NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ում շահերն են պաշտպանում խնամակալության և հոգաբարձության մարմինները

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը «Տնտեսական իրավունքների պաշտպանություն» ծրագրի ներքո ուսումնասիրություն է կատարել Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության վերաբերյալ:
Խնամակալության և հոգաբարձության մարմինների անգործությունից տուժող քաղաքացիների թիվը օրեցօր աճում է: Այսօր մի շարք վարչական շրջաններում գործող այս կառույցներն իրականում ձևական բնույթ են կրում և չեն կատարում օրենսդրությամբ իրենց վրա դրված պարտականությունների գոնե նվազագույնը: Այս մարմինների կողմից իրենց պարտականությունների չկատարման, վեճի առարկա դարձած երեխայի ճակատագրի նկատմամբ անտարբերության արդյունքում առաջնահերթ տուժողներն են, դժբախտաբար երեխաները, որոնք հաճախ ամուսնալուծված ծնողների համար դառնում են միմյանց նկատմամբ ունեցած թշնամանքը դրսևորելու միջոց:
Վեցամյա Գոռ Մանուկյանի նկատմամբ միայն դատական կարգով հայրությունը ճանաչած Ա. Բաղդասարյանը երեխային խաբերությամբ վերցրել էր մոր խնամքից և ապօրինաբար պահել իր աշխատավայրում' մորն արգելելով նույնիսկ շփվել երեխայի հետ: Հարցը բազմիցս ներկայացվել է Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնին, սակայն վերջինս անտարբեր և անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն նախքան գործի դատարանում քննությունը, այլև հենց դատական քննության ժամանակ:
Երեխայի խնամակալության վերաբերյալ յուրաքանչյուր գործով սույն մարմինը դատարանին է ներկայացնում իր եզրակացությունը կապված հարցի լուծման հետ, որը բնականաբար կազմվում է ծնողներից երկուսի առողջական, սոցիալական, բարոյական հատկանիշների, ինչպես նաև երեխայի և նրանցից յուրաքանչյուրի փոխհարաբերությունների մանրամասն ուսումնասիրության արդյունքում:
Վեցամյա Գոռ Մանուկյանի խնամակալության հարցը դատարում լսելիս, Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինն այդպես էլ չկատարեց եզրակացություն ներկայացնելու իր պարտականոթյունը, չնայած այդ կապակցությամբ դատական նիստերի պարբերաբար հետաձգմանը: Ավելին, հենց նիստերից մեկի ժամանակ նախագահող դատավորի այն հարցին, թե ինչու չի ներկայացվում եզրակացությունը, նրանց ներկայացուցիչը հայտարարեց, որ նշված մարմինը ներկայումս կրում է ձևական բնույթ: Այդ «ձևական» մարմինն այդպես էլ տվյալ գործով դատարանին եզրակացություն չներկայացրեց:
Արտաշատի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը ևս աչքի չի ընկնում իր հոգատարությամբ և պատասխանատվության զգացումով: Արտաշատ քաղաքի բնակիչ չորսամյա Ջուլիետա Հակոբյանի նկատմամբ տեսակցության ժամեր սահմանելիս հանձնաժողովը դատարան էր ներկայացրել իր եզրակացությունը, որով նպատակահարմար էր համարել թույլատրել երեխայի հորը տեսակցել շաբաթական մեկ օր' վեց ժամ տևողությամբ: Եզրակացությունում առհասարակ բացակայում էր հիմնավորում այն մասին, թե ինչ ուսումնասիրություն է կատարել հանձնաժողովը, ինչ եզրահանգումներ է կատարել և ինչպիսի հանգամանքներ են հաշվի առնվել այդ ծնողներից մեկի իրավունքներն այդ կերպ սահմանափակելու համար:
Գործի քննության ընտացքում հանձնաժողովի ներկայացուցչին ուղղված հարցն այն մասին, թե ինչն է հիմք ընդունվել տեսակցության նման կարգ սահմանելու հարցում, վերջինս մի պահ շփոթվեց, ապա պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, քանի որ եզրակացությունը կազմելուն չի մասնակցել և հետևաբար նման հարցերին պատասխանել չի կարող:
Իսկ մեզ' նշված մարմինների «եզրակացություններով» իրավունք հայցող քաղաքացիներիս, մնում է հուսալ, որ խնամակալության և հոգաբարձության մարմինները մի օր գուցե կդառնան երեխաների շահերի եռանդուն և անաչառ պաշտպաները:
«Ընդդեմ իրավական կամայականության»
հասարակական կազմակերպություն
