NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազգային պլատֆորմ՝ քաղաքացիական հասարակության համար

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հույս ունի և ակնկալում է, որ Արևելյան գործընկերության ծրագիրը լուրջ փոփոխություն կբերի Հայաստանի կյանքում ու դրա համար կարևոր է, որ այն լայնորեն լուսաբանվի և ներկայացվի հանրությանը։
Նավասարդյանի խոսքով՝ Արևելյան գործընկերության ծրագիրը ենթադրում է Եվրամիության հետ հարաբերության նոր ձևաչափ, ուր գործադիր իշխանությունից բացի ներկայացված է նաև քաղաքացիական հասարակությունը, ինչը նշանակում է, որ այն երկրների իշխանությունները, որոնք ներգրավված են գործընկերության ծրագրում,«չեն կարող արհամարհել քաղաքացիական կառույցների կարծիքը»:
Արևելյան գործընկերության ծրագրում քաղաքացիական կազմակերպությունների ներգրավվածությունը՝ որպես համակարգ ,ձևավորվել է Քաղաքացիական հասարակության համաժողովի տեսքով, որն առաջին անգամ տեղի է ունեցել 2009 թ․ նոյեմբերին 16-17-ին՝Բրյուսելում կայացած քաղաքացիական հասարակության համաժողովում։
Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) մեկն է այն 21 կազմակերպություններից, որոնք Հայաստանը ներկայացրել են Բրյուսելում տեղի ունեցած այդ համաժողովին: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ընտրվել է ՔՀ ֆորումի հայաստանյան համակարգող։
Համաժողովն ունի 4 թեմատիկ պլատֆորմ' ժողովրդավարության, մարդու իրավունքի, արդարադատության համակարգի բարեփոխման, արդյունավետ կառավարման և կայունության պլատֆորմ, տնտեսական ինտեգրացիայի խնդիրներին վերաբերող պլատֆորմ, բնապահպանության, կլիմայական փոփոխությունների ու էներգետիկ հարցերի պլատֆորմ և միջանձնային շփումների պլատֆորմ:
Արդեն ընդունվել է Ազգային պլատֆորմի հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտներին հայտարարության կոչ է արվել։ Ըստ կոչի՝ քհկ-ները կարող են ներգրավվել այդ ծրագրի մեջ, եթե համապատասխանեն սահմանված մի քանի չափանիշներին։
Նավասարդյանն ասում է, որ հավանաբար մայիսի վերջին, հունիսի սկզբին կձևավորվի բոլոր ուղղություններով(եվրոպական կառույցներ, Հայաստանի իշխանական օղակներ, ինչպես նաև լրատվամիջոցներ) աշխատող Ազգային պլտաֆորմը։
Նրա խոսքով՝ ֆինանսավորումն իրականացնելու է Եվրամիությունը, բայց պետք չէ կենտրոնանալ դրա վրա, քանի որ իրենք նույնիսկ մտածում են, որ քաղաքացիական կառույցները Հայաստանում շատ բաներ կարող են անել նույնիսկ առանց ֆինանսավորման, իսկ ֆինանսավորման ծավալն ընդհանրապես պայմանավորված է արդյունքով:
«Մենք, ի տարբերություն նախորդ ծրագրերի, պիտի զգանք, որ այդ ծրագրերի իրականացումը փոխում է Հայաստանի ամեն քաղաքացու կյանքը: Չստացվի այնպես, որ գումարները գալիս են, բայց մարդիկ չեն զգում, որ իրենց կյանքը որեւէ ոլորտում՝լինի տնտեսական, սոցիալական, իրավունքների պաշտպանություն, չի փոխվում»,- ասում է Բորիս Նավասարդյանը՝ հավելելով, որ որքան փոփոխությունը զգալի լինի, այնքան արձագանքը Բրյուսելի մեծ կլինի, իսկ Հայաստանին ֆինանսավորելու հավանականությունը՝ մեծ։
Նավասարդյանն ասում է, որ իր գործընկերները միջազգային կառույցներում անընդհատ փնտրում են նոր եղանակներ, որ ծրագիրը չմնա որպես իմիտացիա, այլ ունենա պրակտիկ նշանակություն։
«Հենց այդ պատճառով էլ առաջարկվում է ինստիտուցիոնալ մասնակցության նոր ձևաչափ, որպեսզի տեսնենք արձագանքները, թե ինչպիսի ազդեցություն են թողնում այդ ծրագրերը կյանքի որակի վրա»,-պարզաբանեց նա։
Ազգային պլատֆորմի ստեղծման աշխատանքի շրջանակում հանդիպումներ են եղել Էկոնոմիկայի, Արտաքին գործերի նախարարության, ԱԺ-ի ու նախագահի աշխատակազմերի ներկայացուցիչների հետ:
Բորիս Նավասարդյանն ասում է, որ մարդիկ տեսնում ու գիտակցում են ծրագրի կարևորությունն ու քաղաքացիական գործոնը հաշվի առնելու անհրաժեշտությունը․«Ես դժվարանում եմ առայժմ դա քաղաքական կամք անվանել, բայց գիտակցությունը կա:
Մարդիկ գիտակցում են, որ այս գործընթացը որակապես տարբերվում է նախորդ գործընթացներից, և, բնականաբար, միգուցե նաև աջակցություն են ակնկալում քաղաքացիական հասարակությունից, որովհետև ասում են, որ հարցեր կան, որտեղ պաշտոնական մակարդակներում լուծումներ հնարավոր չէ գտնել, բայց քաղաքացիական հասարակության մակարդակով կարող են գտնել»։
