NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Չի բացառվում ընդդիմության ժամանակացույցի քննարկումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը չի բացառել Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում մայիսին Հայաստանի հարցի վերաբերյալ ընդլայնված քննարկման հնարավորությունը և իր մասնակցությունն այդ քննարկմանը: Գրիգորյանը հայտնել է, որ Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 17-ի նիստում նշվել է նաև ընդդիմության ներկայացրած բարեփոխումների ժամանակացույցը: Առաջարկը հնչել է պարոն Կոլումբիեի կողմից:
«Առաջարկ է եղել նաև, որ ընդլայնված լսումներ լինեն Հայաստանի իրավիճակի և այդ ռեֆորմների տարբեր ծրագրերի վերաբերյալ, որոնց մասնակցություն պետք է ունենա նաև արտախորհրդարանական ընդդիմությունը, այսինքնª ՀԱԿ-ը», ասել է Արման Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ և ՀԱԿ-ի և ժառանգություն կուսակցության ներկայացրած ժամանակացույցերում առաջնահերթ հարցը« քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրն էր:
Արման Գրիգորյանի տեղեկացմամբ, Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 17-ի նիստում անազատության մեջ գտնվողների խնդրին անդրադարձ է եղել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի վերջին զեկույցի համատեքստում, որտեղ մտահոգություն էր հայտնվել մարտիմեկյան գործերով դատավարությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ:
«Կարծես թե, բոլորը համաձայն են, որ այդ դատական պրոցեսները տեղի են ունեցել բազմաթիվ անօրինականություններով։ Սակայն միակ հետեւությունը, որ անում են, այն է, որ պետք է դատական ռեֆորմ տեղի ունենա, եւ նման անօրինականությունները պետք է բացառվեն ապագայում։ Բայց պետք է անել նաեւ երկրորդ հետեւությունը, որ այդ անօրինականությունների պատճառով այսօր անմեղ մարդիկ կան բանտերում նստած եւ նրանց անհապաղ պետք է ազատ արձակել», - ասել է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտման խնդրին, ապա Արման Գրիգորյանը փոխանցել է, որ թեև խնդրի շուրջ ծավալուն քննարկումներ չեն եղել, բայց դա, հիմք չէ ենթադրելու, որ սպանությունների հանգամանքների բացահայտումը համազեկուցողների օրակարգում առաջնահերթ պահանջ չէ:
«Այսինքն, եթե նույնիսկ Մոնիտորինգի հանձնաժողովում դրա մասին չի խոսվել, ես վստահ եմ, որ դա համազեկուցողների օրակարգում բավականին բարձր առաջնահերթություն ունեցող պահանջ է», - համոզված ասել է Գրիգորյանը:
