NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ցեղասպանության դատական ճանաչման հեռանկարը

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կազմակերպած համաժողովին մասնակցելու նպատակով աանցած շաբաթ Երեւանում էին եվրոպական կառույցների բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Նրանց թվում Հայաստան էր այցելել Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը:
Լուիս Մորենո- Օկամպոյի հետ իշխանության ներկայացուիչների հետ հանդիպումներում քննարկվել է Հայոց ցեղասպանության դատական ճանաչման հարցը:
Կազմակերպիչները կարեւորում էին հանգամանքը, որ համաժողովն անցկացվում է ցեղասպանության 95- րդ տարելիցի նախաշեմին: Կոնգրեսի ներկայացուցիչները համաժողովի օրերին այցելեցին Ցեղասպանության հուշահամալիր: Թեման նաեւ թուրք իրավապաշտպանների հետ հանդիպումներում քննարվեց:
Հարցը, սակայն, համաժողովի ընթացքում ոչ միայն բարոյական, այլ նաեւ իրավական համտեքստում քննարկվեց: Ինչպես տեղեկացանք արդարադատության նախարարության հաղորդագրությունից, Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո- Օկամպոն արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ցեղասպանության դատական ճանաչման հեռանկարների հարցը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում էր, թե կողմերը եկել են այն եզրակացությանը, թե դատարանն իրավասու է անդրադառնալ Ցեղասպանության դատական ճանաչման հարցին: Բառացի մեջբերեմ նաեւ հաղորդագրության հետեւյալ հատվածը. «Միաժամանակ, պարոն Լուիս Մորենո- Օկամպոն կարծիք է հայտնել, որ հարցին անդրադառնալու լիարժեք հիմք ապահովելու համար անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Հռոմի դատավարության համաձայնագրի առնչությամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը»:
Ճշտելու համար, թե համաձայնագրի առնչությամբ ո՞րն է Հայաստանի դիրքրոշումը, զրուցեցի միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանի հետ:
Նա նախ ճշգրտեց արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ նշված փաստաթղթի անվանումը ու որոշ պարզաբանումներ տվեց Միջազգային քրեական դատարանի մասին :
«Փաստաթուղթը կոչվում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրություն: Այն ընդունվել է Հռոմում, 1998 թվականին: հենց այս կանոնադրության հիման վրա է ստեղծվել Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը»:
Հաագայում, ի դեպ, երեք դատարաններ են գործում, ՄԱԿ- ի միջազգային դատարանը, Միջազգային քրեական տրիբունալը, որը ստեղծվեց նախկին Հարավսլավիայում տեղի ունեցած դեպքերը քննելու համար, եւ վերջապես Միջազգային քրեական դատարանը, որին էլ հենց վերաբերում է խոսքն այս դեպքում: Պնդմանը, թե դատարանի իրավասության շրջանակում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, Վլադիմիր Վարդանյանը նախ' մի քանի դիտարկումներ է հավելում:
«Նախ' այս դատարանի իրավասությունը սահմանափակվում է սոսկ քրեական գործերվ, այն կոչված չէ պատասխանատվության կանչել պետություններին կամ այլ սուբյեկտներին: Եվ երկրորդ' դատարանը իրավասույթուն ունի քննելու հանցագործությունների այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո»:
Խոսքն, այսինքն, վերաբերում է 2001 թվականից հետո տեղի ունեցած դեպքերին: Այդուհանդերձ, կարո՞ղ է արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը դառնալ Միջազգային քրեական դատարանի քննարկման առարկա:
«Տեսկանորեն, այո, գործնականում' դժվար թե»,- պատասխանեց Վլադիմիր Վարդանյանը:
Լուսինե Մանուկյան
