկանության պնդումը, թե Գոռ Դավթյանին պահել են ՍԻԼ կոնցեռնում անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը: Փաստաբանները լրագրողներին բաժանել են տեսանյութ, որտեղ երեւում է, որ Գոռ Դավթյանին ոստիկանները ձերբակալել են ոչ թե գրասենյակում, այլ գրասենյակի բակում:
Ինչ վերաբերում է առաջադրված նոր մեղադրանքին(ազատությունից ապօրինի զրկելը) Լուսինե Սահակյանն ասում է, որ մեղադրանքը ծնվել է իրենց աչքի առջև, երբ ժամեր շարունակ գտնվել են ոստիկանության Էրեբունու բաժանմունքում։
«Անընդհատ փոփոխում էին, վարկածներ էին փնտրում, օրինակ զենքի վարկածը ծնվեց գիշերը ժամը 12-ի սահմաններում, այն դեպքում, երբ զենք գրասենյակում չէր հայտնաբերվել։ Ակնհայտ է, որ նրանք չեն ուզում ետ կանգնել գործարանը խլելու մտքից։ Գիտեք, թե ինչպես են խլել Բջնին», լրագրողներին հիշեցնելով «Բջնի» գործարանի հետ կապված պատմությունը ասում է փաստաբանը։։
Փաստաբան Լուսին Սահակյանը մանրամասներ ներկայացրեց փետրվարի 13-ին «Սիլ» կոնցեռնի գրասենյակում կատարված խուզարկությունից։
«Խուզարկության պահին պարզվեց, որ դատարանի որոշման մեջ նշված խուզարկության հասցեն չի համապատասխանում Սիլ կոնցեռնի հասցեի հետ»։ Փաստաբանն ասում է, որ քննիչ Արթուր Պետրոսյանը առանց երկար մտածելու ջնջում է փաստաթղթում նշված հասցեն և ավելացնում իրական հասցեն։ «Դա ոստիկանության սովորական անօրինական գործելակերպն է», ասում է փաստաբանը։
Նշելով, որ Գոռ Դավթյանի կողմից SMS հաղորդագրությանը տեքստին ծանոթ չէ, փաստաբան Լոեւսինե Սահակյանը ծիծաղելի որակեց ոստիկանության նման հիմնավորմանը։ «Ես էլ հիմա այստեղից կարող եմ SMS ուղարկել և ասել լրագրողներն ինձ սպառնում են, հետո ինչ, դա ոնց կարող է հիմք դառնալ մեղադրանքի համար»։
Փաստաբանը օրինակ է բերում ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ասուլիսներից մեկը, երբ վերջինս հրապարակայնորեն ասել էր, թե Հրաչ Կապրիելյանի գլուխը կցխի ասֆալտին։
«Սա ակնհայտ սպանության սպառնալիք է, սակայն չգիտես ինչու ոստիկանությունն այս դեպքում քրեական գործ չի հարուցում», ասում է փաստաբանը։
