Դատախազության հսկողությունը ձևական բնույթ է կրում

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատախազության վերջին կոլեգիայի նիստին հաջորդած ասուլիսում ասել է, որ իրենք ամեն ինչ արել են՝ մարտի մեկի 10 զոհերի մահվան հանգամանքերը պարզելու համար։

Դատախազի խոսքով այդ գործերի ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ակնհայտ կդարձնի, թե ինչ մեծածավալ աշխատանք է կատարվել՚ Նա ընդծել է, որ այդ աշխատանքին դատախազության հրավերով, միջազգային փորձագետներ ու մասնագետներ են մասնակցել, իսկ ներկայիս բարձրացված հարցերը, դիմումներն ու բողոքներն ավելի շատ քաղաքական բնույթ են կրում, քան քրեաիրավական:

«Մենք ընդառաջ կգնանք և՛ այսօր, և՛ վաղը բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ կօգնեն մեզ այդ հանցագործությունները բացահայտելու գործում,- ասել է նա,- Պատկերացրեք՝ նույնիսկ այդ զոհերից մեկի աղջիկը հարցաքննվել է քրեական գործով և ակնհայտ կեղծ ցուցմունք է տվել' չնպաստելով հոր սպանության հանգամանքների բացահայտմանը։

Գլխավոր դատախազը նշել է նաև, թե առ այսօր նախաքննական մարմինը մարտի մեկի հարցով չի ստացել հանրության  արդյունավետ աջակցությունը։

Մարտի մեկի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանն այս կապակցությամբ ասաց որ դատախազությունը պետք է տա իրենց զոհված երեխաների պատասխանը, ոչ թե փորձեն ինչ-ինչ ճանապարհներով ցուցմունք կորզել տուժողների իրավահաջորդներից։ Ինձ մոտ եղած փաստերի համաձայն հատուկ քննչական մարմինը ցուցմունքներ է վերցրել տուժողների իրավահաջորդներից, որոնց մեջ տուժողների երեխաներ չեն եղել, ու լավ կլիներ, որ դատախազությունը իր նկատմամաբ հավատը վերականգնելու համար գոնե տար ոստիկանների ձեռքից զոհված երիտասարդների մահվան պատճառների պատասխանները՚։

Մարտի մեկի զոհերից միայն  Հովհաննես Հովհաննիսյանի երկու երեխաներն են չափահաս, իսկ մնացած 9 զոհերը չունեն չափահաս երեխաներ կամ էլ նրանց երեխաներըանչափահաս են։

Անդրադառնալով «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին բերման ենթարկելու ու գործի նախաքննության մասին հնչած հարցերին՝ գլխավոր դատախազը միայն ասաց, որ Երևանի ու Էրեբունու դատախազներին հանձնարարված է ՙանմիջական դատախազական հսկողություն իրականացնել գործի նախաքննության նկատմամբ, որպեսզի ապահովի օրենքների «ճիշտ ու անշեղ կատարումը» ։

Աղվան Հովսեփյանը մեկնաբանեց նաև ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառել-չկիրառելու փաստը՝ նշելով, որ այդ հարցի քննարկումը արհեստական է.

 

«Արհեստականորեն բարձրացված հարց է այն պատճառով, որ Փաշինյանի գործով դեռևս չունենք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ունենք ևս երկու դատական ատյան՝ Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան։ Մենք դեռ չգիտենք, թե, ասենք, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանները ինչ պատիժ կսահմանեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Այն ժամանակ երբ  կլինի վերջնական դատավճիռը, կորոշվի նաև համաներում կիրառելու հարցը»:

 

Որպես հավելում՝ նա ասաց, որ ոչ թե համաներման հնարավոր կիրառման մասին է խոսքը, այլ պարտադիր պահանջի՚

 

Սարիբեկ Սուքիասյանի  և Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանի մեկնաբանմամբ՝ դատախազությունը ի սկզբանե պարտավոր էր Սուքիասյանի գործով հսկողություն սահմանել նախաքննական մարմնի նկատմամբ, քանի որ վերջինիս կողմից օրինախախտումներ շատ են եղել։ Նրա խոսքով՝ եթե նույնիսկ հիմա է սկսել դատախազությունը հսկողություն սահմանել, միևնույն է, էական փոփոխություն իրենք չեն զգում, իսկ այդ հսկողությունն առայժմ ուղղակի կրում է ձևական բնույթ։

Անդրադառնալով Փաշինյանի գործով արված մեկնաբանությանը՝ փաստաբանը նշեց, որ գլխավոր դատախազի եզրահանգումը չի բխում օրենքից, քանի որ առաջին ատյանի դատարանի վճիռը, անկախ նրանից, թե կողմերից որևէ մեկը կբողոքարկի թե ոչ, պետք է լինի վրեջնական։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ առաջին ատյանի վճիռը վերջնական չէ այնքանով, որ վերջինիս վճիռը մեղադրական ակտ է, ոչ թե արդարացման, իսկ դատախազությունը քանի որ ինքն էր առաջարկել 8 տարի, պիտի բողոք ներկայացներ՝ համաներման ակտը չկատարելու մասին, ինչը մինչ հիմա չի արել։

Քրիստինե Վարդանյան