NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ա1+»–ն ունի միայն բարեկամներ

Ութ տարի առաջ՝ ապրիլի 2-ին փակվեց այլընտրանքային տեղեկատվություն մատուցող «Ա1+» հեռուստաընկերությունը, ինչպես «Ա1+-ցիներն» են ասում՝ առաջինը և միակը Հայաստանում: Այս ութ տարիների ընթացքում «Ա1+»-ը փորձեց իր հեռուստադիտողին ինֆորմացիոն զարկերակի վրա պահել հնարավոր տարբեր ձևերով՝ թերթ, էլեկտրոնային կայք, բլոգ, youtub, մոբայլ նորություններ:
«Նույն բանն է, որ պրֆեսիոնալ վարորդին ասես, թե այսօրվանից դու տոմսավաճառ ես», ասում է «Ա1+»-ի նախագահ Մեսորպ Մովսիսյանը՝ հավելելով, որ հեռուտաընկերությունը պետք է անի ավելին, քան արվել է այս ընթացքում։
Մեսորպ Մովսիսյանը համոզված է, որ եթե «Ա1+»-ը եթերում լիներ, միանշանակ չէին լինի Ռոբերտ Քոչարյանի՝ 2003 թ-ի վերընտրությունը, 2004 թ-ի ապրիլի 12-ի դեպքերը:
«Ոչ թե «Ա1+»-ը տանկերով կպաշտպաներ, այլ իր կեցվածքով և աշխատանքով կստիպեր Քոչարյանին եւ նրա վարչակազմին ենթարկվել միջազգային եւ տեղական օրենքներին՝ անընդհատ մատնացույց անելով օրենքների խախտման փաստերը:
Դա, ի վերջո, պետք է բերեր նրա զգաստացմանը եւ ստիպեր հրաժարվել ստի քաղաքականությունից: Իսկ երբ չկար որևէ խոչընդոտ, չկար որեւէ արգելք, կար բռի ուժ և բավականին մեծ ամբիցիա, եսասիրություն, Քոչարյանին հաջողվեց վերընտրվել, ինչն էլ, ես համարում եմ, դարձավ չարիք մեր երկրի համար»:
Ըստ Մեսրոպ Մովսեսյանի, «Ա1+»-ը թշնամի չունի, ունի միայն բարեկամներ.
«Նույն Քոչարյանն էլ «Ա1+»-ի մեծ բարեկամն է: Թող զարմանալի չթվա․ Քոչարյանը բարձրացրեց «Ա1+»-ի հեղինակությունը: Այն տեղական մի հեռուստաընկերություն էր, որն ուներ մեծ պոտենցիալ և ազնիվ ձգտումներ։
Քոչարյանն իրենից անկախ «Ա1+»-ի վարկանիշը բարձրացրեց, ընկերությանը բերեց միջազգային ճանաչում, հետո զղջաց, որ նման բան է արել: Դա էլ էր գալիս նրա անգիտությունից: Կոպիտ, բռի ուժը միշտ չէ, որ արդյունավետ գործում:
Այսօր մենք չունենք անկախ մամուլ, անկախ հեռուստատեսություն: Չկա նաև միտում դեպի ազատ մամուլը, որովհետև փող վաստակելու այն վարակը, որ տարածեց Քոչարյանը, մթագնել է բոլորի մտքերը, և բոլորը զբաղված են փող աշխատելով: Հեռուստատեսությունն ու մամուլը վերածել են բիզնեսի, ու դրանից բացի այլ բան չեն պատկերացնում:
Այն, ինչ անում է այսօր հեռուստատեսությունը, դրա հետևանքը տեսնելու ենք 10-20 տարի հետո: Այն դեգրադացիան, գավառական մտածելակերպը, որ ներարկում են ու եթե շարունակեն ներարկել հեռուստաընկերությունները, մեզ զրկելու է ղեկավարներ, գիտնականներ, մտավորականներ, արվեստագետներ ունենալուց:
«Ա1+»-ը պետք է ստանձնի խոսքի ազատության հարցում դրոշակակրի դերը, որովհետեւ պրակտիկան ցույց տվեց, որ մենք հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին եւ կշարունակենք այդպես աշխատել: Եթերը մեզ համար ոչ միայն բիզնես է, այլեւ ծառայում է դաստիարակչական նպատակի, հայրենասիրության, եւ ընդհանրապես' պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե անձին»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է Մեսրոպ Մովսիսյանը:
