NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փախստական Հայաստան

Անցյալ տարի այլ երկրներում քաղաքական ապաստան է հայցել 6226 հայաստանցի: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսի ներկայացրած զեկույցում, որում ամփոփված է 2009 թվականի ընթացքում ապաստանի խնդրանքով դիմումների վիճակագրությունը:
Այս տվյալը ստանալով' առաջին միտքս այն էր, որ քաղաքական ապաստան հայցողների կեսը հավանաբար ընդհանրապես քաղաքականությամբ չի էլ զբաղվել, սակայն ինձ անհանգստացնողն այս դեպքում այն է, որ Հայաստանից այդքան մարդ հանձնվել է այլ պետություններին, որպես քաղաքական հալածյալ: Դեռ այս զեկույցում ներառված չեն այն հայերը, ովքեր 2009 թվականին ընդմիշտ երկրից մեկնել են առանց քաղաքական ապաստան հայցելու:
Հարկ է նշել, որ այս զեկույցում ընդգրկված է միայն Եվրոպական երկրներ, ԱՄՆ ու Կանադա քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած հայերի թիվը, իսկ եթե սկսենք թվել նաև այն երկրները, որոնք զեկույցի մեջ չկան' օրինակ Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և այլն, ապա կարելի է պատկերացում կազմել Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Իսկ նման իրավիճակը ստեղծվել է ոչ այնքան քաղաքացիներին իրենց քաղաքական հայացքների համար հալածելուց, ինչն անժխտելի փաստ է, այլ այն, որ այդքան թվով մարդ Հայաստանում տիրող իրավիճակն օգտագործում է երկրից հեռանալու համար:
Հայաստանի բանտերում այսօր պահվում է ընդամենը տասնչորս քաղբանտարկյալ, սակայն 6226 հայաստանցի նրանց անունը օգտագործում է արտասահմանում թոշակ ստանալու ու իր երեխաների ապագան կերտելու համար: Ըստ վերոնշյալ զեկույցի, նրանց մեջ կան նաև այնպիսիք, որ օգտագործում են Եհովայի վկա, կամ արվամոլ լինելու տվյալներ, սակայն նրանք տոկոս չեն կազմում, իսկ հիմնական մասը քաղաքական ապաստան է հայցում, իբր քաղաքական հետապնդումների պատճառով:
Այս դեպքում հարց է ծագում' ինչն է խանգարում ՀՀ իշխանություններին տասնչորս հոգու ազատել և 6226 հայաստանցու զրկել այն փաստարկից, որ իրենք քաղաքական ապաստան են հայցում Հայաստանի իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվելու պատճառով, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ու որ իրենք էլ վախենում են քաղբանտարկյալ դառնալուց: Մեր իշխանությունները վերջապես պետք է հասկանան, որ բանտերից ազատելով ընդամենը տասնչորս քաղբանտարկյալի, կարող են անմիջապես զրկել հազարավոր կեղծ քաղհալածյալների' Հայաստանից կեղծ փաստաթղթերով փախչելու հնարավորությունից:
Տասնչորս քաղբանտարկալների ազատելը կլինի այն նախաքայլը, որով հնարավոր կլինի ինչ-որ կերպ կանխել արտագաղթը: Պետք չի նաև մոռանալ, որ քաղաքական ապաստան հայցող մարդը տվյալ երկրում մնալու համար այնպիսի սարսափելի բաներ է պատմում Հայաստանի ներկա վիճակի մասին, որ հարվածում է նաև ազգային անվտանգությանը:
Նրանցից ոմանք, ամենայն հավանականությամբ, գաղտնեկիրներ կարող են լինել, իսկ դա կրկնապատկում է վտանգը: Էլ չեմ խոսում այն մասին, որ քաղաքական ապաստան խնդրողը տվյալ երկրում ներկայանում է որպես Հայաստանի թշնամի ու պատրաստ է կատարել Հայաստանի դեմ ցանկացած առաջադրանք: Ես չեմ ասում, որ նրանք բոլորը դավաճաններ են, բայց որ նրանց մեծ մասը կօգտագործվի տվյալ պետության կողմից Հայաստանի դեմ, դա պարզից էլ պարզ է:
Այսինքն Հայստանը, պատկերավոր ասած, ամեն տարի երկրի ներսում ունի 6226 պոտենցիալ թշնամի: Այսքանից հետո խոսել փուչ հայրենասիրությունից ու իշխանությունների վարկանիշից' անմտություն է: Իշխանությունների հանդեպ ինչ վստահության մասին է խոսքը, որ պաշտոնապես 6226 մարդ ամեն տարի քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրներից:
Ուզում եմ հիշեցնել, որ Արցախյան չորսամյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք նույնքան զոհ' մոտ վեց հազար հերոս, սակայն այսօր, խաղաղության պայմաններում, ամեն տարի կորցնում ենք նույնքան Հայաստանի քաղաքացի, ովքեր իրենց համարում են Հայաստանի իշխանությունների կողմից հալածյալներ:
Իսկ իրական քաղաքական հալածյալներն ամեն օր Հայաստանյան բանտերում ու փողոցներում պայքարում են երկրում օրինականություն հաստատելու համար, որպեսզի մենք բոլորս կարողանանք ապրել այնպիսի Հայստանում, որտեղ մարդն իր երկրի նկատմամբ թշնամանք չի զգա:
Եթե այսպես շարունակվի, մտավախություն ունեմ, որ մի քանի տարի հետո կունենանք միայն «սիրված» իշխանություններ ու մի քանի հազար' քաղաքական ապաստան հայցող հայաստանցիներ:
ԱՌԱՔԵԼ ՍԵՄԻՐՋՅԱՆ
