Դատավորներից լավագույնները

2009-ին քրեական և քաղաքացիական գործերով տարվա  լավագույն դատավորներ են ճանաչվել քրեական գործերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատարանի դատավոր Միքայել Գրիգորյանը, Lոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը:

Քաղաքացիական գործերով լավագույններն են Նաիրա Մարգարյանը(Ավան և Նոր Նորք համայնքների վարչական շրջանների դատարան) եւ Գոհար Խաչատրյանը (Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան):

Տարվա լավագույն դատավոր մրցանակը սահմանվել էր այս տարվա փետրվարին, երբ Հայաստանի արդարադատության խորհրդի նիստում ձևավորվեց տարվա լավագույն դատավոր և տարվա լավագույն դատարան մրցանակներ հանձնող հանձնաժողով։

Մրցանակի արժանացած բոլոր դատավորներն էլ շոյված էին լավագույնը ճանաչվելու համար, և չափազանց համեստ' նշելու, թե իրենց որ  արժանիքներն են հաշվի առել «լավագույն դատավոր» մրցանակին արժանանալու համար։

«Եթե անկեղծ, չգիտեմ,-ասաց Գոհար Խաչատրյանը,- իմ կարծիքով հաշվի են առել քննած գործերի քանակը, մոտեցումները, նաեւ հանրության կարծիքը»։

Դատավորն  ասում է, որ ինքը  14 տարվա  աշխատանքային կենսագրություն ունի և դատավորի իր գործունեությունը սկսել է Աշտարակի դատարանից, եղել է քաղաքացիական գործեր քննող մասնագիտացված դատավոր:

Լոռու մարզի դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը դատական համակարգում է 1991-ից։  Վերջին 4 տարին է, ինչ քրեական գործեր է քննում: Նա ևս դժվարացավ ասել,  թե ինչ  չափանիշներով  են առաջնորդվել իրեն լավագույնը ճանաչելու համար:

«Իրենց պետք է հարցնեք, կարծում եմ, կարևորել  են քննած գործերի քանակը, վճիռների բողոքարկման թիվը, դրանց հետեւանքները: Հավանաբար հաշվի են առել նաեւ  էթիկայի հանձնաժողովի կարծիքը»։

Դատավոր Հարությունյանը չհիշեց  2009-ին իր կողմից կայացված արդարացման դատավճռի դեպք։

«Եղել է, որ անձը մեղադրվել է միանգամից մի քանի հոդվածներով: Դատաքննության ընթացքում հոդվածներ են հանվել և անձը դատապարտվել  է մեկ հոդվածի հատկանիշներով»:

Կալանքի միջնորդությունների բավարարման հետ կապված ևս դատավորները հիշելու բան չունեին։

«Եղել է դեպք, երբ գրավ է կիրառվել ու մարդը ազատության մեջ է մնացել»,- նշեց դատավոր Միքայել Գրիգորյանը, սակայն չկարողացավ հիշել  2009-ին իր կողմից կայացրած որեւէ  արդարացման դատավճռի մասին: Նա ասելիք չուներ նաև կալանքի վերաբերյալ միջնորդությունները բավարարելու մասով..․ամեն ինչ էլ եղել է, հիմա ձեզ տվյալներ չեմ կարող տալ, չեմ հիշում»:

Ստացվում է, որ մեր դատավորները լավագույնն են, որովհետև նրանց վճիռները հնարավորինս քիչ են բողոքարկվել կամ հարգալից են եղել դահլիճի հանդեպ ու էթիկայի կանոնները պահպանել են, բայց ամբողջ աշխատանքային պրակտիկայում  արդարացման դատավճիռ չեն հրապարակել կամ էլ կալանքի միջնորդությունը մերժել են միայն գրավի կիրառման պարագայում։

Անժխտելի փաստ է, որ դատական համակարգի  արդյունավետությունը որոշվում է ոչ թե մեղադրական, այլ արդարացման դատավճիռների քանակով: Այս մասին փաստաբան Տիգրան Հայրապետյանն ունի իր կարծիքը.

«Այն, որ լավագույնն են համարվում այն դատավորները, ովքեր չեն հիշում իրենց կողմից երբևիցե կայացրած արդարացման դատավճիռների մասին, բնութագրում է  այսօրվա դատարանների վիճակը: Օրինակ, Քրեական դատարանը պարզապես կոչված է լեգալիզացնելու դատախազության որոշումները, և դատավճիռը սովորաբար կայացվում է նախքան գործը  դատարան մտնելը՝ դատախազության մակարդակով», համոզմունք է հայտնել փաստաբանը։:

 

Ռուզան Ավոյան