NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդարադատության նախարարությունը առարկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցին

Միջազգային կառույցների' Հայաստանին վերաբերող վերջին զեկույցներից և ոչ մեկում չի շրջանցվում արդարադատության ոլորտը: Որպես կանոն, միջազգային փորձագետների ուշադրությունից չեն վրիպում հայաստանյան դատական համակարգի, արդար դատաքննության իրավունքի բացերն ու խնդիրները:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակը վերջերս հրապարակեց «Դատավարությունների դիտարկում» զեկույցը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները մարտիմեկյան գործերվ 93 դատավարության էին հետեւել: Դիտարկման արդյունքում կազմված զեկույցում կազմակերպությունը եւ գնահատկաններ, եւ առաջարկներ էր ներառել:
Առաջարկների մեծ մասը հասցեագրված է արդարադատության նախարարությանը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այդ առնչությամբ ասել է․
«Շեշտադրումները չէին կարող միայն դրական լինել: Եթե միջազգային փորձագետների ներգրավմամբ նման զեկույցներ են պատրաստվում, առաջնահերթության կարգով վեր են հանվում թերությունները: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա չեմ կարծում, որ զեկուցողները իրենց պետք է նեղություն տային և խոսեին ձեռքբերումների մասին: Այդուհանդերձ զեկույցում, նաև դրական երանգների ենք հանդիպում: Զեկույցը ես գնահատում եմ որպես փաստաթուղթ, որով պետք է աշխատենք: Գնահատականների մի մասը մենք վերապահումներով ենք ընդունում, մի մասն էլ գնահատում ենք, որպես կարևոր առաջարկներ, որոնք ընկնելու են մեր օրենսդրական առաջիկա քայլերի հիմքում»:
Զեկույցի՝ մարտիմեկյան դատավարությունների մասին հոդվածներին ի պատասխան Վճռաբեկ դատարանը նշել է․ «դժվար է համաձայնել դատարանների կողմից մեղադրական թեքում ունենալու, անկողմնակալ վերաբերմունք չդրսևորելու վերաբերյալ զեկույցի հետևությունների հետ։ Դատարաները գործել են իրենց լիազորությունների շրջանակներում' կայացնելով ե'ւ արդարացնող, ե'ւ մեղադրող դատական ակտեր»։
Իսկ ինչ վերաբերում է մեծ մասամբ միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա մարդկանց դատապարտելու վերաբերյալ՝ միջազգային փորձագետների դիտարկմանը, առարկություններում նշվում է, թե ուսումնասիրված որևէ գործով որևէ մեկը չի դատապարտվել բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա, բոլոր գործերով էլ առկա են եղել այլ ապացույցներ։
Արդարադատության նախարարությունը համաձայն չէ նաև այն պնդումներին, թե ոչ միշտ է ամբաստանյալներին հնարավորություն տրվել հարցեր տալ իրենց դեմ ցուցմունք տված վկաներին, և պաշտպանների կողմից լրացուցիչ վկաներ հրավիրելու ու հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները հիմնականում մերժվել են։
Այնինչ ըստ մարտի 1-ի գործերով դատավարությունների մասնակից իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, միջազգային դիտորդների գնահատականներն ավելի մեղմ են եղել:
«Բոլորի աչքի առաջ են եղել, վկաների առևանգումները դատարանի դահլիճից: Մեր բոլորի աչքի առաջ են եղել ծեծված վիճակում, խոշտանգված վիճակում առեւանգվածները: Մենք տեսել ենք ինչ ցուցմունքներ և ինչ կարգի մեղադրանքներ են եղել դատարաններում»,- ասել է իրավապաշտպանը:
