NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարտի 1–ին զոհվածների հարազատների բողոքը դատարանում

Երևանի եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհվածների հարազատների բողոքները, որոնցով նրանք վիճարկում են սպանությունների հանգամանքների բացահայտման հարցում Հատուկ քննչական ծառայության ու Գլխավոր դատախազության անգործությունը: Վաղը կսկսվի զինծառայող Տիգրան Աբգարյանի գործով բողոքի քննությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստահավաք խումբը, իր վաղաժամ լուծարման պատճառով հնարավորություն չունեցավ ներկայացնել Մարտի մեկի տաս զոհերի սպանությունների հանգամանքները, ունենալով միայն նախկինում հավաքած նյութեր, դրանք համադրելով լրացուցիչ վկայությունների, տեսագրությունների ու լուսանկարների հետ, համապարփակ ուսումնասիրությամբ կարողացել ենք ստանալ ամբողջական պատկեր, որը նկարագրում է մարտի մեկի բոլոր սպանությունների ճշգրիտ հանգամանքներն ու սպանողների նեղ շրջանակը:
Մանրակրկիթ ուսումնասիվել է նաև Մարտի մեկի հիմնական քրեական գործը /քր.գործ.թիվ 62202608/, որը հանրությանը հայտնի է 7-ի գործ անվամբ, որտեղից նույնպես ստացվել են լրացուցիչ ապացույցներ: Նշված ուսումնասիրությունը առանձին-առանձին կնկարագրի բոլոր սպանվածների սպանության հանգամանքները, իսկ վերջում կներկայացվի նկատված ընդհանրությունները
Համլետ Թադեւոսյան՝ ծնված 1977թ., ՀՀ ՈԶ թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան
Համաձայն դատաբժշկի եզրակացության՝ նրա դիակի վրա հայտնաբերվել են ձախից վերին եւ ստորին կոպի, որովայնի, շեքի, փոշտի, ամորձիների, առնանդամի, զույգ բազուկների, ձախ նախաբազկի, զույգ ազդրերի, սրունքների, աջ ոտնաթաթի առաջին մատի եղնգային ֆալանգի բազմաթիվ պայթյունային, բեկորային վիրավորումներ՝ փափուկ հյուսվածքների եւ անոթների վնասում, աջ ոտնաթաթի առաջին մատի եղնգային ֆալանգի կոտրվածք, հետորովայնամզային հեմատոմա, արտաքին առատ արյունահոսություն։ Նշված բոլոր վնասվածքները առաջացել են կենդանության օրոք, պայթյունի հետեւանքով առաջացած բեկորների ազդեցությամբ եւ անմիջական պատճառական կապ ունեն նրա մահվան հետ:
Ըստ դատաձգաբանական փորձաքննության' Հ. Թադևոսյանի զույգ սրունքներից հայտնաբերված 3 մետաղական բեկորները և կիսաճտքավոր աջ կոշիկի վրայից հայտնաբերված մեկ մետաղական բեկորը բեկորացվել են պայթյունի հետևանքով, դրանցից մեկը հավանաբար գործարանային արտադրության «Ֆ-1ե, « ՌԳԴ-5ե և «ՌԳ-42ե տեսակի նռնակներ պայթեցնելու համար նախատեսված «ՈՒԶՌԳՄե տեսակի պայթուցիչի միացման ականոցի վերին հատվածի բեկոր է:
Հ. Թադեւոսյանի հագուստների վրայի վնասվածքները բեկորային բնույթի են՝ առաջացած բեկորացման ենթակա ամուր պատյան ունեցող պայթուցիկ սարքի պայթյունից, որը պայթել է Հ. Թադեւոսյանի ոտքերի մոտ:
Վիրավորվել է Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 17 շենքի դիմաց ու տեղափոխվել Երևանի 3-րդ կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Համլետ Թադևոսյանի վերաբերյալ դատախազությունը և ՀՔԾ-ն կարողացել են հայթայթել միայն այսքան տեղեկություններ: Բացի նրանից, որ Փաստահավաք խումբը իր առաջին զեկույցով ներկայացրել է նշված սպանության հանգամանքները, անցած ժամանակամիջոցում երևան են եկել նոր փաստեր: Մասնավորապես ընդդիմության ներկայացուցից Նիկոլ Փաշինյանի դատի ժամանակ, ով դատվում է մարտի մեկին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվան Վարոսյանը ներկայացրել են փաստեր, որ Համլետ Թադևոսյանը սպանվել է ոստիկանների կողմից օգտագործվող ՙԶարյա՚ տեսակի նռնակից: Դատարանին ներկայացվել է նաև Մարտի մեկին կատարված մի տեսագրություն, որտեղ պատկերված է Համլետ Թադևոսյանի մոտակայքում հավանական պայթյունի պահը: Փաստաբանները նաև նշել են, որ կան Համլետ Թադևոսյանի նույն զորամասում ծառայող վկաներ, որոնք պատրաստ են վկայություն տալ, թե ինչպես է Համլետ Թադևոսյանը վիրավորվել ոստիկանների կողմից օգտագործված ՙԶարյա՚ տեսակի նռնակից, սակայն քանի-որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում, այնպիսի վկաների պաշտպանություն, որոնք հետապնդվում են հենց ոստիկանների կողմից, ապա վերջիններս խնդրել են ապահովել, իրենց կյանքի անվտանգությունը, որպեսզի կարողանան վկայություն տալ: Նրանք վախենալով պետության կողմից հետապնդվելուց միայն բանավոր կերպով փաստաբաններին պատմել են, որ ՙԶարյա՚ տեսակի նռնակը, որը հաստատված է, որ հանդիսանում է կյանքի համար վտանգավոր, մարտի մեկին օգտագործվել է ցուցարարների դեմ, սակայն մի քանի առանձին դեպքերում ոստիկանների կողմից սխալ օգտագործվելու պատճառով այն պայթել է ոստիկանների շարքերում, որը ոչ միայն բերել է Համլետ Թադևոսյանի մահվանը, այլ նաև տասնյակ ոստիկանական զորքերի ծառայողների բեկորային վնասմանը: Քրեական գործում ոստիկանական զորքի զինծառայողների ոչ մեկի ցուցմունքում կոնկրետ նշված չէ թե իրենք ինչպես են ստացել իրենց բեկորային վնասվածքները, ինչպես նաև Համլետ Թադևոսյանի կողքը կանգնած նույն զորամասի զինծառայողներից ոչ ոք չի տեսել թե ով է գցել նռնակը և թե ինչպես է վիրավորվել Համլետ Թադևոսյանը, այն դեպքում, երբ նրանք բոլորը գտնվել են զոհվածից աննշան հեռավորության վրա: Նրանցից ոչ մեկը չի նկարագրում որևէ ցուցարարի, ով նռնակ նետած լիներ: Հարկ է նշել, որ Քրեական գործում նշված զորամասից որպես վկա լսվել են մոտ հարյուր զինծառայողներ: Մամուլի հարպարակումներից մեկում /ՀԺ/ տպագրվեց մի լուսանկար, որտեղ պատկերված էր մի զինվորական համազգեստով անձ, որին փրկում էին ցուցարարները:
Փաստահավաք խումբը գնալով այս լուսանկարի հետքերով պարզեց, որ լուսանկարում պատկերված անձը հանդիսանում է Համլետ Թադևոսյանի հրամանատար Մխիթար Մխեյանը, ով չնայած նշում է, որ իրենց 1032 զորամասի զինծառայողները զինված չեն եղել, սակայն նշված լուսանկարում պարզ երևում է նրա զինված լինելը: Այնուհետև իր ցուցմունքում Մ.Մխիթարյանը նշում է, որ ցուցարարները ցանկանում էին ամեն կերպ մարմնական վնաս հասցնել իրեն, սակայն չի նշում, որ ինչպես իրեն վիրավոր վիճակում ՙՁկան խանութի՚ մոտից ցուցարարները տեղափոխել են Միասնիկյանի արձանի մոտ, որտեղ գտնվում էին միայն ցուցարարներն և ինչպես են ցուցարարները կանչել շտապ օգնության ավտոմեքենա և նրան տեղափոխել հիվանդանոց: Փաստահավաք խումբը մի քանի անգամ փորձել է Մխիթար Մխիթարյանին հրավիրել Փաստահավաք խումբ վկայություն տալու համար, սակայն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով նա հրաժարվել է գալ:
Համադրելով նշված փաստերը կարելի է եզրակացնել, որ Համլետ Թադևոսյանը սպանվել է ոստիկանների կողմից արձակված ՙԶարյա՚ տեսակի նռնակի պայթյունից ժամը 21.15-ին Մաշտոցի պողոտայի ՙՁկան խանութի՚ մոտ: Որպեսզի ոստիկանները կոծկեն այս փաստը չի կատարվել տեղանքի պատշաճ զննություն, չեն հարցաքննվել նույն զորամասի բեկորային վնասվածք ստացած զինծառայողները նշված դեպքի հանգամանքների հետ կապված, ինչպես նաև փաստահավաք խմբին չեն ներկայացրել այնպիսի վկաների, որոնց հարցաքննությունից կպարզվեր, որ 1032 զորամասի զինծառայողները զինված են եղել ինչպես հատուկ միջողներով, այնպես էլ մարտական զենքերով: Ուսումնասիրությանը կից ներկայացվում է փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի տրամադրված ապացույցները դատարանին, ինչպես նաև Համլետ Թադևոսյանի հավանական վնասվածք ստանակլու պահը և վերջինիս հրամանատար Մխիթար Մխեյանի լուսանկարը, որտեղ ցուցարարները փրկում են նրա կյանքը:
Գոռ Քլոյան՝ ծնված 1979 թ.
Համաձայն դատաբժշկի եզրակացության' Գ.Քլոյանի դիակի վրա հայտնաբերվել է ձախ աճուկաենթազստային շրջանի ջնջխված բեկորային վերք: Մահը վրա է հասել ձախ աճուկաենթազստային շրջանի ջնջխված բեկորային վնասվածքով պայմանավորված արյան սուր կորստից:
Համաձայն դատաձգաբանական փորձաքննության' նրա դիակից հանված առարկան գործարանային արտադրության «Չերյոմուխա - 7ե տեսակի կրակված փամփուշտի կոնտեյներ՝ գազային նռնակ է՝ իր պլաստմասսե խցաններով: Խցանների վրայի կրակման հետքերը բնորոշ են հատուկ միջոց հանդիսացող «ԿՍ-23ե կարաբիններին: Խցանի վրայի դեֆորմացիան և պատռվածքները կարող էին առաջանալ որևէ պինդ մարմնի հետ բախման կամ որևէ արգելքի միջով անցնելու հետևանքով :
Վիրավորվել է Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ, առանց գիտակցության գալու, մահացել է:
Փաստահավաք խումբը Գոռ Քլոյանի սպանության հետ կապված ստացել է նրա հոր Սարգիս Քլոյանի վկայությունը, այն մասին, որ ինքը և իր որդին Մարտի մեկի կեսօրից հետո գտնվել են Միասնիկյանի արձանի մոտ, քանի, որ տեղեկացել էին, որ առավոտյան խաղաղ ցուցարարների վրա ոստիկանների կողմից հարձակում է եղել: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Գոռ Քլոյանը եղել է ԲՀԿ կուսակցությունից ներկայացված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձը, սակայն հայրը պնդում է, որ որդին տեսնելով Սերժ Սարգսյանի օգտին կատարվող ապօրինությունները /լցոնումներ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների վրա ճնշումներ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի կողմից բաժանվող ընտրակաշառք/ Գոռը հիասթափվել է իշխող կուսակցությունից և սկսել է պաշտպանել ժողովրդի իրավունքները: Սարգիս Քլոյանի խոսքերով մարտի մեկին Գոռը իրենից բաժանվել է ժամը 20.30-ին քանի որ հայրը մրսելիս է եղել և նա գնացել է վերնաշապիկ բերելու: Այնուհետև հորը տեղեկացրել են, որ որդին վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում:
Մամուլում /ՀԺ/ հրապարակված տեղեկության համաձայն Գոռ Քլոյանի վիրահատության ժամանակ պայթել է մարմնի մեջ գտնվող ՙՉերյոմուխա 7՚ տեսակի նռնակը, որը նրան վիրավորելիս պայթած չի եղել և ամբողջությամբ մխրճված է եղել աճուկի մեջ, իսկ վիրահատող բժիշկներն էլ անակընկալի գալով և վախենալով իրենց կյանքերի համար, Գոռ Քլոյանին թողել են վիրահատարանում ու փախել: Նրանք վերադարձել են միայն այն ժամանակ, երբ վիրահատարանում պայթաց ՙՉերյոմուխա 7՚ նռնակի գազը ցնդել է և սենյակը օդափոխվել: Սակայն այդ ժամանակաընթացքում վիրահատարանում Գոռ Քլոյանը արդեն մահացած է եղել: Այս տեղեկությունը ՀՀ պատկան մարմինների կողմից որևէ քննության չի առնվել:
Փաստահավաք խումբը ձեռք է բերել մի տեսագրություն, որտեղ հիմք ընդունելով ՀՔԾ կողմից նշված Գոռ Քլոյանի վիրավորվելու մոտավոր վայրն ու ժամը երևում է, թե ինչպես են ոստիկանները մարտի 1-ին ժամը 21.17-ին Մաշտոցի պողոտայի գետնանցումի վրա կանգնած' դիմահար կրակում ցուցարարների ուղղությամբ, և թե ինչպես հավանական ՙՉերյոմուխա 7՚ տեսակի նռնակից վիրավորվում է մի քաղաքացի, որը հավանաբար հանդիսանում է Գոռ Քլոյանը: Տեսագրությունը կցվում է Գոռ Քլոյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությանը, որի վերծանմամբ կարելի է պարզել թե, որ ոստիկանական ստորաբաժանումն է նշված ժամին կանգնած եղել նշված վայրում:
Փաստահավաքը ՙՉերյոմուխա 7՚-ից զոհված քաղաքացիների մասով հանդես է եկել իր երկրորդ զեկույցով, որտեղ նշված են նաև Չերյոմուխա կիրառած հավանական մարդասպանների անունները:
Ներկայացվում է նաև Գոռ Քլոյանի ծնողների վկայությունները նրանց որդու սպանության հետ կապված:
Գրիգոր Գևորգյան՝ ծնված 1980թ.
Համաձայն դատաբժշկի եզրակացության՝ նրա դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի անցք՝ քթի մեջքին, ելքի անցք՝ ձախ ճակատա-գագաթային շրջանում: Մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումը:
Վիրավորվել է ՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկին հարակից կամարի մոտ տեղակայված կոշիկի վերանորոգման կետի դիմաց:
Ըստ պաշտոնական վարկածի չի հայտնաբերվել նրան կրակած փամփուշտը և հնարավոր չի եղել ճշտեն թե ինչ զենքի կրակոցից է նա մահացել: Փաստահավաք խմբին հաջողվել է ձեռք բերել մի տեսագրություն, որտեղ մարտի մեկին ժամը 21.45-ին պատկերված է Պարոնյան-Լեո խաչմերուկը, որտեղ երևում է, թե ինչպես մի քանի երիտասարդ /5 հոգի/ կանգնած են կոշիկի վերանորոգման կետի դիմաց, որտեղ ընկած է մահացած մի քաղաքացի և նրանք փորձում են որևէ օգնություն ցուցաբերել, սակայն նրանցից քսան մետր հեռավորության վրա դեպի Պռոշյան փողոց կանգնած են մի քանի հարյուրի հասնող զինվորական ստորաբաժանումներ, որոնք այդ 5 քաղաքացիների ուղղությամբ կրակում են: Այդ հինգ երիտասարդներից մեկը բարձրաձայն լացում է և գոռում. -Եղբորս սպանեցին, ու բռունցքով խբում է սպանվածի կողքին կայանած ավտոմեքենային: Այնուհետև զորքերը կրակելով առաջ են շարժվում, իսկ այդ 5-6 երիտասարդները դիմում են փախուստի: Զորքերը անցնում են սպանվածի կողքով սակայն որևէ օգնություն չեն ցուցաբերում և այդպես մոտ 30 րոպե սպանվածը մնում է գետնին պառկած: Այս տեսագրությունը ուսումնասիրելիս հստակ պարզվում է, որ Պռոշյան փողոցի վրա կանգնած զորքերը ավտոմատներով դիմահար կրակում են մի քանի երիտասարդների ուղղոթյամբ, որոնցից մեկն էլ' Գրիգոր Գևորգյանը գլխից վիրավորվում է ու տեղում մահանում:
Փաստահավաք խմբի տրամադրության տակ է նաև Գրիգոր Գևորգյանի կնոջ վկայությունը, որտեղ նա նշում է, որ Մարտի 2-ին չիմանալով, որ ամուսինը սպանվել է փորձել է ամուսնու մասին տեղեկություններ ստանալ Կենտրոնի ոստիկանության բաժնից, որտեղ իմանալով կնոջ այցելության պատճառը ոստիկանները նշել են, որ .-ՙԼավ կլինի ամուսինդ մահացած լինի, թէ չէ եթե մահացած չլինի ոստիկանները խոստացել են Գրիգոր Գևորգյանին ծեծելով սպանել: Գրիգոր Գևորգյանի կնոջ վկայությունը տեղադրվել է Ա1+ կայքում, սակայն ՀՀ պատկան մարմինները որևէ կերպ չեն անդրադարձել դրան: Նրանք նաև չեն գտել այն երիտասարդին, ով կանգնած լինելով Գրիգոր Գևորգյանի կողքին բարձրաձայն լացել է և գոռացել, որ եղբորը սպանեցին: Հավանաբար այդ երիտասարդը հանդիսանում է Գրիգոր Գևորգյանի եղբայրը կամ աներորդին, որոնք այդ ժամին նույնպես գտնվել են նշված վայրում: ՀՔԾ-ն չի փորձել նրանց հարցաքննել, որպեսզի պարզի սպանության հանգամանքները, նաև չի քննվել այն փաստը, որ սպանված քաղաքացին բավական երկար ժամանակ անօգնական ընկած է եղել փողոցում և հարյուրավոր ոստիկաններից ոչ ոք որևէ օգնություն չի տրամադրել:
Գրիգոր Գևորգյանի սպանության հանգամանքների ուսումնասիրությանը կից ներկայացվում է վերոնշյալ տեսագրությունն ու վերջինիս կնոջ' Վարդուհի Գևորգայանի ցուցմունքը:
Տիգրան Խաչատրյան՝ ծնված 1985թ.
Համաձայն դատաբժշկական փորձաքննության' Տիգրան Խաչատրյանի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային բաց-բութ վնասվածք: Մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետևանք է ստացած գանգուղեղային բաց վնասվածքի:
Դիահերձման ժամանակ Տ. Խաչատրյանի գանգից հանվել է մետաղի կտոր:
Համաձայն դատաձգաբանական փորձաքննության' նրա դիակից հանված մետաղյա կտորը գործարանային արտադրության «Չերյոմուխա - 7ե տեսակի կրակված փամփուշտի գազային նռնակ է: Գազային նռնակի պլաստմասսե խցանները, հավանաբար, անջատվել են որևէ պինդ մարմնի հետ բախման կամ որևէ արգելքի միջով անցնելու հետևանքով:
Վիրավորվել է Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի կամարի մոտ:
Պաշտոնական վարկածի համաձայն Տիգրան Խաչատրյանը սպանվել է վերոնշյալ հանգամանքներում: Փասստահավաք խումբը կարողացել է պարզել Տիգրան Խաչատրյանի սպանության ճշգրիտ ժամն ու ճշգրիտ վայրը, ինչպես նաև ոստիկանության այն ստորաբաժանումները և ՙՉերյոմուխա՚ կրակող այն ոստիկանների անունները, ովքեր նշված ժամին հավանական կրակոց են արձակել Տիգրան Խաչատրյանի ուղղությամբ:
Տիգրան Խաչատրյանը սպանվել է Մարտի 1-ին ժամը 21.49-ին Պարոնյան-Լեո խաչմերուկի մեջտեղում գտնվող ԿՎԶ..... տեսակի ավտոմեքենայի կողքին կանգնած: Հաշվի առնելով, որ նա վիրավորվել է գլխի հետին մասից, նշանակում է նա կանգնած է եղել ոստիկաններին մեջքով և վիրավորվելու պահին որևէ վտանգ չէր կարող ներկայացրել նրանց համար: Այսինքն ոստիկանները դիմահար կրակել են մեջքով կանգնած մարդու ուղղությամբ: Փաստահավաք խմբի տրամադրության տակ է մի տեսագրություն, որտեղ հստակ երևում է վերոնշյալ վայրում ընկած Տիգրան Խաչատրյանը ում փորձում են օգնություն տրամադրել ցուցարարները, սակայն ոստիկանները կրակոցներ են արձակում նրանց ուղղությամբ, իսկ մի քանի րոպե չանցած ջրցան ավտոմեքենա է գալիս և ջրելով Տիգրան Խաչատրյանի ընկած վայրը մաքրում է սպանության հետքերը: Փաստահավաք խմբի տրամադրության տակ է նաև մի տեսագրություն, թե ինչպես են այնուհետև ոստիկանները քշում փողոցի մեջտեղում կանգնած ԿՎԶ ավտոմեքենան, իսկ հետո էլ շտապ օգնության մեքենան տանում Տիգրան Խաչատրյանին:
Փաստահավաք խումբի առանձին զեկույցով ներկայացվել է նաև ՙՉերյոմուխա 7-ից՚ մահացածների զեկույց: Վերոնշյալ տեսագրություններին ու զեկույցը տրամադրվում են կից: Տրամադրվում է նաև Տիգրան Խաչատրյանի ծնողների վկայությունները, թե ինչպես իրենց որդին հայտնվեց նշված վայրում ինչպես նաև Տիգրան Խաչատրայնի կողմից Մարտի մեկին ժամը 21.20-ին հեռախոսով արված տեսագրությունները, որտեղից պարզ է դառնում, որ նա կանգնած է եղել Միասնիկյանի արձանի մոտ և լսելով պայթյուն և կրակոցներ, վազել է այդ ուղղությամբ, որպեսզի շարունակի նկարահանելը: ՀՔԾ-ն քննության չի ենթարկել ոչ Տիգրան Խաչատրյանի կատարած նկարահանումները, ոչ էլ նրա ծնողների վկայությունները:
Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան՝ ծնված 1961 թ.
Համաձայն դատաբժշկի եզրակացության' Հ. Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային գնդակային կույր վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին: Մահը վրա է հասել կրծքավանդակի հրազենային գնդակային կույր վիրավորումից առաջացած սուր ներքին արյունահոսությունից:
Դիահերձման ժամանակ նրա մարմնից հանվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ:
Համաձայն դատաձգաբանական փորձաքննության՝ Հ.Հովհաննիսյանի դիակից հանված գնդակը գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի մարտական փամփուշտի մաս՝ կրակված գնդակ է: Այս տեսակի փամփուշտները նախատեսված են «ԱԿ-74ե ինքնաձիգների և դրանց մոդիֆիկացիաների համար: Գնդակն իր վրայի կրակման հետքերով բնորոշ է 5.45 մմ տրամաչափի «ԱԿ-74ե ինքնաձիգներից և դրանց մոդիֆիկացիաներից կրակված գնդակներին:
Վիրավորվել է ՝ Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա ու ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել:
Պաշտոնական վարկածի համաձայն Հովհաննես Հովհաննիսյանը տեղում մահացել է, սակայն փաստահավաք խումբը պարզել է, որ նա վիրավորվել է Մարտի 1-ին ժամը 22.02 Մաշտոցի պողոտայի անկյունում կանգնած: Փաստահավաք խմբին տրամադրվել է մի վկայություն, որտեղ Տիգրան Առաքելյանը պատմում է թե ինչպես նշված ժամին, նշված վայրում գտնվելով Հովհաննես Հովհաննիսյանի նկարագրով մարդու կողքին, վերջինս որոշել է ձեռքերը վեր պարզած շարժվել ոստիկանների ուղղությամբ, և շարժվելով գոչել է մի կրակեք ժողովրդի վրա: Այդ պահին Պարոնյանի անկյունից ոստիկանները դուրս են եկել և ավտոմատ հրազենով դիմահար կրակել են հավանաբար Հովհաննես Հովհաննիսյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ընկել է, իսկ Տիգրան Առաքելյանը ևս երեք անծանոթ տղաների հետ միասին վազել են վիրավորի ուղղությամբ, նրան գրկած տարել մինչև Մաշտոցի վրա կայանած պատահական տաքսու մոտ, տեղավորել տաքսու մեջ, որպեսզի վիրավորին հասցնեն հիվանդանոց: Մեքենան շարժվել է դեպի Պարոնյան փողոց, սակայն ոստիկանները տեսնելով մեքենայի շարժը այս անգամ կրակել են նշված տաքսիի վրա, որի պատճառով տաքսին հետ դարձ է կատարել և շարժվել դեպի Մաշտոցի պողոտա: Փաստահավաք խմբի տրամադրության տակ է նաև նշված վկայությունը հաստատող մի տեսագրություն, որը տրամադրվում է կից, որտեղ երևում է, թե ինչպես ոստիկանական համազգեստով դիմակավոր անձիք դիմահար կրակում են վերոնշյալ երիտասարդների ուղղությամբ:
Սամվել Հարությունյան՝ ծնված 1979թ.
Համաձայն դատաբժշկի եզրակացության' նրա դիակի վրա հայտնաբերվել է գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածք: Մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից, որը պայմանավորված է եղել գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածքով, վերջինիս հետևանքով զարգացած թարախային մենինգիտով, երկկողմանի թարախային թոքաբորբով:
Վիրավորվել է Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա, տեղափոխվել է «Արմենիաե բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 11.04.2008թ՝ առանց գիտակցության գալու:
Պաշտոնական վարկածով Սամվել Հարությունյանը վիրավորվել է բութ գործիքի հարվածից ստացած վնասվածքներից, սակայն ՙ7-ի գործի, քր գործ թիվ 62202608 հատոր 4-ում էջ 134/ նշվում է, որ երբ Սամվել Հարությունյանը ընդունվել է հիվանդանոց, գլխի հրազենային վնասվածքով, իսկ միայն մի քանի վիրահատությունից հետո է նշվում, որ նա վնասվածք է ստացել բութ գործիքից: Փաստահավաք խմբին Սամվել Հարությունյանի հայրը տրամադրել է պետական հեռուստատեսությամբ կատարված մի տեսագրություն, որտեղ մարտի մեկին ձերբակալվածների շարքում նա ճանաչել է իր որդուն ու հոր խոսքերով որդուն սպանել են ձերբակալելուց հետո: Փաստահավաք խումբը փորձել է ՀՔԾ-ից, դատախազությունից և հեռուստատեսությունից ձեռք բերել նշված տեսագրության ամբողջական տարբերակը, սակայն նրանք չեն տրամադրել: Այդ պատճառով հնարավոր չի եղել հաստատել կամ հերքել Սամվել Հարությունյանի հոր պնդումները, սակայն փաստահավաք խումբը հետաքննել է մեկ այլ վարկած ևս, երբ տեսագրություններից մեկում դատախազության կողմից տրամադրված Սամվել Հարությունյանի վիրավորվելու վայրում և ժամին ոստիկանների կողմից արձակված կրակոցից գլխից վիրավորվում է մի քաղաքացի, որը հնարավոր է լինի Սամվել Հարությունյանը: Նշված վարկածը կարող է հավանական լինել քանի-որ ըստ պաշտոնական վարկածի նշված վայրում գլխից վիրավորված այլ քաղաքացի չի հայտնաբերվել, ինչպես նաև Ա1+ հեռուստատեսության կողմից նշված վայրում նկարահանվել են արյան ծնոտի և ուղեղի կտորներ, որոնք հնարավոր է պատկանան Սամվել Հարությունյանին: Խաչիկ Դավթյանը փաստահավաք խմբին պատմել է, որ տեսել է թե ինչպես նախաքննական մարմնի նշված վայրում գլխից վիրավորվել է մի քաղաքացի:
ԱԺ մարտի մեկը ուսումնասիրող հանձնաժողովը քննել է միայն առաջին վարկածը և հանգել նրան, որ նշված վայրում հայտնաբերված արյունը պատկանում է հորթի, իսկ ծնոտն էլ խոզի, սակայն պաշտոնական վարկածով մարտի մեկի դեպքի վայրի տեղազննությամ ժամանակ որևէ կենդականու արյուն կամ մարմնի մաս չի հայտնաբերվել: Նախաքննական մարմինը ոչ մի կերպ չի անդրադարձել այս երկու վարկածներից որևէ մեկին, սակայն գտնվել են երկու վկաներ, ովքեր վկայություն են տվել նաև մի քանի քաղբանտարկյալների վրա, ինչպես նաև զոհված Գոռ Քլոյանի մասին: Նշված վկաները նշել են թե իբր Սամվել Հարությունյանը նախաքննության նշված վայրում քարեր էր նետում ոստիկանների ուղղությամբ և հանկարծակի ընկավ: Նրանք չեն տեսել թե նա ինչպես ընկավ ու կողմից խբվեց:
Սամվել Հարությունյանի հոր վարկածը հաստատող փաստը այն է, որ որդու հիվանդանոցում գտնվելու մասին նրա ծնողներին հայտնել են միայն մարտի չորսին, այսինքն վիրավորվելուց երեք օր հետո, իսկ այդ երեք օրերի ընթացքում ծնողները իմացել են, որ իրենց որդին ձերբակալված է: Հիվանդանոցում Սամվել Հարությունյանի հայր Էդիկ Հարությունյանը որդու ձեռքերի և ոտքերի մասում հայտնաբերել է կապտուկներ, որից ենթադրել է, որ որդու ձեռքերը մինչև մահացու վիրավորվելը ոստիկանների կողմից կապված են եղել: Հոր տրամադրած տեսագրության մեջ երևում է թե ինչպես է ձերբակալված մարդկան ետևի պատը չոր, իսկ այնուհետև արյունի նման կարմրավուն հետքեր են երևում: Նշված պատի տակ եղած երիտասարդներից երեքը Մարտի մեկի ԱԺ հանձնաժողովին հայտնել են, որ դա արյուն չէ, այլ ՙԿոկա-Կոլա՚, որը ձերբակալվելուց հետո ոստիկանները շբել են իրենց վրա: Կասկած է հարուցում այն փաստը, որ պատի տակի երևացող երիտասարդները ձերբակալված լինելով գողության համար հաջորդ օրն իսկ ազատ են արձակվել, այն դեպքում երբ միայն իբր ոստիկաններին հայհոյած մարդիկ դատապարտվել են մի քանի տարի ազատազրկման:
Հետաքրքրական է, որ նախաքննական մարմնի կողմից ներկայացված վկաները ձերբակալվել, այնուհետև ազատ են արձակվել գողության, կամ թմրամիջոցներ օգտագործելու համար, որը առիթ է տալիս ենթադրելու, որ վերջիններս ցուցմունք են տվել ճնշման տակ, այսինքն նախաքննությանը ցանկալի ցուցմունքներ են տվել իրենց ազատ արձակելու պայմանով:
Սամվել Հարությունյանի հոր վկայությունները, ինչպես նաև վերոնշյալ տեսագրությունները տրամադրվում են կից:
Դավիթ Պետրոսյան՝ ծնված 1975թ.
Համաձայն դատաբժշկական փորձաքննության՝ նրա դիակի վրա հայտնաբերվել է հրազենային, գնդակային մուտքի անցք՝ կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը:
Վիրահատության ընթացքում Դ.Պետրոսյանի մարմնից հանվել է 9մմ տրամաչափի մեկ գնդակ: Համաձայն դատաձգաբանական փորձաքննության' գնդակը գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս՝ կրակված գնդակ է, որի վրայի կրակման հետքերը բնորոշ են «ՊՄե ատրճանակից կրակված հետքերի: Գնդակի վրայի քերծվածքային դեֆորմացիան արդյունք է որևէ պինդ մարմնի հետ բախման, հնարավոր է՝ հետցատկ կամ որևէ արգելքի միջով անցնելու:
Վիրավորվել է՝ Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ:
Պաշտոնական վարկածում չի նշվում, որ Դավիթ Պետրոսյանի հետ եղել են նրա երկու աներորդիները և զարմիկը, որոնք ականատես են եղել թե ինչպես է վիրավորվել Դավիթ Պետրոսյանը, սակայն քննիչները նրանցից չեն փորձել ճշտել թե ովքեր են կրակել ցուցարարների ուղղությամբ, այսինքն ակնհայտորեն փորձել են կոծկել այն փաստը, որ ցուցարարների դիմաց կանգնած ոստիկաններն են կրակել ցուցարարների ուղղությամբ: Այս փաստը հաստատվում է նաև փաստահավաք խմբի տրամադրության տակ եղած մի տեսագրությամբ, որտեղ հստակ երևում է, որ նախաքննական մարմնի կողմից Դավիթ Պետրոսյանի վիրավորվելու ժամին և նշված վայրում ինչպես են ոստիկանները Մակարով տիպի ատրճանակից /որից զոհվել է Դավիթ Պետրոսյանը/ դիմահար կրակում ցուցարարների ուղղությամբ: Նախաքննական մարմինը չի փորձել պարզել կրակող ոստիկանների ինքնությունը և ոստիկանական այն ստորաբաժանման մասին, որը նշված ժամին գտնվել է նշված վայրում:
Բացի նշված տեսագրությունից տրամադրվում է նաև Դավիթ Պետրոսյանի մոր վկայությունը, որտեղ նա նշում է, որ իր որդին սպանվել է ոստիկանների կողմից, իսկ նախաքննական մարմինը զոհվածի մարմնից հայտնաբերելով կրակված փամփուշտը, իբր չի կարողացել պարզել կրակողի ինքնությունը:
Համադրելով ստացված տեղեկությունները պարզվել է նաև Դավիթ Պետրոսյանի վիրավորվելու ճշգրիտ ժամը' 22.05, և նաև, որ նա վիրավորվել է հեռախոսով նկարելիս, և մեջքից, այսինքն, նա որևէ վտանգ ոստիկանների հանդեպ չէր կարող ներկայացնել:
Կից ներկայացվում է Դավիթ Պետրոսյանի մոր վկայությունը, իր որդու սպանության հանգամանքների մասին:
Արմեն Ֆարմանյան՝ ծնված 1974թ.
Համաձայն դատաբժշկի եզրակացության' նրա դիակի վրա հայտնաբերվել է գլխի ձախ կեսի կողմնա-քունքային շրջանի սալջարդ վերք՝ ոսկրա-հյուսվածքային դեֆեկտով: Մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է գլխի ձախ կեսի կողմնա-քունքային շրջանի սալջարդ վերքով:
Դիահերձման ժամանակ գանգից հանվել են օտար մարմիններ: Համաձայն դատաձգաբանական փորձաքննության' Ա.Ֆարմանյանի դիակից հանված պլաստմասսե և մետաղյա մեկական կտորները գործարանային արտադրության «Չերյոմուխա - 7ե տեսակի կրակված փամփուշտի գազային նռնակ է՝ առանձնացած մեկ խցանով: Խցանի վրայի կրակման հետքերը բնորոշ են հատուկ միջոց հանդիսացող «ԿՍ-23ե կարաբիններին: Խցանի գլխային մասի դեֆորմացիան և պատռվածքները կարող էին առաջանալ որևէ պինդ մարմնի հետ բախման կամ որևէ արգելքի միջով անցնելու հետևանքով:
Վիրավորվել է Պարոնյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց:
Արմեն Ֆարմանյանը նույնպես վիրարավորվել և մահացել է տեղում գլխի հետևի մասում ստացած վնասվածքից, այսինքն նա սպանվելու պահին որևէ վտանգ չէր կարող ներկայացնել ոստիկանների համար, և փաստահավաք խմբի ունեցած տվյալներով նա ՙՉերյոմուխա 7՚ տեսակի նռնակից վիրավորվել է փախուստի պահին: Փաստահավաք խմբի տեղեկություններով ոստիկանները Լեո փողոցից անընդմեջ կրակել են և թույլ չեն տվել, որպեսզի քաղաքացիները մոտենան վիրավոր Արմեն Ֆարմանյանին և օգնություն տրամադրեն: Լեո փողոցի շենքի բնակիչների հետ ունեցած զրույցի ընթացքում հաստատվել է նշված փաստը, և նաև այն, որ Արմեն Ֆարմանյանի դիակնին է մոտեցել դիմակավոր մի ոստիկան և ոտքով հարվածելով դիակաին ստուգել է վերջինիս ողջ լինելը: Այնուհետև ցուցարարները վազելով կարողացել են գրկել Արմեն Ֆարմանյանի դիակը և դնելով ավտոմեքենայի կտուրին ժամը 22.22 տեղափոխել են դիահերձարան: Նախաքննական մարմինը հայտնաբերել է դիակը տեղափոխող երիտասարդներին, սակայն նրանցից չի փորձել պարզել թէ ինչ հանգամանքներում է մահացել Արմեն Ֆարմանյանը, որը առիթ է տալիս ենթադրելու, որ ՀՔԾ կողմից ամեն ինչ արվել է կոծկելու վորջինիս մահվան հանգամանքները:
Կից ներկայացվում է նաև Արմեն Ֆարմանյանի հոր և կնոջ վկայությունները, թե ինչպես է նա մահացել և ինչպիսի ճնշումների են նրանք ենթարկվել ոստիկանների կողմից Արմեն Ֆարմանյանի մահվանից հետո: Տրամադրվում է նաև Փաստահավաք խմբի առանձին զեկույցը Չերյոմուխա 7-ից զոհվածների մասին:
Տիգրան Աբգարյան՝ ծնված 1989թ., ոստիկանության ներքին զորքերի թիվ N զորամասի զինծառայող
Համաձայն դատաբժշկի եզրակացության՝ նրա դիակի վրա հայտնաբերվել է 6-րդ ողի մարմնի անցքավոր կոտրվածք, պարանոցային 5-6-7-րդ ողերի բեկորային կոտրվածքներ, ողնուղեղի ջնջխում եւ ամբողջականության գրեթե լրիվ խախտում։ Մահը վրա է հասել ողնուղեղի կարեւորագույն կենսական ֆունկցիաների խանգարումից՝ պարանոցի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստանալու հետեւանքով։ Ելնելով հրազենային վերքերի տեղակայումից՝ մուտքի անցք՝ պարանոցի աջ կեսի առաջին մակերեսին եւ ելքի անցք՝ պարանոցի աջ կեսի հետին մակերեսին կարելի է եզրակացնել, որ կրակոցը կատարվել է մարմնի երկայնական առանցքի նկատմամբ՝ առաջից հետ, քիչ ձախից աջ ուղղությամբ։
Վիրավորվել է Լեո փողոցի «Սվինե որսորդական խանութի մոտ, մահացել է Երեւանի Միքաելյան հիվանդանոցում, 11.04.08թ.՝ առանց գիտակցության գալու:
Փաստահավաք խումբը չնայած առանձին զեկույցով անդրադարձել է Տիգրան Աբգարյանի մահվանը սակայն հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ ժամկետային զինծառայողներին օգտագործել ցույցեր ցրելու ժամանակ և 1033 զորամասի ժամկետային զինծառայողների ներկա գտնվելը նշված վայրում հակասում է ՀՀ օրենքներին և նման հրաման արձակելը քրեորեն պատժելի արարք է: Այս մասին նախաքննական մարմինը լռում է, դեռ ավելին մինչ օրս չի պարզվել Տիգրան Աբգարյանի վիրավորվելու ճշգրիտ վայրն ու ժամը, քանզի նրա կողքին գտնվող զինծառայողները տվել են իրարամերժ ցուցմունքներ: Փաստահավաք խմբի տվյալներով Տիգրան Աբգարյանի կողքին գտնվող նրա ընկերը Մարտի մեկից հետո անմիջապես զորացրվել է հոգեկան խանգարում ստանալու պատճառով: Փաստահավաք խումբը փորձել է զրույցի կանչեն նշված զինծառայողին, սակայն նախաքննական մարմինը վերջինիս չի ներկայացրել վկայություն տալու պատճառաբանելով, որ նա հիվանդ է:
Տիգրան Աբգարյանի սպանության մասին, որևէ կոնկրետ ցուցմունք տվող չի եղել, այն դեպքում, որ նրա կողքին կանգնած են եղել հարյուրավոր զինվորականներ, և հնարավոր չէր չնկատել նրան վիրավորելու պահը: Չի կազմվել ֆոտոռոբոտ հավանական մարդասպանի դիմագծերով, որի կրակոցից հնարավոր է սպանված լիներ Տիգրան Աբգարյանը: Փաստահավաք խմբի ուշադրությանն է արժանացել այն փաստը, որ բացի Տիգրան Աբգարյանից, որևէ այլ զինվորական կամ ոստիկան Մարտի մեկին հրազենային վնասվածք չի ստացել, ոչ էլ հրազենից վնասվել է որևէ ոստիկանական սաղավարտ, ավտոմեքենա և պաշտպանից շիթ, կամ որևէ ոստիկանական իր, որը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ ցուցարարների կողմից որևէ կրակոց չի արձակվել:
Զաքար Սարիբեկի Հովհաննիսյան՝ ծնված 1977թ.
Համաձայն դատաբժշկի եզրակացության՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք՝ որովայնի առաջային մակերեսին: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը:
Դիահերձման ժամանակ նրա մարմնից հանվել է 9մմ տրամաչափի 1 գնդակ, որը, համաձայն դատաձգաբանական փորձաքննության, գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս՝ կրակված գնդակ է: Դրա վրայի կրակման հետքերը բնորոշ են «ՊՄե ատրճանակից կրակված հետքերի:
Վիրավորվել է Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ:
Զաքար Հովհաննիսյանը Մարտի մեկի դեքերի ժամանակ սպանվածներից միակն է, ով սպանվել է Արտակարգ դրությունը հայտարարելուց հետո' այսինքն Մարտի երկուսին ժամը 01.40-ին Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց, իսկ փաստահավաք խմբի ունեցած տվյալներով այդ ժամին շուկայի դիմաց գտնվել են միայն ոստիկանները: Զաքար Հովհաննիսյանի քրոջ խոսքերից նա Միասնիկյանի արձանի մոտ է իջել փնտրելու իր հարևանին Դավիթ Պետրոսյանին /ով նույնպես զոհվել է մարտի մեկին/ վերջինիս կնոջ խնդրանքով: Դավիթ Պետրոսյանի կինը' Լիլիթ Հունանյանը, տեսնելով որ ամուսինը ուշանում է խնդրել է Զաքար Հովհաննիսյանին, որպեսզի նա գնա և փնտիր ամուսնուն: Նշված փաստը հաստատել է նաև Լիլիթ Հունանյանը:
Մեր տրամադրության տակ է նաև մի տեսագրություն, որտեղ Մարտի 2-ին Մաշտոցի շուկայի մոտ ցուցարարները տեղափախում են մի վիրավոր երիտասարդի: Ուսումնասիրվել է նաև Մարտի մեկի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ԱԺՄ անդամ Արտավազդ Վարդանյանի առանձին զեկույցը կապված Զաքար Հովհաննիսյանի սպանության հետ, որը չի ներառվել Նիկոյանի հանձնաժողովի ընդհանուր զեկույցում, որից հետո ԱԺՄ անդամը հրաժարվել է ստորագրել Նիկոյանի զեկույցը: Նշված առանձին զեկույցում նշվում է հավանական այն չորս ոստիկանների անունները, ովքեր կրակել են Զաքար Հովհաննիսյանի ուղղությամբ: Նախաքննական մարմինը չհաշված նրան որ զոհվածի մարմնից հանվել է Մակարով տիպի ատրճանակի փամփուշտը, այդ չորս ոստիկանների միջից չի կարողացել պարզել թէ ում ատրճանակից է կրակված եղել:
Եզրակացություն
Ուսումնասիրելով Մարտի մեկի զոհերի սպանության հանգամանքները եկանք հետևյալ եզրակացության
1.ՀՀ պատկան մարմինները միտումնավոր չեն կատարել Մարտի մեկի սպանությունների դեպքի վայրի պատշաճ տեղազննություն, մասնավորապես ընդհանրապես չեն տեղազննվել Լեո և Պռոշյան փողոցները: Նախաքննությամբ հայտնի է, որ միայն Լեո փողոցում գրանցվել է մեկ զոհ և մի քանի տասնյակ վիրավոր, որոնցից մի քաղաքացի իր տան պատշգամբում վիրավորվել է գլխին հրազենից արձակված կրակոցից: Պռոշյան փողոցում ևս նախաքննությամբ հաստատվել է, որ եղել են վիրավորներ:
2.Մարտի մեկին ունենալով 200-ից ավելի վիրավոր և 10 զոհ տեղազննության ընթացքում արյուն հայտնաբերվել է ընդամենը չորս վայրում, իսկ մնացած վայրերում ոչ մի արյուն չի հայտնաբերվել: Քրեական գործով ապացուցվել է, որ տեղազննության ենթարկված տեղամասերից, այնտեղ որտեղ կանգնած են եղել ցուցարարները' Միասնիկյանի արձանից մինչև Վ.Սարգսյան փողոց, ոչ մի փամփուշտ կամ պարկուճ չի հայտնաբերվել, իսկ այնտեղ որտեղ կանգնած են եղել ոստիկանները հայտնաբերվել է 1000-ից ավելի փամփուշտ և պարկուճ: Հաշվի չառնելով այս փաստը նախաքննական մարմինը փորձել է ձեռք բերել կեղծ փաստեր ապացուցելու համար, որ իբր ցուցարարների միջից եղել են կրակոցներ, սակայն այդպես էլ չի կարողացել ապացուցել այս վարկածը:
3.ՀՀ պատկան մարմինների կողմից չեն ստեղծվել ֆոտոռոբոտներ, որոնցով հնարավոր կլիներ ճշտել սպանություն կատարած անձանց մոտավոր դիմագծերը: Հարցաքննվածներից չեն պարզել կրակողների ինքնությունն ու նրանց գործողությունները:
4.Չեն հարցաքննվել այն վկաները որոնք կարող էին սպանությունների մասին տալ արժեքավոր տեղեկություններ, մասնավորապես քննչական խմբի տեսադաշտից դուրս են մնացել զոհվածների ծնողների վկայությունները, ինչպես նաև այն մարդկան վկայությունները ովքեր գտնվել են զոհվածների կողքին դեպքի ժամանակ /զոհվածների մեծամասնությունը դեպքի ժամանակ եղել են իրենց ընկերների և հարազատների հետ միասին/:
5.Այն ոստիկանները որոնք գտնվել են Մարտի մեկի անմիջական դեպքի վայրում, որևէ արժեքավոր վկայությաուն չեն տվել սպանությունների մասին, որը առավել կասկածելի է, քանի որ բոլոր սպանությունները կատարվել են ոստիկաններից մի քանի մետր հեռավորության վրա և նրանց տեսադաշտում:
6.Ոչ մի ոստիկան ցուցմունք չի տվել այն մասին, որ ոստիկանները զինված են եղել մարտական փամփուշտներով և կրակել են:
7.Որևէ բարձրաստիճան ոստիկան, չի հարցաքննվել ոստիկանական գործողությունների հրաման տալու և ոստիկանական զորքերի տեղաշարժերի մասին:
8.Բանակի և ԱԱԾ որևէ սպա, կամ ՊՆ զինծառայող ընդհանրապես չեն հարցաքննվել, չհաշված այն հանգամանքին, որ Մարտի մեկին ամբողջ օրվա ընթացքում ԱԱԾ աշխատակիցները և ծպտյալ ոստիկանները գտնվել են ցուցարարների մեջ, որը ապացուցվում է, ինչպես պետական հեռուստատեսությամբ ցուցադրված գաղտնի տեսագրություններով, այնպես էլ գործի նյութերում առկա, այն փաստերով, որ որոշ ոստիկանները փոխել են իրենց համազգեստները և շրջել են ցուցարարների մեջ:
9.Գործով հաստատվել է, որ որևէ ոստիկան հրազենային վնասվածք չի<
